Կոնստանտին ԶԱՏՈՒԼԻՆ․ ԱՅՍՕՐ ԴԺՎԱՐ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՍԿԱՊԵՍ ԴԱՇՆԱԿՑԱՅԻՆ ԱՆՎԱՆԵԼ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Alpha News-ի ուղիղ եթերում ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը մեկնաբանել է Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունները 2023 թվականի վերջ և նշել, որ ներկայիս հարաբերությունները շատ բան են թողնում, և դրանք իսկապես դաշնակցային անվանելը բավականին դժվար է:

 

«Կցանկանայի, որ հարաբերությունները շատ ավելի լավ լինեին, որպեսզի այս Ամանորին մենք հնարավորություն ունենայինք շնորհավորելու միմյանց վերելքի, մեր երկրների հարաբերությունների զարգացման կապակցությամբ, բայց, ցավոք, ես դա չեմ կարող անել։ Անցնող տարին ողբերգական էր Լեռնային Ղարաբաղի և հայ բնակչության համար։ Համոզված եմ, որ մտածող մարդիկ բուն Հայաստանում, և ոչ միայն Հայաստանում, այլ նաև այստեղ՝ Ռուսաստանում, ամբողջ աշխարհում, որտեղ հայեր են ապրում, շատ ծանր են ապրում այս ամենը։ Սա շատ դժվար պատմություն է։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի և Հայաստանի ուղիղ հարաբերություններին։ Այս ամբողջ տարվա ընթացքում մենք հետևել ենք, թե ինչպես է Հայաստանի ղեկավարությունը կաշվից դուրս գալիս, որպեսզի իր բոլոր խնդիրները, այդ թվում՝ իմիջային, տեղափոխի Ռուսաստանի վրա: Խաղալ հայ ժողովրդի հույզերի ու զգացմունքների վրա, որպեսզի իր վրայից հանի պատասխանատվությունը և կատարվածի համար մեղավոր հայտարարի Ռուսաստանին, ինչի հետ ես ոչ մի կերպ չեմ կարող համաձայնել։ Ես ինքս տեսնում եմ Ռուսաստանի գործողությունների թերությունները և նրա հնարավորությունների բացակայությունը։ Սա կնշանակի, որ Հայաստանը պարզապես անկախ, ինքնիշխան երկիր չէ, որը պատասխանատու չէ իր գործողությունների համար։ Իսկ Հայաստանի՝ որպես պետության, գործող իշխանության գործողություններն այն են, որ Հայաստանը պաշտոնապես հրաժարվել է և, ի դեպ, շարունակում է հրաժարվել Լեռնային Ղարաբաղի իր հայրենակիցներից։

Ավելի քան 100 հազար մարդ ստիպված է եղել լքել հարազատ վայրերը և տեղափոխվել Հայաստան։ Մենք բոլորս կարող ենք պատկերացնել, թե ինչ վտանգների, դժվարությունների հետ էր կապված այս քայլը: Մենք գիտենք, որ այս թվի առնվազն մեկ քառորդն արդեն լքել է Հայաստանը։ Եվ, ինձ թվում է, Հայաստանի իշխանությունները, վախենալով այս մարդկանցից, ամեն ինչ անում են, որ նրանց խրախուսեն հեռանալ Հայաստանից։

Ինչպես գիտեք, ինձ արդեն մեկուկես տարի արգելել են մուտք գործել Հայաստան, բայց ես, իհարկե, պահպանում եմ շփումները, հարցնում եմ նրանց, որոնք հնարավորություն ունեն մեկնել Հայաստան կամ վերջին շրջանում եղել են այնտեղ։ Հիմա տեսնում եմ, որ Երևանը ծաղկում է, գոնե արտաքուստ այդպես է երևում։ Տնտեսությունը վերելք է ապրում, այդ թվում նաև այն պատճառով, որ 17000 պատժամիջոցների ենթարկված Ռուսաստանը, այսօր, կարելի է ասել, Հայաստանում ներդրել է և՛ մարդկանց, և՛ փող։ Մեր համաքաղաքացիները Հայաստան են տեղափոխվել Ռուսաստանից՝ իրենց հետ բերելով իրենց հնարավորություններն ու գումարները։ Եվ այս ամենը միասին վերցրած, ներառյալ զուգահեռ ներմուծումները, որոնք իրականացվում են Հայաստանով, յուրատեսակ խթան են դարձել Հայաստանի տնտեսության համար։

Եվ չնայած այն հանգամանքին, որ թվում էր, թե Հայաստանի օբյեկտիվ շահը պետք է լինի Ռուսաստանի հետ հարաբերությունների հաստատումը, Հայաստանի իշխանությունն իր խնդիրը բաժանեց երկու մասի։ Քաղաքական առումով նա ավելի ու ավելի է հեռանում Ռուսաստանից և ցուցադրում է ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները խզելու իր ցանկությունը։ Հայաստանը չի գալիս այս կառույցներում անցկացվող ընդհանուր միջոցառումներին։ Միևնույն ժամանակ նա շրջում է արևմտյան մայրաքաղաքներով՝ հարաբերություններ հաստատելով կոլեկտիվ Արևմուտքի, առանձին արևմտյան երկրների հետ, այդ թվում՝նաև նրանց հետ, որոնք, ռուսաֆոբիայի առումով, ինչպես ասում են, «մնացյալներից առաջ են»: Ընդունում է Էստոնիայի վարչապետին, հանդիպում Զելենսկու հետ և այլն։ Իհարկե, այսօր չի կարելի համարձակվել Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններն իսկապես դաշնակցային անվանել»,- նշել է Կոնստանտին Զատուլինը։

Alpha News