Haaretz․ ՄԵՆՔ ՉԵՆՔ ՀԱՂԹԻ. ՄԵՆՔ ՏԱՆՈՒԼ ԵՆՔ ՏՎԵԼ ԱՅՍ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԳԱԶԱՅԻ ՀԱՏՎԱԾՈՒՄ

Մենք չենք հաղթի. մենք տանուլ ենք տվել այս պատերազմը հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածում՝ Իսրայելի հողում մեր ազգային տունն ունենալու իրավունքի համար, գրել է Haaretz-ը։

«Երբ այս ահավոր պատերազմն ավարտվի, Իսրայելի դրությունն ավելի վատ կլինի, քան կար ՀԱՄԱՍ-ի բարբարոսական հարձակումից հետո։ Բայց կարո՞ղ է արդյոք այս անհաջողությունն ինչ-որ լավ բան բերել։ Գուցե իսրայելա-պաղեստինյան պատերազմի ավա՞րտը։

Հոկտեմբերի 16-ին պաշտպանության նախարարությունը հայտարարեց պատերազմի նպատակները՝ վերջ դնել ՀԱՄԱՍ-ի կառավարմանը Գազայի հատվածում և ոչնչացնել նրա ռազմական պոտենցիալը; վերացնել ահաբեկչության սպառնալիքը Իսրայելի դեմ Գազայի հատվածից; առավելագույն ջանքեր գործադրել պատանդների հարցի և Իսրայելի սահմանների և քաղաքացիների պաշտպանության ուղղությամբ։ Երբ պատերազմն ավարտվի, մենք այս նպատակներից ոչ մեկին հասած չենք լինի։

Հանրային կարծիքի հարցումները ցույց են տալիս, որ մեր գործողությունները Գազայի հատվածում ամրապնդում են ՀԱՄԱՍ-ի կարգավիճակը պաղեստինցիների շրջանում ոչ միայն Գազայի հատվածում, այլև Արևմտյան ափին։ Նրանք, ովքեր ցանկանում էին, որ ՀԱՄԱՍ-ը լինի Գազայի հատվածում, այժմ կստանան այն նաև Պաղեստինի ինքնավարությունում։

Ինչ վերաբերում է պատանդներին, ապա այն, ինչը շատերը համարում էին նրանց ազատման առավելագույն ջանքեր, միայն մասամբ է հաջողությամբ պսակվել. կեսից քիչն է ազատ արձակվել։ Եվ լրացուցիչ մարտերի յուրաքանչյուր օրը սպառնալիքի տակ է դնում գերության մեջ մնացածների մեծ մասի կյանքը։ Եթե նրանց ազատման համաձայնագիր կնքվի, մենք ստիպված կլինենք ոչ միայն ազատել Իսրայելում պահվող բոլոր պաղեստինցիներին, այլև ստիպված կլինենք նաև մեր զորքերը դուրս բերել և պարտավորվել վերջ դնել պատերազմին։

ՀԱՄԱՍ-ի առաջնորդները հիմար չեն, նրանք չեն համաձայնի ավելի պակասին։ Մեր բարեկամները պետք է երաշխիքներ տրամադրեն, որ Իսրայելը չի վերականգնի հարձակումը հետագայում։

Իսրայելի միջազգային դրությունը հասել է աննախադեպ նվազագույնի, ինչը սպառնալիքի տակ է դնում ոչ միայն կապերը բարեկամների, հատկապես Միացյալ Նահանգների, այլև աշխարհի հրեական համայնքների հետ։

Հակառակ այն ենթադրության, թե «Հեզբոլլահը» զսպվում է մեր դեմ հարձակումից, հենց Իսրայելն է զսպվում։ Նրա թուլությունը «Հեզբոլլահի» նկատմամբ հաստատվեց այն ժամանակ, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հասկացավ իրավիճակը և արագ ծանրակշիռ ռազմական ուժ ուղարկեց Միջերկրական ծով։

Իրանի արբանյակներին, սակայն, հաջողվում է խնդիրներ ստեղծել։ «Հեզբոլլահը» Իսրայելի հյուսիսի տասնյակ հազարավոր բնակիչների վերածել է փախստականների իրենց սեփական երկրում, հարավում Եմենի հուսիները փակել են Իսրայելի ծովային կապուղիները։ Այսպիսով, Իսրայելը ստիպված է եղել ընդունել այն, ինչը համարում էր հիմք պատերազմի համար 1956 և 1967թթ.։

Չարդարացնելով պաղեստինցիների բարբարոսական հարձակումները Իսրայելի հարավի համայնքի վրա՝ մենք պետք է դա դիտարկենք որպես նրանց դաժան ազգային պայքարի բարձրակետ Իսրայելի բուն գոյության դեմ՝ որպես հրեա ժողովրդի ազգային տան Իսրայելի հողում։

Իսրայելի մեսիական շարժումը հույս ունի «Աստծո օգնությամբ» հասնել իր նպատակին՝ պաղեստինցիների դիմադրության դադարեցմանը կամ նրանց գոյության ոչնչացմանը՝ բոլոր պաղեստինցիներին քշելով Գազայից և Արևմտյան ափից, ինչը կնշանակի մոտ 5 մլն պաղեստինցիների էթնիկ զտում։

Այնուամենայնիվ, դժվար է պատկերացնել, որ աշխարհը, որը շուտով կստիպի Իսրայելին դադարեցնել պատերազմը Գազայի հատվածում, թույլ կտա դա։

Իսրայելի սկզբնական անհաջողությունը 1973թ. Ահեղ դատաստանի պատերազմի ժամանակ և եգիպտացիների կողմից Սուեզի ջրանցքի հատումը վերականգնեցին Եգիպտոսի պատիվը և հանգեցրին խաղաղության համաձայնագրի ստորագրման։ Իսրայելի կողմից իր պարտության ճանաչումն այս պատերազմում կօգնի վերականգնել պաղեստինցիների ազգային պատիվը, որը ոտնահարվել է 56 տարվա ընթացքում։

Հավանաբար, սա անհրաժեշտ քայլ է այն գործընթացում, որը կհանգեցնի պատերազմի դադարեցման Գազայում և գերիների փոխանակման, որի ընթացքում Իսրայելում բանտարկված բոլոր պաղեստինցիները ազատ կարձակվեն իսրայելցի պատանդների դիմաց, որոնց ճակատագիրը կախված է այն բանից, թե որքան ժամանակ կանցնի, մինչև որ Իսրայելն ընդունի այս իրողությունը։

Իսրայելը ստիպված կլինի ընդունել պաղեստինցիների ինքնիշխան, անկախ պետություն ունենալու իրավունքը և բանակցություններ վարել ցանկացած ղեկավարության հետ, որին նրանք կընտրեն, հակամարտության դադարեցման համար՝ ՄԱԿ բանաձևերի և Սաուդյան Արաբիայի խաղաղության նախաձեռնության հիման վրա»։

News.am