Բողոքի ակցիա. «Գոյ» թատրոնի անձնակազմը պահանջում է Ժաննա Անդրեասյանի հրաժարականը
«Գոյ» թատրոնի անձնակազմը բողոքի ակցիա է անում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մոտ և պահանջում է նախարար Ժաննա Անդրեասյանի հրաժարականը։
Թատրոնի բեմադրիչ Սարգիս Արզումանյանի խոսքով` բանն այն է, որ «Գոյ» թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Չոլոյանին երեկ` դեկտեմբերի 25–ին, հեռացրել են պաշտոնից և ժամեր հետո նշանակել մեկ այլ անձնավորության Կարեն Սիմոնյանին, որին թատրոնում ոչ ոք չի ճանաչում։
«Մենք չգիտենք` ով է նա, նույնիսկ դեմքով չգիտենք, միայն նրա անուն–ազգանունն է հայտնի մեզ։ ԿԳՄՍՆ–ից հայտնել են, որ Կարեն Սիմոնյանը թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար կլինի այնքան ժամանակ, քանի դեռ թատրոնի գոյությունը չի կասեցվել»,–ասաց նա։
Արզումանյանի խոսքով` Սարգիս Չոլոյանին հեռացնելու պատճառն այն է, որ նա հետին ամսաթվով չի ստորագրել «Գոյ» թատրոնը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին միացնելու փաստաթուղթը։
Թատրոնի բեմադրիչը մտավախություն ունի, որ տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար հեշտությամբ կկատարի ԿԳՄՍ նախարարության հրամանները և «Գոյ» թատրոնը կհանձնի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են, որ Ժաննա Անդրեակյանը կամ ԿԳՄՍ փոխնախարարներից մեկն իրենց ընդունի, բայց ոչ թե մեկ–երկուսին, այլ ամբողջ անձնակազմին։
Sputnik Արմենիա