«Ժողովուրդ». ՔՊ-Ի ԴՐԱՄԱՀԱՎԱՔ-ԵՐԵԿՈՅԻՆ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՏԱՐԵԼ 996 ՆՎԻՐԱՏՈՒ
«Ժողովուրդ» օրաթերթը նախկինում գրել էր, որ հուլիսի 31-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաքը, և Հայաստանի բոլոր խոշոր գործարարներին հանձնարարված է եղել կլորիկ գումար հանգանակել իշխող կուսակցության համար: «Ժողովուրդ» օրաթերթը հարցումով դիմել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, խնդրել տալ նվիրատուների ցանկը։ և, ահա, տեղեկացանք, որ ՔՊ-ի դրամահավաք-երեկոյին նվիրատվություն է կատարել 996 նվիրատու, իսկ ընդհանուր գումարը կազմել է 509 մլն 085 հազար 950 դրամ` գրեթե 1 մլն 255 հազար դոլար։
Ամենամեծ քանակի գումարը, որ փոխանցել է մեկ նվիրատուն, եղել է 2 մլն 500 հազար դրամը։ Այսքան գումար փոխանցողները 72 հոգի են։ Այսպիսով, ներկայացնում ենք, թե ովքեր են առավելագույն նվիրատվություն արած անձինք։
Չիլինգարյան Վիգեն Գրիգորիի՝ ՔՊ-ին 2մլն 500 հազար դրամ փոխանցածներից մեկն է: Առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել վերջինիս դեմ, նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկումը՝ 3 տարի ժամկետով։ Դատավոր Մեսրոպ Մակյանը կիրառել էր ՀՀ Ազգային ժողովի կողմից 03.10.2013թ.-ին ընդունված «ՀՀ Անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետը և Վիգեն Գրիգորիի Չիլինգարյանին ազատել նշանակված պատժից։
«Ժողովուրդ» օրաթերթը կշարունակի անդրադառնալ ՔՊ-ի դրամահավաք-երեկոյի նվիրատուների ցանկին՝ պարզելու համար՝ ովքեր են շռայլ գտնվել իշխանությունների նկատմամբ։