«Մեդուզա»․ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

«Մեդուզա» պարբերականը պատմել է Լեռնային Ղարաբաղում ճարտարապետական հուշարձանների ոչնչացման մասին Ադրբեջանի ագրեսիայից և նրա տարածքի հետագա օկուպացումից հետո։

Պարբերականը, մասնավորապես, գրել է, որ Արցախի դեմ սեպտեմբերի 19-ի զինված ագրեսիայի ընթացքում Ադրբեջանը սկսել է գնդակոծել նրա ողջ տարածքը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը։ Չնայած քաղաքի վրա գրոհից հետո տեղեկատվական գործակալությունները հրապարակել են լուսանկարներ և տեսանյութեր վնասված բնակելի տներով, ՄԱԿ ներկայացուցիչները, որոնք այստեղ են եկել երկու շաբաթ անց, հայտարարել են, որ Ստեփանակերտում ոչ մի նշանակալի ավերածություն չեն տեսել։ Գրոհի հետևանքով Արցախից հեռացել է գրեթե ողջ հայ բնակչությունը։

Շուտով նոր տեղեկություններ հայտնվեցին կորուստների մասին։ Ամերիկացի հնագետների հիմնած Caucasus Heritage Team (CHW) կազմակերպությունը, որը հետևում է հուշարձանների վիճակին արբանյակային լուսանկարներով և այլ բաց տվյալներով, նշում է, որ 2023թ աշնանը շարունակվել են հայկական գերեզմանոցների փլուզումները. 2020-ից ի վեր Ղարաբաղի տարածքում տուժել են դրանցից վեցը։ Հայկական գերեզմանոցի վերջին վնասումը նկատել են Շուշի քաղաքում։

Բացի այդ, Շուշիում շինարարության ժամանակ վնասել են 1838թ. կառուցված Մեղրեցոց Սուրբ Տիրամոր եկեղեցու ավերակները։ Նոյեմբերի 3-ի արբանյակային լուսանկարում երևում է, որ շենքի հիմքը տեղաշարժել են, հավանաբար, ծանր տեխնիկայի օգնությամբ, իսկ տեղանքը «վերածել աղբանոցի»։

News.am