ՍՈՒՏ՝ ԱՌԱՋԱՆՑՈՒՄՈՎ

Օրերս Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտարարեց, որ սեպտեմբերին «ռուս խաղաղապահների միջնորդական ջանքերի շնորհիվ հաջողվել է մեկ օրվա ընթացքում հասնել հրադադարի», և ապահովվել է տեղի հազարավոր բնակիչների անվտանգությունը: Դա ճիշտ է: Բայց սա այն ճշմարտությունը չէ, որի հետ կարող են հաշտվել Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը։ Չէ՞ որ նրա համար չեն իրենք խթանել հակառուսական հիստերիան ապատեղեկատվության իրենց ենթակա բազմաթիվ աղբյուրներում, որպեսզի ընդունեն նման ճշմարտությունը։ Քանզի ամեն ինչ արվել է Արցախում էթնիկ զտման մեջ ռուս խաղաղապահներին մեղադրելու համար…

Հանրային հեռուստաընկերության ամեն ինչ հասկացող հաղորդավարի հետ իր վերջին մտերմիկ զրույցի ընթացքում Փաշինյանը հերթական թույնը կաթեցրեց. թե իբր՝ մի՞թե 9.11.2020-ի եռակողմ հայտարարության մեջ գրված է, որ Ադրբեջանի ագրեսիայի ժամանակ ռուս խաղաղապահները պետք է թաքնվեն ապաստարաններում։ Ահա այդպես, տպավորիչ հայտարարեց Փաշինյանը, մոռանալով, որ յոթ ռուս խաղաղապահներ զոհվել են՝ փորձելով ինչ-որ կերպ պաշտպանել խաղաղ բնակչությանը…

Բայց Փաշինյանին դա չի հետաքրքրում։ Պետք է ենթադրել՝ նա համարում է, որ Եռակողմ հայտարարության մեջ գրված է, թե Նիկոլ Փաշինյանը պետք է ճանաչի Արցախը Ադրբեջանի մաս։ Այնուհետ՝ թե Նիկոլ Փաշինյանը պետք է հրապարակավ հայտարարի, որ Հայաստանը որևէ կերպ չի միջամտի, եթե Ադրբեջանը ագրեսիա ձեռնարկի Արցախի դեմ։ Հետո Եռակողմ հայտարարության մեջ գրված է, թե արդեն Ադրբեջանի ագրեսիայի սկսվելուց հետո Փաշինյանը պարտավոր է ևս մեկ անգամ կրկնել իր հայտարարությունը, որ Հայաստանը ոչ մի կերպ չի միջամտելու... Դե, որպեսզի Արցախում բոլորի համար պարզ լինի, որ Երևանից օգնություն սպասելն անիմաստ է:

Եվ այս ամենից հետո, ըստ Նիկոլի, ռուս խաղաղապահների երկու հազարանոց զորախումբը պետք է, անտեսելով Երևանի դիրքորոշումը, մարտի բռնվեր ադրբեջանական բանակի դեմ։ Դե, որպեսզի Լոնդոնում ինչ-որ մեկը ուրախ շփեր ափերը հաջող իրականացված գործողության առթիվ... Հա, քիչ էր մնում մոռանայինք. Փաշինյանն ընդ որում կառավարության նիստ կանցկացներ ու կասեր, թե Արցախի խաղաղ բնակչությանը ոչինչ չի սպառնում…

Ինչպես դիպուկ նկատել է մեկնաբաններից մեկը, դա մոտավորապես նույնն է, ինչ եթե վաղը Ադրբեջանն ու Թուրքիան հարձակվեն Մեղրիի վրա, Փաշինյանը հայտարարի, թե դա Ադրբեջանի մասն է ու ինքը չի միջամտելու, իսկ հետո վրդովվի, թե ինչու 102-րդ ռազմաբազան ոչ մի կերպ չմիջամտեց:

Մեղրիի օրինակը բերեցինք բնավ ոչ պատահաբար։ Դատելով ամենից, իշխող թիմն այնքան է հմտացել անպատիժ ստախոսության մեջ, որ արդեն խաղում է առաջանցումով։ Այսպես, Հանրային հեռուստաընկերությանը տված հիշյալ հարցազրույցի ժամանակ Փաշինյանը հանկարծ որոշեց ևս մեկ փչոց կրակել այն մասին, թե կարգավորման ամենաիրական տարբերակը եղել է 1999-ին, երբ քննարկվում էր Մեղրին Լաչինի հետ փոխանակելու տարբերակը։

Իրականում Մեղրին Լաչինի հետ փոխանակելու ԵԱՀԿ ՄԽ միջնորդությամբ դիտարկվող որևէ տարբերակ բանակցային սեղանին չի եղել։ Այո, Հեյդար Ալիևը կարող էր նման բան առաջարկել, նրան չէիր արգելի, բայց քանի որ հայկական կողմի համար դա ի բնե անընդունելի էր, Մինսկի խմբի միջնորդները որպես կարգավորման տարբերակ նման նախագիծ չեն առաջարկել։ Քի-Ուեսթը սկզբունքորեն այլ բանի մասին էր: Բայց երբ այսօր Փաշինյանը խոսում է այն մասին, թե եղել է, իբր, կարգավորման նման տարբերակ, մտավախություն է առաջանում, որ նա կանխավ հող է նախապատրաստում մեղավորներ նշանակելու համար։ Այսինքն, եթե զիջելով Անկարայի ու Բաքվի ճնշմանը՝ հանձնի Մեղրին կամ «միջանցքը», ապա հետո կասի, թե իրականում Մեղրին հանձնել են «նախկինները» դեռևս 1999 թվականին