ԶԱԽԱՐՈՎԱՆ ԵՎ ՇՈՅԳՈՒՆ «ՓՈՓՈԽՎՈՂ ԱՇԽԱՐՀՈՒՄ». Ո՞ՒՄ ՀԱՄԱՐ ԵՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՊԱՀՊԱՆՈՒՄ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐՆ ԱՐՑԱԽՈՒՄ
Հոկտեմբերի 12-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Հայաստանում հակառուսական տրամադրությունների բորբոքումը տեղի է ունենում արհեստականորեն: Եվ դրանում մեղադրեց հասարակական կազմակերպություններին, որոնք նպատակադրված են «հող ստեղծել հակառուսական տրամադրությունների համար և նախապատրաստել ԱՄՆ-ի, Եվրամիության ու ՆԱՏՕ-ի շահերի առաջմղումը»։ Միևնույն ժամանակ Լավրովը համոզված է, որ «հայ ժողովուրդն իր ճնշող մեծամասնությամբ շահագրգռված է Ռուսաստանի հետ ավանդական, պատմականորեն եղբայրական կապերի զարգացման հարցում»:
Այն փաստը, որ արևմտյան դրամաշնորհներով գործող բազմաթիվ ՀԿ-ների գլխավոր խնդիրը հայ հասարակության մեջ հակառուսական տրամադրությունների տարածումն ու Հայաստանի դուրսբերումն է ռուսական ազդեցությունից, հայտնի է բոլորին և չի վիճարկվում: Վաղուց ժամանակն է այլ հարցադրում կատարել. իսկ ի՞նչ է դրան հակադրում ինքը՝ Ռուսաստանը։ Եթե, իհարկե, մտադիր չէ զիջել իր դիրքերը։
Դիտարկումները բացահայտում են իր հակասականությամբ արտահայտիչ պատկեր: Ռուսաստանյան բազմաթիվ քաղաքագետներ և հասարակական գործիչներ անկեղծ ցավով են խոսում հարաբերությունների խոր ճգնաժամի մասին, քննադատում Հայաստանի իշխանությունների հակառուսական քաղաքականությունը, բայց ընդ որում ընդունում են բուն Ռուսաստանի սխալներն ու թյուր հաշվարկները։ Բաց թողածը լրացնելու Մոսկվայի փորձերը հանրային դաշտում ակնհայտ են, ինչպեսև կամուրջները վերջնականապես չայրելու և անդարձելիության անդունդ չգլորվելու ջանքերը։
Բայց այդ ջանքերն ակնթարթորեն մի քանի մեծ քայլ հետ են նետում իրավիճակը՝ բարձրաստիճան պաշտոնյաների մեկ անզգույշ ու անմտածված հայտարարությունից հետո։ Հատկապես, երբ վերջիններս չեն ցանկանում հասկանալ հայ ժողովրդի ազգային աղետի ծայրահեղ ցավոտությունն ու խորությունը։
Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ամենահամոզված կողմնակիցներն անգամ խոստովանում են, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մոտ սովորություն է դարձել սկանդալային և հաճախ իրողություններին հակասող հայտարարություններ հնչեցնել Հայաստանի հասցեին: Դէ, ՀՀ իշխանությունների պարագայում ամեն ինչ պարզ է. այստեղ, այսպես ասած, անհամարժեքության և բռիության հավասարակշռությունը պահպանվում է։ Տարօրինակ է մեկ այլ բան. այն, որ ՌԴ ԱԳՆ-ը համառորեն չի ցանկանում զատել հատիկը որոմից, կտրականապես հրաժարվում է ընդունել հայ ժողովրդի, հենց ժողովրդի, այլ ոչ իշխանությունների հետ հարաբերությունների վատթարացման պատճառ դարձած սեփական սխալներն ու բացթողումները։
Տհաճորեն զարմացնում է նաև Ռուսաստանի պես տերության դիվանագետների պատրաստակամությունը՝ իջնելու Հայաստանում իշխանությունը զավթած խուլիգանների և տգետների մակարդակին։ Հասկանալի է, որ այդ մարդիկ են այսօր ներկայացնում պաշտոնական Երևանը, և դա հայ ժողովրդի դժբախտությունն ու խայտառակությունն է։ Բայց իր երկրի շահերը հստակ ու պրոֆեսիոնալ կերպով, կոպիտ ու թունոտ արտահայտությունների գործածման մակարդակի չիջնելով պաշտպանելու փոխարեն, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն իր պահվածքով, հակառակը, նպաստում է հակառուսական տրամադրությունների բորբոքմանը։
Ապշեցուցիչ է, բայց Ռուսաստանը մինչ օրս այդպես էլ չի ընդունել սեփական մեծ մեղքը նրանում, ինչ տեղի ունեցավ Արցախի ժողովրդի հետ։ Եվ շարունակում է գանգատվել ու մեղադրել բոլորին՝ Փաշինյանին, ԱՄՆ-ին, Ֆրանսիային, Արևմուտքին ընդհանրապես (բայց ընդ որում ոչ մի դեպքում՝ Ադրբեջանին), թեև փաստը մնում է փաստ. Արցախում հենց Ռուսաստանի խաղաղապահ զորքեր էին կանգնած։ Եվ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո հենց ՌԴ-ն է ստանձնել արցախահայության անվտանգության ապահովման առաքելությունը։
Այո, Փաշինյանի հանցավոր ռեժիմն է գլխավոր պատասխանատուն հայ ժողովրդի հետ վերջին 5 տարիներին տեղի ունեցած ամենի համար, այո, Արևմուտքն, անշուշտ, մեղքի իր բաժինն ունի։ Բայց արցախցիները 44-օրյա պատերազմից հետո Հայրենիք վերադարձան բացառապես այն պատճառով, որ նրանց պաշտպանության երաշխիքներ տվեց Ռուսաստանը, և նրանք հավատացին Ռուսաստանին։ Ոչ միայն պատերազմից հետո ստեղծված իրողությունների, այլև պատմական ու հոգեկերտվածքային բնույթի բազմաթիվ պատճառների բերումով: Դա ժխտելն անհնար է։
Սակայն հենց այդ ժխտման գիծն է վարում տիկին Զախարովան՝ մեկը մյուսի հետևից դժգոհություններ հնչեցնելով աշխարհի բոլոր երկրների հասցեին, բացի իր երկրից և, կրկնեմ, Ադրբեջանից։ Այդ թվում՝ երբեմն իրեն թույլ տալով իրականության հետ ընդհանուր ոչինչ չունեցող հայտարարություններ, որոնք սովորաբար հնչում են բացառապես Բաքվից։
Այսպես, դեկտեմբերի 14-ի նրա հայտարարության մեջ կար հետևյալ արտահայտությունը. «Բացասաբար անդրադարձավ (9.11.2020թ. համաձայնագրի կատարման վրա-Մ.Գ.) նաև հայկական կողմից Լաչինի միջանցքի օգտագործումը Ղարաբաղին սպառազինություն մատակարարելու համար՝ խախտելով եռակողմ պայմանավորվածությունները, և Երևանի անպատրաստությունը՝ ապահովելու հայկական զինված ստորաբաժանումների լիակատար դուրսբերումը տարածաշրջանից, ինչն էլ մեծապես հանգեցրեց սույն թվականի սեպտեմբերին տեղի ունեցած մարտական բախումներին»։
Ահա այսպես։ Իննամսյա դաժան շրջափակման, Ադրբեջանի կողմից նոյեմբերյան համաձայնագրի մի շարք կետերի չկատարման, Բաքվի ագրեսիայի անթույլատրելիության մասին ոչ մի բառ տեքստում չկա։ Փոխարենը կան ադրբեջանական քարոզչության սուտ կաղապարները՝ Արցախ ներկրվող զենքի, «հայկական զինված ստորաբաժանումների» առկայության մասին, ինչը, ըստ Զախարովայի, «մեծապես» հանգեցրել է ավելի քան 100 000 հայերի ցեղասպանության և տեղահանման…
Դժվար է բառեր գտնել, որպեսզի ընդունելի արտահայտությունների շրջանակներում գնահատական տանք այս հայտարարությանը։ Ուստի մեկ հարց կտամ ՌԴ ԱԳՆ խոսնակին. այդ ինչպե՞ս է Երևանից զենք բերվել Արցախ, եթե հանրապետության մուտքը ամբողջությամբ վերահսկում էին ռուս խաղաղապահները։ Ստացվում է, որ նրանք ա՞չք են փակել «Ղարաբաղ զենք մատակարարելու» վրա։ Իսկ ուրիշ ինչպե՞ս, Մարիա Վլադիմիրովնա: Չէ՞ որ Ալիևի սուտը կրկնելով՝ պետք է նաև կարողանալ ինչ-որ կերպ բացատրել դա։ Թե՞ գլխավորը ինչ-որ բան բլթացնելն է, միայն թե հնարավորինս ցավոտ աքացի տաք Փաշինյանին։
Եվ մենք պետք է հավատանք, թե ահա այսպիսի մոտեցմամբ ՌԴ ԱԳՆ-ն անկեղծորեն ձգտում է բարելավե՞լ հարաբերությունները Հայաստանի և հայ ժողովրդի հետ։
Հասկանալի է, որ հիմա Ռուսաստանին շատ է պետք բարեկամությունը Թուրքիայի հետ, որ գլոբալ շահերը ստիպում են Մոսկվային զոհաբերել Հայաստանի հետ հարաբերությունները։ Հասկանալի է, որ Արցախը Ադրբեջանին հանձնելու որոշումը տարածաշրջանում ընթացող աշխարհաքաղաքական խոշոր խաղի հետևանք էր, և որ հայերն են առաջին հերթին մեղավոր այսչափ ապիկար ու ազգադավ իշխանություն ունենալու համար: Մենք չենք կարող պահանջել, որ ռուսներն ավելի շատ հայ լինեն, քան ինքներս, և հասարակության սթափ դատող հատվածը գերազանց գիտակցում է այդ ամենը։
Բայց որտեղի՞ց այդպիսի անտաշություն, բռիություն և նույնիսկ դաժանություն այն ժողովրդի հանդեպ, որը դարեր շարունակ ամենաբարյացակամն է եղել Ռուսաստանի նկատմամբ տարածաշրջանում։ Ինչո՞ւ ցուցադրել սեփական քաղաքական գերակայություններն այդչափ քամահրաբար և նույնիսկ ցինիկորեն: Ինչպե՞ս կարող է պաշտպանության նախարար Շոյգուն հայ ժողովրդի ողբերգությունից ընդամենը 3 ամիս անց հայտարարել, թե « փոփոխվող իրավիճակում ռուսական զորախմբերը շարունակում են մնալ խաղաղության պահպանման հիմնական երաշխավորը Սիրիայում և Ղարաբաղում»: Իսկ հաջորդ օրը նրա ասածը կրկնում է գլխավոր շտաբի պետ Գերասիմովը. «Մեր զորակազմը շարունակում է կատարել առաջադրանքները՝ որպես խաղաղ կյանքի կառուցման և բնակիչների տարածաշրջան վերադարձի հնարավորության երաշխավոր»…
Մենք, բնականաբար, չենք պատրաստվում պարտադրել ռուս պաշտոնյաներին մեր պատկերացումներն այն մասին, թե ինչպես պիտի խոսեն ու պահեն իրենց այն ժողովրդի հետ, որին իրենք արդարացիորեն համարում են բարեկամ։ Բայց վաղուց ժամանակն է զատել ժողովրդին ու հասարակությանը իշխանություններից և հասկանալ, որ Փաշինյանի ռեժիմի քաղաքականությունը կրում է ոչ միայն հակառուսական, այլև առաջին հերթին հակահայկական բնույթ։
Իսկ սկզբի համար՝ հասկանալ, որ ավելի քան 100.000 տանջահար մարդիկ խաղագնդակ չեն, որը կարելի է մի քանի ամիսը մեկ տշել այս ու այն կողմ՝ «խաղաղ կյանք երաշխավորելով», իսկ իրականում՝ կրկին ու կրկին ենթարկելով ցեղասպանության ու ագրեսիայի վտանգի։ Վաղուց ժամանակն է՝ ընդունել մեղքի սեփական բաժինը կատարվածի մեջ և ճիշտ խոսքեր գտնել բացատրության համար: Դադարել նետել այնպիսի բառեր, որոնք կարող են հանգեցնել անդառնալի գործընթացների: Այլևս չտալ երաշխիքներ, որոնք անկարող եք կատարել…
Մի խոսքով, ժամանակն է՝ վարվել այնպես, ինչպես վայել է ավանդական բարեկամին ու դաշնակցին, անգամ եթե պատմության այս փուլում ստիպված եք եղել այլ քաղաքականություն վարել։