ՆԺԴԵՀ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏԵՀԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԹԱԳՆԵԼ Է ՄԵՐ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

«Ադրբեջանի բառերը կրկնողները Ադրբեջանի շպիոներն են Հայաստանի քաղաքական դաշտում»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը, մեկնաբանելով «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչների հայտարարություններն այն մասին, թե Հայաստանում Արցախի պետական ինստիտուտների գործունեությունը սպառնալիք է ներկայացնում։

Իհարկե, նա չափազանցում է։ Լրտեսների պարագայում, հավանաբար, ավելի հեշտ կլիներ։ Իրականում դա մարդկանց առանձնահատուկ տեսակ է, որոնք օժտված են միայն մեկ ունակությամբ. ուրիշներին վերագրել իրենց ձախողումների, այն դժբախտությունների մեղքը, որ պատճառել են իրենց երկրին, նրա քաղաքացիներին։

ԱՅՆՊԵՍ ՉԷ, ԹԵ ԴԱ ԱՆԱԿՆԿԱԼ ԴԱՐՁԱՎ։ Դեռ այն ժամանակ, երբ Փաշինյանն սկսեց իր հաղթական երթը դեպի վարչապետի աթոռ, շատերն էին տալիս ակնհայտ հարցը. կկարողանա՞ արդյոք նա ապացուցել, որ ինքը ոչ միայն ամենքին ու ամենն աջուձախ խարանող բողոքային տրամադրությունների հմուտ առաջնորդ է, այլև պատասխանատու քաղաքական գործիչ։ Պատասխանատու՝ ոչ միայն իր թիմի, այլև լուրջ մարտահրավերների առջև կանգնած երկրի համար։

Հետագան ցույց տվեց, որ թերահավատների կանխատեսումներն իրականացան։ Փաշինյանն ինչպես որ կար բողոքի տրամադրությունների հմուտ առաջնորդ, այդպիսին էլ մնաց։ Պարզապես հիմա նա ուղղում է բողոքը ոչ թե հանրապետության իշխանությունների, այլ իր վիթխարի ծրագրերի իրականացմանը խանգարող մնացյալ ողջ աշխարհի դեմ։

Մեղավոր են «նախկինները», որոնք իրեն այնպիսի ժառանգություն չթողեցին, որպեսզի կարողանար իր համար հանգիստ հարբել կառավարական ամառանոցում, առանց ծանրաբեռնելու ուղեղը երկրի անվտանգության հարցերով։ Համ էլ Արցախը հանձնել են դեռևս 1991 թվականին, բայց խնամքով թաքցրել են… Մեղավոր է Արևմուտքը, որ պատժամիջոցներ չկիրառեց Ալիևի նկատմամբ և չի էլ պատրաստվում դա անել…

Մեղավոր են ռուսները. Հայաստանին մատակարարեցին ընդամենը 10%-ով կրակող անվճար «Իսկանդեր», և չպատերազմեցին Ադրբեջանի հետ, երբ ինքը հայտարարեց, որ Հայաստանը չի միջամտելու Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի դեպքում։ Իսկ հետո կրկնեց այդ բառերը, երբ ագրեսիան արդեն սկսվել էր։

Դե և, իհարկե, ամենից շատ մեղավոր են արցախցիները։ Թույլ չտվեցին, որ ադրբեջանական բանակը իսպառ բնաջնջի իրենց։ Չցանկացան մեծացնել Հայաստանում իշխող թիմի քաղաքական կապիտալը արևմտյան աշխարհի աչքում, որը շռայլորեն կվճարեր ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում ծավալված այդպիսի ողբերգության համար։ Հիմա էլ է վճարում, բայց ժլատորեն…

Եվ ահա հիմա նույն այդ արցախցիները, որոնք, չգիտես ինչու, որոշեցին չդիմադրել մինչև վերջին արցախցին, չնայած Նիկոլի վայ-քարոզիչների այն պնդումներին, թե վարչապետը, իբր, նույնիսկ Արցախի լիակատար շրջափակման պայմաններում հաջողացրել է ծանր սպառազինություն մատակարարել ԼՂՀ պաշտպանության բանակին, այդ նույն «երախտամոռ» արցախցիները դեռ «հանդգնություն» ունեն ցանկանալու, որ իրենց պետական ինստիտուտները պահպանվեն։

Իշխող թիմին դա ձեռնտու չէ. ավելորդ գլխացավանք է։ «Վերջ, դուք արդեն չկաք, դուք ինքներդ ձեզ լուծարեցիք»,- ճղավում են իշխող կուսակցության պատգամավորները բոլոր հնարավոր խոսափողերով, չցանկանալով խոստովանել իրենց գլխավոր պատասխանատվությունը Արցախի ողբերգության համար։

Գարեգին Նժդեհն ասում էր. «Քաղաքական մի կույր պատեհապաշտություն, որ մթագնել է մեր բանականությունը՝ անգամ մի կոպիտ, մի աղաղակող ճշմարտություն տեսնելու. այն է, որ մեր դժբախտությունների համար մեղավոր են ոչ թե բոլորը, բացի մեզնից, այլ նախևառաջ մենք…»։

Ողբերգությունն այն է, որ ձուկը, ինչպես հայտնի է, գլխից է նեխում։ Եթե նման վարքագիծը բնորոշ լիներ միայն Նիկոլին ու իր թիմին, դա դեռ կեսդժբախտություն կլիներ։ Բայց նեխման գործընթացը միայն նրանցով չի ավարտվում։ Քաղաքական մանկամտությունը մետաստազներ է տալիս։ Պատասխանատվությունից փախչելը՝ քողարկվելով դատարկախոսությամբ, սեփական պատասխանատվությունը, սեփական մեղքը ուրիշի վրա բարդելը հայ հասարակության մեջ ընդունված միտում է դարձել Նիկոլ Փաշինյանի օրոք, որը հանուն իշխանության պահպանման այդքան հեշտությամբ հրաժարվեց իր հպարտ հայտարարությունից, թե «Արցախը Հայաստան է, և վե՛րջ», և այսօր, առաջ ընկնելով Ալիևից, համոզում է ողջ աշխարհին, թե «Արցախը Ադրբեջան է» …