Վերոնիկա ԶՈՆԱԲԵՆԴ. «ՌՈՒԲԵՆԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄԱՍՇՏԱԲԻ ԱՌԱՋՆՈՐԴ Է»

Սոցիալական ձեռներեց, Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի տիկնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի բացառիկ հարցազրույցը Մեդիամաքսին։

- Վերոնիկա, շնորհակալ եմ, որ համաձայնեցիք զրուցել։ Սա Ձեզ հետ խոսելու առաջին հնարավորությունն է այս աշնան աննախադեպ իրադարձություններից հետո։ Բոլորս հասկանում ենք, թե որքան դժվար է այս ամենը ձեր ընտանիքի համար, անշուշտ, հեշտ չէ խոսել, թե ինչի միջով եք անցնում: Բնականաբար, առաջին հերթին պետք է հարցնեմ, թե ի՞նչ նորություններ ունեք Ռուբենից։ Ե՞րբ եք վերջին անգամ խոսել իր հետ: Պատկերացում ունե՞ք, թե ինչ պայմաններում են նրան պահում։ Ինչպե՞ս են երեխաները ընկալում տեղի ունեցողը:

-Այո, այս տարին իսկապես ծանր էր, ոչ ոք չէր սպասում, որ նման իրադարձություններ տեղի կունենան։ Մենք չգիտենք, թե որքան արագ իրավիճակը կհանգուցալուծվի։ Ռուբենից էական նորություններ չկան։ Շաբաթը մեկ անգամ մեզ թույլ են տալիս շատ կարճ հեռախոսով խոսել։ Մեզ մտահոգում է, որ միջազգային փաստաբաններին իր մոտ չեն թողնում։

Իհարկե, կարոտում ենք իր հետ շփումը։ Այս շաբաթ կլրանա Ռուբենի կալանավորման երեք ամիսը։ Երեխաները տոկունությամբ դիմանում են այս իրավիճակին, իրենց պարտքն են համարում նեցուկ լինել միմյանց և ինձ: Այս ընթացքում նրանք ավելի են հասունացել։

- Ռուբեն Վարդանյանը ղեկավարել է բազմաթիվ սոցիալական նախագծեր և նախաձեռնություններ։ Որքան գիտեմ, դրանք բոլորը նախագծերը շարունակվում են՝ անկախ նրանից, որ Ռուբենը գտնվում է ադրբեջանական բանտում։ Ինչպե՞ս եք կարողանում իրագործել այդ ամենն առանց նրա:

Вардан Грегорян, Рубен Варданян и Вероника Зонабенд

- Իհարկե, առանց Ռուբենի դժվար է, բայց միևնույն ժամանակ, մեր նախաձեռնությունները շարունակելու անհրաժեշտությունը մեզ համար հենման կետ է դարձել։ Մեզ համար կարևոր է, որ մեր համատեղ նախաձեռնած նախագծերը ապրեն և զարգանան։ Շատ մարդիկ են մեզանից կախված, և մենք պահպանում ենք մեր գործունեությունն այն ծավալով, որքանով ներկայում թույլ են տալիս հանգամանքները: Դա մոտիվացնում և ուժ է տալիս։ Թեև վերջին երկու տարվա ընթացքում մեր կյանքում և աշխարհում շատ բան է տեղի ունեցել, սակայն մեր նախագծերը չեն դադարում, քանի որ դրանք երկարաժամկետ են, դրանց հորիզոնը 20-25 տարի է։ Օրինակ, UWC Dilijan քոլեջը բացվել է 2014 թվականին, իսկ նախագծի իրականացումը սկսել էինք ավելի վաղ, հասկանալով, որ առաջին արդյունքները կարող ենք տեսնել միայն 10-15 տարի հետո։ Եվ միայն հիմա դրանք նկատելի են դառնում։

Իհարկե, չէինք կարող պատկերացնել, որ իրավիճակն այսքան կտրուկ կփոխվի, սակայն այն մասին, որ մենք մտնում ենք «կատարյալ փոթորկի» ժամանակաշրջան, Ռուբենը խոսում էր դեռ 15 տարի առաջ։ Այն ժամանակ դա հնչում էր որպես ինչ-որ ֆուտուրոլոգիական տեսություն, բայց այժմ իրադարձությունները զարգանում են անհավատալի արագությամբ և տանում են դեպի գլոբալ փոփոխություններ բոլոր համակարգերում:

Ինչպե՞ս ենք այս ամենը վերապրում: Տարբեր ձևերով, բայց եթե խոսենք մեր նախագծերի մասին, հույս ունենք, որ կդիմադրենք այս փոթորկին և կկարողանանք իրականացնել դրանք։ Ուրախ եմ տեսնել, որ մեզ հաջողվել է ստեղծել թիմ, որը մեզ աջակցում է, պատրաստ է մնալ նախագծերում և շարունակել աշխատել՝ չնայած բոլոր դժվարություններին։ Իհարկե, հանդիպում ենք նաև հակազդեցությանը և բացասական լուրեր ենք տեսնում լրատվամիջոցներում։ Դա բնական է, հիմա ամեն ինչ սրվել է, այդ թվում՝ Ռուբենի անձի հետ կապված գործընթացները, որոնք նախկինում քողարկված էին։

Եվ այնուամենայնիվ, շատ մարդիկ աջակցում են իրեն, մեր ընտանիքը խորապես երախտապարտ է նրանց բոլորին։ Եղան կոլեկտիվ կոչեր մշակութային գործիչների, ՍԿՈԼԿՈՎՈ բիզնես-դպրոցի ուսանողների և դասախոսների կողմից, ինչպես նաև հարգված մարդկանցից դիմումներն ու հարցազրույցներ, ովքեր վրդովված էին Ռուբենի անօրինական կալանավորումից և կոչ էին անում ազատ արձակել նրան: Վերջերս 150 միջազգային ճանաչում ունեցող մարդասերներ, քաղաքական գործիչներ և գործարարներ բաց նամակ էին ստորագրել՝ ի պաշտպանություն Ռուբենի։

-Ռուբեն Վարդանյանի նախագծերը գործում են ոչ միայն Հայաստանում։ Փոխվե՞լ է ինչ-որ բան այս նախագծերի կառավարման մեջ, շարունակու՞մ են գործել ծրագրերը Հայաստանից դուրս։

- Այո, մեր բոլոր նախագծերը շարունակվում են։ Մեր գործունեությունը միշտ ուղղված է եղել տարբեր երկրների, քաղաքակրթությունների, մշակույթների և սերունդների միջև կամուրջներ կառուցելուն։ ՍԿՈԼԿՈՎՈ կառավարման դպրոցը և «Մատենա» առաջնորդության և մասնագիտական զարգացման միջազգային դպրոցը Ռուսաստանում և Հայաստանում դաստիարակում են առաջնորդների նոր սերունդներ, որոնք ունակ են երկխոսություն հաստատել ամբողջ աշխարհի հետ:

Вардан Грегорян и Вероника Зонабенд

UWC Dilijan-ում սովորում են պատանիներ 82 երկրներից, նրանք մեծանում են այն գիտակցությամբ, որ պետք է լսել ուրիշներին և կարողանալ ընդհանուր լեզու գտնել:

«Տաթևի վերածնունդ» ծրագիրը, որը ներառում է ճոպանուղին, Տաթևի վանքի վերականգնումը և տեղական համայնքների զարգացումը, ինչ-որ առումով նույնպես կամուրջներ կառուցելու մասին է: Այն ուղղված է Սյունիքի վերածննդին, Հայաստանի բնակիչների և օտարերկրյա զբոսաշրջիկների համար ձգողական կետ դառնալուն։ Արդյունքը 2010 թվականից ի վեր դեպի տարածաշրջան տարեկան զբոսաշրջային հոսքի 17 անգամյա աճն է, տնտեսության, սոցիալական ու մշակութային կյանքի աշխուժացումը։ Միևնույն ժամանակ, հնագույն վանքը, որը միջնադարում նաև տարածաշրջանի ամենամեծ համալսարան էր եղել, հոգևորության և լուսավորության խորհրդանիշ է: Ռուբենի կարծիքով, հենց այստեղ է սկսվելու Հայաստանի և հայոց աշխարհի հոգևոր վերածնունդը։

Հայաստանում և Ռուսաստանում մեր «Աշխարհի դպրոցներ» (Scholae Mundi) բարեգործական հիմնադրամի ծրագրերի շնորհիվ կրթաթոշակներ են ստանում ավագ դպրոցների տաղանդավոր և ակտիվ աշակերտները՝ UWC համակարգում, այդ թվում՝ Դիլիջանի քոլեջում սովորելու համար: Գործում է նաև կրթաթոշակային ծրագիր օտարերկրյա ուսանողների համար, ովքեր ընդունվում են միջազգային համալսարաններ: Կան «Just Dilijan It!» ամառային կրթական ծրագրեր երեխաների և դեռահասների համար, որոնք անցկացվում են Դիլիջանում։ Դրանց մասնակցում են նաև արցախցի երեխաներ։

Ընդհանրապես, Արցախից բռնի տեղահանված բնակիչներին աջակցելը առանձին մեծ ուղղություն է։ Ծրագրերի միջոցով օգնում ենք կանանց, երիտասարդներին և երեխաներին հարմարվել նոր պայմաններին, ստանալ հոգեբանական օգնություն, ձեռք բերել նոր հմտություններ, որոնք թույլ կտան հաղթահարել դժվարությունները, զարգացնել իրենց ներուժը և գտնել իրենց տեղը կյանքում: Աջակցություն է ցուցաբերվում արցախցի վարպետներին՝ արհեստագործության շարունակականությունն ապահովելու համար։ Այս ամենը միայն մի մասն է կրթությանն ու զարգացմանը վերաբերվող այն մեծ աշխատանքի, որ անում են մեր հիմնադրամներն ու ինստիտուտները և նրանց գործընկերները։ Կան նաև «Մենք ենք մեր սարերը» գործակալության ծրագրերը, որը հիմնադրվել էր Ռուբենի և նրա գործընկերների կողմից՝ նպաստելու Արցախի զարգացմանը և այժմ իր ջանքերը կենտրոնացնում է Արցախի բռնի տեղահանվածներին օգնելու վրա։

Կրկնում եմ՝ մեր բոլոր նախագծերն ուղղված են արհեստականորեն ստեղծված արգելքների ոչնչացմանը։ Ցավոք, այսօր մենք տեսնում ենք նոր բևեռացում և խորացող տարաձայնություններ աշխարհում: Նոր պատեր են կառուցվում թե՛ ուղիղ, թե՛ փոխաբերական իմաստով։

- Ժամանակին Ռուբենը շատ մարդկանց է օգնել։ Եթե չեմ սխալվում, մոտ 1500 կրթաթոշակ, հարյուրավոր բարեգործական ծրագրեր, էլ չեմ խոսում այնպիսի խոշոր ծրագրերի մասին, ինչպիսին է «Տաթևի վերածնունդը», որը փոխեց Սյունիքի ամբողջ իրավիճակը։

-Այո, և ես ուրախ եմ, որ մենք մարդկանց ինքնաիրացման հնարավորություն ենք տվել: Համոզված եմ, որ նրանց մի մասը, հաջողությունների հասնելով, կվերադարձնեն այն բարին, որ իրենց կյանքում ստացել են ոչ միայն մեզանից ու մեր ծրագրերից, այլև ճանապարհին հանդիպած այլ մարդկանցից։ Մենք դա անվանում ենք այն «երախտագիտություն գործողության մեջ»: Դա այն ըմբռնումն է, որ մենք պետք է վերադարձնենք պարտքերը, որ բոլորս պատասխանատու ենք նրա համար, թե ինչպիսին կլինի այս աշխարհը, որ մեր պարտքն է օգնել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն և հնարավորություն տալ նոր սերունդներին: Ուստի համոզված եմ, որ մեզանից և մեր ծրագրերից կրթաթոշակ կամ այլ աջակցություն ստացածների որոշ տոկոսը կփոխանցի բարության հերթափոխը։

- Բազմաթիվ մարդիկ աջակցություն են հայտնել Ռուբեն Վարդանյանին և ձեր ընտանիքին։ Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ է նրա կալանավորումը նման լայն ռեզոնանս առաջացրել ամբողջ աշխարհում։

- Ռուբենը եղել և մնում է միաժամանակ գլոբալ և տեղական (անգլերեն glocal նորաբանություն-Մեդիամաքս) և մասշտաբային անձնավորություն, անկախ նրանից, թե ինչպես են նրան փորձում «կանոնակարգել» լրատվամիջոցներն ու առանձին մարդիկ։ Նա առաջնորդ է և վիզիոներ, որը վերլուծում է անցյալը և գիտի, թե ինչպես տեսնել ապագայի միտումները՝ նախքան մեծամասնությունը կնկատի դրանք: Դա թույլ է տալիս նրան կանխատեսել փոփոխությունները: Իր հարցազրույցներում ու ելույթներում նա խոսում էր համաշխարհային գործընթացների մասին, որոնց մասին մարդիկ չէին էլ մտածում։ Դիտեք նրա 10-15 տարվա վաղեմության հարցազրույցները։ Զարմանալի է, թե որքան ճշգրիտ էր նա կանխատեսում, թե ինչ է կատարվում հիմա, փորձում էր կանխել խնդիրները և խրախուսել մյուսներին գոնե մտածել այդ մասին:

 Рубен Варданян и Вероника Зонабенд

Ռուբենը համաշխարհային մասշտաբի առաջնորդ է և լայն կապեր ունեցող անձնավորություն։ Նրանք, ովքեր գործակցել են նրա հետ թե՛ բիզնեսում, թե՛ մարդասիրական աշխատանքներում, հասկանում են նրան, վստահում են և տեսնում նրա մտադրությունների անկեղծությունն այն ամենում, ինչ նա անում է։ Նա կատարում է այն ամենն, ինչ ասում է, և չի ընդունում երկակի ստանդարտներ, որոնք, ավաղ, աշխարհում նորմ են դարձել։ Ուստի զարմանալի չէ, որ այդքան մարդ աջակցում է նրան։

- Ռուբեն Վարդանյանը տարբեր ժամանակներում ակտիվորեն աշխատել է ե՛ւ Արցախում, ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ռուսաստանում, ե՛ւ Արևմուտքում։ Արդյո՞ք իր կալանավորումը հավասարապես է ընկալվում է բոլոր երկրներում։

-Ռուբենը բազմակողմանի մարդ է, և բոլոր նրանք, ովքեր երբևէ շփվել են նրա հետ կամ պարզապես գիտեն նրա մասին, նրան յուրովի են ընկալում: Կարող եմ միայն ասել, որ ոչ ոք անտարբեր չի մնում նրա նկատմամբ։ Իհարկե, քաղաքական իրավիճակի տարբեր գնահատականներ կան, բայց Ռուբենին անձամբ ճանաչող բոլոր մարդիկ նրան համարում են մեծ սիրտ ունեցող, տարբերվող ու պարկեշտ անձնավորություն և նրա ներկայիս վիճակը ընկալում են որպես մեծ անարդարություն։

- Ի՞նչ եք կարծում, եթե հայտնի լիներ, թե ինչով կավարտվեր Ռուբեն Վարդանյանի տեղափոխությունն Արցախ, նա այլ կերպ կվարվեր։ Իսկ Դու՞ք:

- Կարծում եմ, նա ենթադրում էր, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ իր որոշումը, և, այնուամենայնիվ, արեց այն, ինչ արեց: Չեմ կարծում, որ նա ակնկալում էր այս աստիճանի բացասական սցենար, բայց վստահ եմ, որ նույնիսկ այդ դեպքում նա չէր փոխի իր որոշումը։ Մեզ հասած նամակում նա գրել էր, որ ոչ մի բանի համար չի զղջում։

Ռուբենն ասում էր, որ հաջողության հասնելու շանսերը միշտ էլ շատ փոքր էին, բայց եթե չփորձես, դրանք զրոյական կլինեն։ Ուստի նա իր պարտքն էր համարում գոնե փորձել։

Իսկ ես այլ ելք չունեմ, քան սատարել իրեն։ Ես ամբողջությամբ վստահում եմ Ռուբենին և պետք է իր կողքին լինեմ իր բոլոր ձգտումներում և նախաձեռնություններում։ Գիտեմ, որ Ռուբենի նման մարդիկ 100 տարին մեկ են ծնվում։ Եվ որքան էլ անձամբ ինձ համար դժվար լինի, գիտակցում եմ, որ նա չի կարող պատկանել միայն իր ընտանիքին, նա պատասխանատու է իր, իր ճակատագրի առջև։ Ում ավելի շատ է տրվում, նրանից էլ ավելի շատ է պահանջվում։ Անշուշտ, պետք է հետևես քո ճանապարհին: Ռուբենը դրան հետևում է, և ես դրան խանգարելու իրավունք չունեմ։

- Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում ընտանիքի ու ընկերների կողմից Ռուբենին ազատելու համար։

- Փաստաբանների և իրավապաշտպանների մասնագիտական մեծ թիմ է աշխատում Ադրբեջանում ապօրինի պահվող Ռուբենին և արցախցի այլ բանտարկյալներին ազատելու համար։ Ես շատ շնորհակալ եմ մեր ընկերներին, ովքեր ամեն օր փորձում են անել ամեն հնարավորը։

Դա մեզ ուժ է տալիս։ Երբեմն դժվար է զսպել զգացմունքները, շատ ծանր պահեր են լինում։ Սակայն երբ հասկանում ես, որ մենակ չես, հավատում ես, որ ամեն ինչ կլուծվի, ու նորից քո մեջ ուժ ես գտնում՝ կրկնակի էներգիայով աշխատելու Ռուբենի վերադարձի համար։

- Շուտով Ամանորն ու Սուրբ Ծնունդն են։ Ու՞մ և ի՞նչ ուղերձ կցանկանայիք փոխանցել։

- Պետք է գնահատել մեզ տրված յուրաքանչյուր օրը և հավատալ ապագային: Աշխարհում շատ լավ մարդիկ կան։ Ես հավատում եմ, որ բարությունն ու սերը միևնույն է, հաղթում են։

Կցանկանայի բոլորին մաղթել, որ նոր տարում մեզանից յուրաքանչյուրը գիտակցի, որ մենք կարող ենք ինչ-որ բան փոխել։ Մենք իսկապես կարող ենք։ Մեզանից յուրաքանչյուրից է կախված, թե ինչպիսի աշխարհում ենք ապրելու։ Եվ մեզանից յուրաքանչյուրը պետք է անի այն, ինչ հնարավոր է։ Ինձ շատ է դուր գալիս Սենեկայի մաքսիման. «Արա այն, ինչ պետք է, և թող լինի այն, ինչ կլինի»:

Բարությու՛ն, խաղաղությու՛ն, սե՛ր և երջանկությու՛ն եմ ցանկանում: Հոգ տարե՛ք ձեր մտերիմների մասին։

Արա Թադեվոսյան, Մեդիամաքս