ԳՐԵԹԵ 500 ԶՈՀ ԵՎ ԴԱՎԱՃԱՆՎԱԾ ԱՐՑԱԽ. ԻՆՉՈ՞Ւ ՍԳԱԼ, ԵՐԲ ԿԱ ՀՐԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆՍԱՆՁ ԽՐԱԽՃԱՆՔ
Դեկտեմբերի 21-ին Պրահայի համալսարաններից մեկում հրաձգության հետևանքով զոհվեց 15 մարդ, վիրավորվեց 25-ը։ Հաջորդ օրը Չեխիայի կառավարությունը սուգ հայտարարեց ողջ երկրում։ Եվ դա իշխանությունների միանգամայն բնական արձագանքն է սեփական քաղաքացիների՝ իրենց հարազատներին կորցրած մեկուկես տասնյակ ընտանիքների ողբերգությանը, որոնց ցավը համազգային ցավ ու վիշտ է։
Սեպտեմբերի 19-30-ն ընկած ժամանակահատվածում հայ ժողովուրդը կորցրեց մոտ 500 հայրենակիցների, ինչպես նաև Հայրենիքի անգին մասը՝ Արցախը: ՀՀ իշխանությունները, թուրքական դրածոների օկուպացիոն ռեժիմի ոգուն լիովին համապատասխան, սուգ չհայտարարեցին։ Իսկ դեկտեմբերի 19-ին՝ Ադրբեջանի հանցավոր ագրեսիայից ուղիղ 3 ամիս անց, որը հանգեցրեց 120 000 հայերի գաղթի և թուրքերի կողմից Արցախի վերջնական բռնազավթման, Երևանում կազմակերպվեց Ամանորյա ճոխ տոնակատարություն. վառեցին ճոռոմ տոնածառի լույսերը Հանրապետության հրապարակում, ինչպես նաև մայրաքաղաքի վարչական շրջաններում փողոցների ու կամուրջների լուսազարդարանքը։
Հրապարակում անցկացված տոնական հանդիսությունը ապշեցրեց մեր համաքաղաքացիներից շատերին. ինչպե՞ս կարող է ազգային աղետ վերապրած ու դեռևս վերապրող, պետականության ու տարածքի կորստի իրական վտանգի առջև կանգնած ժողովուրդն այդքան անմտորեն ու անհոգ ուրախանալ և հրճվել հրավառությամբ, տոնածառի լույսերով, ամանորյա այլ փայլազարդերով:
Ի՞նչ զանգվածային տոնի մասին կարող է խոսք լինել, երբ հարյուրավոր հայ ընտանիքներ դեռ ուշքի չեն եկել մտերիմների կորստից, երբ հայոց Արցախի հողին տիրաբար ոտք է դնում թուրքը՝ ավերելով մեր սրբավայրերը, երբ Բաքվի բանտերում տանջվում են ազգի առաջնորդներն ու մի քանի տասնյակ այլ գերիներ։ Ի՞նչ զվարճանքի մասին կարող է խոսք լինել այն երկրում, որն ընդամենը երեք ամիս առաջ ընդունել է ավելի քան 100 000 փախստականների՝ ամեն ինչ և առաջին հերթին Հայրենիքը կորցրած իր հայրենակիցներին։
Եվս մեկ անգամ հիշեցնեմ Քննչական կոմիտեի հրապարակած վիճակագրությունը, թեև հենց այդ պատճառով դա լիակատար վստահություն չի առաջացնում։
Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով սեպտեմբերի 19-ին Արցախում զոհվել է ավելի քան 200 զինծառայող և խաղաղ բնակիչ: Եվս 12 քաղաքացիական անձ և 30 զինծառայող համարվում է անհետ կորած։ «Առկա են առնվազն 14 անձի խոշտանգման ենթարկելու դեպքեր, որոնցից 12-ը զինծառայող են, 2-ը՝ քաղաքացիական անձ։ Ռազմական գործողությունների հետևանքով սպանվել է 3 երեխա, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 231 զինծառայող և 80 քաղաքացիական անձ»,- ասվում էր հաղորդագրության մեջ։
Օրերս ՔԿ-ն տվյալներ հրապարակեց նաև սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի մոտակայքում վառելիքի պահեստի պայթյունի զոհերի մասին. զոհվել է 218, վիրավորվել՝ 120 մարդ: 218 զոհերից 3-ի ինքնությունը դեռ պարզված չէ։
Այդ պայթյունն ընդհանրապես ինչ-որ ծայրահեղ, ըմբռնման սահմաններից դուրս գտնվող ինչ-որ բան էր: Թե ինչ էր դա՝ ահաբեկչություն, թե պատահականություն, մենք չգիտենք և երբեք չենք իմանա։ Պարզ է միայն, որ 9-ամսյա շրջափակումից, ռազմական ագրեսիայից, Հայաստանի դավաճանությունից և խաղաղապահների անգործությունից հետո առանց այն էլ մղձավանջային վիճակում գտնվող մարդիկ ստիպված էին անցնել դժոխքի ևս մի քանի պարունակ՝ բառացիորեն։ Կան ընտանիքներ, որոնք պայթյունի հետևանքով կորցրել են միանգամից մի քանի հարազատների՝ որդուն, ամուսնուն, եղբորը, հորը։ Այն կնոջ պատմությունը, որը կորցրել է փեսային և որդուն, որից բացարձակապես ոչինչ չէր մնացել գոնե ԴՆԹ-ի փորձաքննություն անցկացնելու համար, տարածվեց ողջ համացանցում, ինչպեսև Ստեփանակերտի մեկ այլ բնակչուհու պատմությունը, որի ընտանիքից զոհվել է միանգամից 4 անդամ:
Արցախցիների խոսքերով, բենզինի չարաբաստիկ հերթում կանգնած էր մայրաքաղաքի արական բնակչության ողջ սերուցքը, 2-3 պատերազմ անցած ու ողջ մնացած, բայց իր անիմաստությամբ ու անողոքությամբ հրեշավոր պայթյունի զարհուրելի կրակի մեջ այրված մարդիկ…
Մեկ շաբաթից էլ պակաս ժամանակահատվածում զոհված 500 մարդկանց մեջ են նաև թուրքերի սպանած 3 երեխաներ։ Նրանցից երկուսի՝ եղբայրների հուղարկավորությունը տեղի ունեցավ Հայաստանում, Մասիսում։ Արցախցիներին միտումնավոր-ցինիկաբար «քույրեր և եղբայրներ» անվանող Փաշինյանի կառավարության ոչ մի ներկայացուցիչ հարկ չհամարեց ներկա գտնվել և իր պատվից ցածր համարեց ցավակցություն հայտնել ծնողներին ու հարազատներին։ Ասենք, իսկ դրանք առհասարակ գիտե՞ն, թե ինչ է կարեկցանքը, ապրումակցումը, սրտացավությունը:
Ազգային ահավոր աղետից հետո սգո ոչ մի օր չհայտարարվեց. շուրջ 500 զոհերն ու կորսված Արցախն ամենևին էլ վշտի պատճառ չեն դավաճանների ոհմակի համար: Ինչպես որ ավելի վաղ սուգ չհայտարարվեց 2022 թվականի սեպտեմբերին, երբ սահմանային մարտերի ընդամենը 2 օրվա ընթացքում սպանվեցին 224 հայ զինվորներ, որոնք պաշտպանում էին Հայրենիքը, այդ թվում ՝ իշխող հանցախմբի անդամների անվտանգ ու բարեկեցիկ կյանքը։ Ինչպես որ սուգ չհայտարարվեց 2023 թվականի հունվարին հրդեհից զոհված 15 հայ զինվորների համար, ինչի պատճառները մինչ օրս չեն նշվել: Ինչո՞ւ պիտի իշխանությունները մի ավելորդ անգամ խոստովանեն, որ նրանց մահվան իրական պատճառը բանակում և ընդհանրապես երկրում տիրող բարդակն է։
... 2020-ի դեկտեմբերին Փաշինյանը ստիպված եղավ եռօրյա սուգ հայտարարել Հայաստանում և Արցախում՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմի զոհերի։ Կասկածից վեր է, որ ո՛չ Նիկոլը, ո՛չ իր թիմնակիցները ցավի ու վշտի նշույլ անգամ չեն ապրել զոհվածների համար, ինչպես որ չեն ապրում հիմա։ Եվ չնչին իսկ կասկած չկա, որ նա դա էլ չէր անի, չնայած մի քանի հազար զոհերին և Արցախի տարածքի 75%-ի հանձնմանը։ Պարզապես ժամանակն ու հայ հասարակությունն այն ժամանակ այլ էին՝ դեռևս ողջամիտ։
ԱՅԴ ԺԱՄԱՆԱԿ ՆԱ ՉԿԱՐՈՂԱՑԱՎ ԽՈՒՍԱՓԵԼ ՍՈՒԳ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒՑ։ Այսօր այդ առումով խնդիր չկա. երեք տարվա ընթացքում ՔՊ-ի թուրքական ոհմակը մեծ հաջողությունների է հասել հայ հասարակության մանկուրտացման և ապամարդկայնացման գործում, որը Արցախի ողբերգությունից և 500 հայրենակիցների կորստից ընդամենը 3 ամիս անց ուրախ նշում է տոնածառի լույսերի վառումը և հրճվում գունագեղ հրավառությամբ…
Ոչ, խոսքը, իհարկե, հավերժական սգի մասին չէ։ Հասկանալի է, որ երեխաներին տոն է պետք, իսկ մեծահասակներին անհրաժեշտ է գոնե մի քիչ հանգստանալ անվերջանալի ստրեսներից։ Եվ Ամանորն էլ, բնականաբար, ոչ ոք չի չեղարկել։ Բայց սգո մշակույթը, ինչպեսև զվարճանքի մշակույթն ունեն իրենց բարոյական և մարդկային կանոններն ու նորմերը, որոնք մեր պարագայում լիովին և դիտավորյալ ոտնահարվել են: Վշտի, մահվան, կորուստների, ողբերգությունների վրա ընթացող ինչ-որ սատանայական վհուկատոնի բացարձակ զգացողություն է, որի մեջ մեզ ներքաշում են միանգամայն գիտակցաբար և նույնքան ակնհայտ սատանայական նպատակներով…
Ասենք, բավական է նայել միայն մեկ լուսանկարի, որպեսզի գիտակցենք հասարակական հետադիմության և բարոյական անկման ողջ խորությունը. մեր ժամանակների ականավոր կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը ուրախությամբ ինչ-որ մրցանակ է ընդունում թուրքական հանցախմբի ամենանշանավոր անդամներից մեկի՝ Տիգրան Ավինյանի ձեռքից, և պատրաստ է գրեթե մեջքը ծռած խոնարհվել այդ ոչնչության առաջ՝ ընդամենը մի էժանագին մեդալի դիմաց...
Նա չի ամաչում, ամենևին: Իսկ մե՞նք։