Գրիգոր ԲԱԼԱՍԱՆՅԱՆ․ ԵՐԵՎԱՆԸ ՀԱՍԿԱՑԱՎ՝ ՄՈՍԿՎԱՅԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԿԱՐԳԱՎՈՐԵԼ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը Alpha News-ի ուղիղ եթերում այն համոզմունքն է հայտնել, որ Երևանն էլ հասկացավ՝ Մոսկվայի հետ հարաբերությունները պետք է կարգավորել.

 

«Որոշակի և՛ ներքին, և՛ արտաքին գործոններ ազդեցին, որպեսզի Փաշինյանը մեկնի Սանկտ Պետերբուրգ: Ամեն դեպքում, այն, ինչ կատարվում է գլոբալ աշխարհում, Հայաստանն իր վրա չի կարող չզգալ և այն տենդենցը, որ այսօր կա և ուկրաինական ճակատի հետ կապված, և տարբեր ուղղություններում, հասկանում են, որ հարաբերությունները Ռուսաստանի հետ կարգավորել պետք է»,- ասել է Բալասանյանը:

Մեր զրուցակիցն ընդգծել է, որ Ալեն Սիմոնյանի, ՌԴ դեսպանի հայտարարություններով հիմք նախապատրաստվեց Փաշինյանի՝ Սանկտ Պետերբուրգ մեկնելուն.

«Ալեն Սիմոնյանն ասեց, թե՝ ով է ասում, որ Հայաստանում հակառուսական տրամադրություններ կան, Ռուսաստանի դեսպանը հանկարծ խոսեց նոր ռազմատեխնիկական համագործակցության պայմանագրերի բազայի մասին: Ըստ էության, հիմք նախապատրաստվեց Նիկոլ Փաշինյանի այցի համար: Այցն էլ նշանակալի է նրանով, որ ամրագրում է՝ առաջին հայացքից ՀԱՊԿ-ի հետ խնդիրներ կան, ԵԱՏՄ-ի հետ չկան, բայց չմոռանանք, որ ՀԱՊԿ անդամ պետությունների մեծամասնությունը ԵԱՏՄ անդամ երկրներն են: Այսինքն, սրանով ցույց է տրվում, որ գլոբալ, խորքային խնդիրներ չկան, կա միայն նեղացվածություն: Երևանն էլ է հասկանում, որ միջպետական հարաբերություններում նեղացվածությունը ոչ մի տեղ տանող ճանապարհ է»,- ասել է Գրիգոր Բալասանյանը:

Միջազգայնագետը նշել է, որ սոցցանցերում գրառումներ կատարելով հնարավոր չէր խնդիրները լուծել։

«Հասկացան, որ խնդիրները պարզաբանելու համար պետք է հանդիպել, ոչ թե ֆեյսբուքյան կամ թվիթերյան մակարդակով գրավոր բանավիճել՝ առանց կոնկրետ արդյունք ապահովելու: Հայ-ռուսական հարաբերությունների հետ կապված՝ կարծում եմ, որ տենդենց կարող ենք նկատել հանդիպումից հետո: Դա կապված է նրանից, թե ինչպես կանցնի հանդիպումը: Չեմ կարծում, որ առանձնահատուկ լարված պայմաններում կանցնի Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպումը՝ չնայած խնդիրներ ու հարցեր կան, որոնք պարզաբանման կարիք ունեն: Տնտեսական առումով արդեն՝ Եվրասիական զարգացման բանկը հայտարարել է ընդհանուր ծավալով 2,3 միլիարդ դոլարի Հայաստանի տնտեսության մեջ ներդնման մասին: Բավականին լուրջ և դրական հիմք է ստեղծվել ԵԱՏՄ շրջանակներում քննարկումներ ծավալելու համար, մանավանդ, որ Հայաստանն էլ դառնում է ԵԱՏՄ-ում նախագահող երկիր»,- ընդգծել է մեր զրուցակիցը:

Բալասանյանի կարծիքով՝ հանդիպմանն անխուսափելիորեն քննարկվելու է հայ-ադրբեջանական հարաբերությունների և խաղաղության պայմանագրի ստորագրման հարցը:

«Ես կարևորում եմ սա նրանով, որ, կարծես, առաջին անգամ բավականին երկար ընդմիջումից հետո Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները հանդիպում են ունենալու»,- եզրափակել է Գրիգոր Բալասանյանը:

Alpha News