Ռուբեն ՄԵԼՔՈՆՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐԾԵՍ ԱՅՆՔԱՆ ԷԼ ՆԱԽԱՆՁԱԽՆԴԻՐ ՉԷ ԻՐ ՇԱՀԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Alpha News-ի ուղիղ եթերում թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանն ասել է, որ ինքն էլ շատերի նման զգայուն է վերաբերվում ռուս-թուրքական հարաբերություններում ցանկացած շարժի ու նշել պատճառը։

«Սեր, ընկերություն ու նմանատիպ այլ հարաբերություններ քաղաքականության մեջ չկան։ Զգայուն եմ այդ հարցի շուրջ, որովհետև հին կարծրատիպերով եմ շարժվում, երբ բավականին լարված էին թուրք-ռուսական հարաբերությունները և, բնականորեն, ռուսական կողմնորոշումը մեզ համար ավելի ձեռնտու և ավելի տեսանելի էր։ Ռուսաստանից կարող էին հնչել հայտարարություններ, օրինակ, 1993թ հայտարարությունները, մարշալ Շապոշնիկովի հայտարարությունը, որ եթե հանկարծ թուրքական բանակը հատի Ախուրյանը, կսկսի 3-րդ համաշխարհային պատերազմը։

Ես դա համարում եմ Շապոշնիկովի սինդրոմ։ Մենք հիմա՝ 2023 թ-ին, ակնկալում ենք 1993թ մարշալի ոճի հայտարարություն։ Մենք այս ամեն ինչը հասկանալու համար պետք է տեսնենք, թե ինչ իրողություններ են փոխվել Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններում, ինչպիսի շահեր, դերակատարման փոփոխություններ կան, ըստ այդմ՝ ադեկվատ արձագանքենք այս իրողություններին»,- ասել է թուրքագետը։

Ռուբեն Մելքոնյանի համոզմամբ՝ անընդհատ մշտադիտարկման տակ պետք է առնել Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները

«Այն, որ հայ-թուրքական հարաբերությունները մեծապես շաղկապված են ռուս-թուրքական հարաբերությունների հետ, փաստ է։ Մենք անընդհատ պետք է մոնիտորինգի ենթարկենք ռուս-թուրքական հարաբերությունները ու գործենք ադեկվատ, որ մեր շահերը կարողանանք համապատասխանեցնել։ Այլապես մեծ խաղի ընթացքում կարող են հայկական շահերը զոհաբերվել։ Կարո՞ղ ես քո շահը համապատասխանեցնել, ուրեմն կկարողանաս նաև քեզ համար համապատասխան ակնկալիք ունենալ ու այդ ակնկալիքին հասնել»,- ասել է Մելքոնյանը։

Միևնույն ժամանակ, մեր զրուցակիցը փաստել է, որ հակառուսական քարոզ կա Հայաստանում

«Մեր մոտեցումը հիմնականում այդպիսին է, չանտեսենք այն հակառուսական ընդգծված քարոզչությունը, որ կա որոշակի կենտրոններից ու կառույցներից։ Դա եթե դնենք մի կողմ, պետք է զգայունությունը և իրատեսությունը համադրելի լինի։ Չակնկալել, որ Ռուսաստանը իր շահը անտեսելու ու պաշտպանելու է Հայաստանի շահը, մանավանդ, որ Հայաստանը կարծես այնքան էլ նախանձախնդիր չէ իր շահը պաշտպանելու համար»,- եզրափակել է Ռուբեն Մելքոնյանը։

Alpha News