ՍՏԵՓԱՆՅԱՆ․ ԱՐՑԱԽԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳՐԻ ՉԵՂԱՐԿՄԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ
Հուվարի 1-ին կլուծարվի արդյո՞ք Արցախի Հանրապետությունը։ Հարցը, թերևս ամենաշատն է քննարկվում այս օրերին, քանի որ 2023 թվականի սեպտեմբերի 28-ին մամուլում շրջանառվեց նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանագիրը՝ «2024 թվականի հունվարի 1-ից Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ» բովանդակությամբ։
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը կարծում է, որ նախագահի հրամանագրի չեղարկման պաշտոնական տեղեկատվություն լինելու է, քանի որ ակնհայտ հակասահմանադրական հրամանագիրն իր էությամբ առ ոչինչ է։
«Որովհետև նաև Արցախի Հանրապետության նախագահը Երևանում հայտարարեց, որ մեկ անձը չի կարող մեկ ստորագրությամբ լուծարել կամ դադարեցնել համաժողովրդական հանրաքվեով ձևավորված հանրապետությունը»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Արցախի ՄԻՊ-ը։
Գեղամ Ստեփանյանն իրավական տեսանկյունից նշեց, որ հրամանագրերն, ըստ էության, ուժի մեջ են մտնում հրապարակման պահից, սակայն, որևէ անգամ այդ հրամանագիրը Արցախի իրավական ակտերի դատաբազայում չի հրապարակվել։
«Իրավական տեխնիկայի տեսանկյունից որևէ ձևով նման հրամանագիր չի մտել։ Բայց, ամեն դեպքում, նման հրամանագրի վերաբերյալ տեղեկատվություն տարածվել է և կարծում եմ՝ չեղարկման վերաբերյալ ևս պետք է լինի։ Իմ գնահատմամբ, հարցը ոչ թե իրավական, այլ ավելի շատ տեղեկատվական դաշտում է, որովհետև ուժի սպառնալիքի տակ նման հայտարարությունը՝ տրամաբանորեն և բնականորեն հանրությունն ակնկալում է դրա չեղարկման և կամ դրա գոյություն չունենալու մասին հավելյալ տեղեկատվություն»,- նշեց նա։
Ստեփանյանն անդրադարձավ նաև հանրության լայն շրջանում քննարկվող Արցախ հետվերադարձի շուրջ խոսակցություններին։ «Բռնագաղթից հետո ես առիթ ու հնարավորություն եմ ունեցել տարբեր միջազգային դերակատարների, Հայաստանում հավատարմագրված դեսպանատների ներկայացուցիչների հետ այս հարցի շուրջ քննարկումներ ունենալ։ Իհարկե՛, վերադարձի հետ կապված մենք այլ, իրենք այլ պատկերացում ունեն։ Բայց որ այս թեման չպետք է փակվի, դրանում մեծ անելիք ունենք, սա իմ համոզմունքն է»,- ասաց մեր զրուցակիցը։
Վերադարձի պայմանների մասին տարբեր քննարկումների ժամանակ, հատկապես միջազգային դերակատարներին հետ Արցախի ՄԻՊ-ը բացառել է հետ վերադառնալու դեպքում՝ ադրբեջանական դրոշների, ոստիկանական կամ ուժային կառույցների վերահսկողության ներքո ապրելը, վստահեցրել, որ նման դեպքում որևէ արցախցի չի վերադառնա։
«Ուստի հակառակ պարագայում անիմաստ ու անտրամաբանական էր հազարավոր մարդկանց ուղղակի մի քանի օրվա ընթացքում ամեն ինչ թողնելը և դուրս գալը հայրենիքից։ Հանգամանքը, որ ընդամենը մի քանի օրվա ընթացքում Արցախի ամբողջ հայությունը ցեղասպանվելու վտանգի ներքո ուղղակի թողել ու լքել է իր հայրենիքը, պետք է ցուցիչ լինի, որ մարդկանց մոտ օբյեկտիվ և լեգիտիմ մտահոգություն և վախ կա սեփական հայրենիքում արժանապատիվ ապրելու համար»։
Ըստ այդմ, վերադարձի պայմաններն, ըստ Ստեփանայանի, նախ և առաջ պետք է ընդգրկեն միջազգային երաշխավորված անվտանգային երաշխիքներ, այդ թվում՝ միջազգային ներկայություն Արցախում։
«Պետք են այնպիսի գործողություններ, որոնք հիմք կհանդիսանան և իրապես մարդկանց համար վստահելի կլինեն արժանապատիվ կյանք կառուցելու համար. սա է մեր տեսակետը և մեր դիրքորոշումը։ Իհարկե՛, մանրամասների շուրջ կարելի է քննարկումներ ունենալ, բայց առաջնայինը՝ միանշանակ անվտանգությունն է և երաշխավորված իրավունքներով Արցախում ապրելը»,- ընդգծեց Գեղամ Ստեփանյանը։
Հունան Թադեվոսյան, MediaHub