ԱՌԱՆՑ ԱՐՑԱԽԻ ԵՎ ԱՌԱՆՑ ՊԱՏՐԱՆՔՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՎ, ՈՐԻՆ ԱՆՀՆԱՐ Է ԴԱՎԱՃԱՆԵԼ
...Հիշո՞ւմ եք, թե ինչ անհամբերությամբ էինք սպասում, որ ավարտվեր այն սարսափելի 2020 թվականը։ Ինչպես էին հավատում, թե հայոց հողում բուն դրած մղձավանջն ու դժոխքը կարող են ավարտվել տարենիշի չորս թվերից մեկի փոփոխությամբ, թե նորը՝ 2021-ը, կբերի ցանկալի փոփոխություններ, վերածնված հույսեր ու լույս թունելի վերջում։ Հավատում էինք, քանզի լրիվ ուրիշ էինք՝ դեռևս պահպանած մեր ինքնությունը, գլխահակ, բայց չկոտրված, թուլացած, բայց չհանձնված։ Եվ այդ ժամանակ մենք դեռ Արցախ ունեինք, թեկուզ նրա մի փոքրիկ կտորը, բայց ունեինք…
Այսօր, երբ անցել է երեք տարի, բայց աղետը դարձել է է՛լ ավելի շոշափելի ու մասշտաբային, երբ Հայաստանի բուն գոյությանը սպառնացող վտանգն ավելի ու ավելի ակնհայտ է երևում, իսկ դրա ավարտի նշաններ դեռ չկան, մենք կրկին կանգնած ենք նոր տարվա շեմին և կրկին ուզում ենք մտածել, թե 2024 թվականը անկախ ամենից կարող է վերջակետ դնել ձգձգված մղձավանջին։ Այսօր մենք շատ ավելի քիչ պատրանքներ ունենք և հույսեր էլ գրեթե չեն մնացել, բայց մարդկային էությունն ու հայկական գեները համառորեն շշնջում են, որ նույնիսկ ամենաանհուսալի և անդառնալի թվացող իրավիճակում չի կարելի կորցնել հավատը. Տիրոջ, սեփական ժողովրդի և ինքներս մեր նկատմամբ։
Հավատն առ այն, որ դեպի հավերժություն հայոց ուղին այնուամենայնիվ անհնար է կասեցնել։ Որ կորցրածը կարելի է հետ բերեել, եթե կա այդպիսի նպատակ, և եթե դրա համար գտնվեն ուժեր՝ հոգեկան ու ֆիզիկական: Որ մի անգամ արդեն ազատագրած Հայրենիքը կարելի է ազատագրել կրկին։ Եվ որ մեր Հայրենիքն արժե նրան, որ պայքարենք իր համար։
Անցնող տարին դարձավ ամենաողբերգականներից ու բախտորոշներից մեկը Հայաստանի պատմության մեջ. բազում դարեր անց առաջին անգամ Արցախը մնաց առանց հայերի: Այս տարին դարձավ մարդկային անդառնալի կորուստների շարունակության տարի, որոնք անլրաց վնաս հասցրեցին ազգի գենոֆոնդին։ Փաստացի դեկտեմբերի 12-ից, շրջափակումից սկսած՝ տարին վերջնականապես և անդառնալիորեն մերկացրեց այս իշխանության այլասերված էությունը և նրա հակահայկական զարհուրելի դեմքը։ Եվ եթե ոմանք դեռ պատրանքներ ունեին փաշինյանական ոհմակի իրական նպատակների վերաբերյալ, ապա Արցախի շրջափակման 9 ամիսներն ու դրան հաջորդած սեպտեմբերյան սարսափելի իրադարձությունները վերջակետ դրեցին կասկածներին։
Եվ համոզիչ կերպով ապացուցեցին. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նպատակաուղղված աշխատում է Հայաստանի դեմ՝ հետևողականորեն և գիտակցաբար իրականացնելով Թուրքիայի դարավոր ձգտումները. ոչնչացնել հայոց պետականությունն ու հայկական հետքը տարածաշրջանում։
Արցախը դարձավ այդ չարագուշակ ծրագրի լոկ առաջին փուլը, քանզի արտաքին ու ներքին թշնամիները գիտեին. Եթե չլինի հայկական Արցախը՝ չի լինի նաև Հայաստանը: Գիտեին, որ Արցախի վերջնական կորուստը վիթխարի, անսահման ցավ կպատճառի, կկոտրի հայերին հոգեպես ու բարոյապես, անրևակայելի հարված կհասցնի ժողովրդի այն հատվածի սրտին, որը դեռևս ունակ է մտածել ազգային, պետական և հոգևոր կատեգորիաներով։ 2020-ին ջախջախելով մեզ 5 հազար հայրենակիցների մահով՝ անցնող տարին կոչված էր արյունաքամ անել, վերջնական հարված հասցնել և զրկել հայերին հույսի վերջին մնացորդներից ։
Սստացվե՞ց։ Վերջին երեքուկես տարիները սովորեցրեցին մեզ լինել խիստ իրատես և գիտակցել այն անդունդի ողջ խորությունը, որում մենք հայտնվել ենք, և այն սպառնալիքների ողջ վտանգավորությունը, որոնք հստակ երևում են առջևում: Այս իրողությունները ստիպում են ընդունել. այո, ստացվել է, բավական զգալի չափով։ Մանկուրտների այն անմիտ ու խելագար նախիրը, որի վերածվել է հայ հասարակության բավական զգալի մասը և, որքան էլ ցավալի է գիտակցել՝ նրա մտավորական խավը, դրա ամենացավալի և համոզիչ վկայությունն է:
Բայց, ինչպեսև ցանկացած մեդալ, տեղի ունեցող ամենն էլ ունի իր հակառակ կողմը. դաս, որ տվեց մեզ նույն Արցախը։ Արցախցիների անօրինակ խիզախությունն ու տոկունությունը, որոնք դաժանագույն շրջափակման և ռազմական ագրեսիայի պայմաններում մինչև վերջ դիմադրեցին թշնամու բազմապատիկ գերազանցող ուժերին, անշուշտ, կմտնի պատմության մեջ՝ ճիշտ այնպես, ինչպես Մուսա լեռան լեգենդար պաշտպանությունը: Եվ սա բնավ չափազանցություն չէ։
Ավելի քան 9 ամիս 120 000 մարդ ապրում էր ցրտի, սովի պայմաններում, չունենալով ամենաանհրաժեշտը, տանջվում ու տառապում էր՝ հոգեկան ահավոր ստրես ապրելով, բայց չէր ուզում լքել հայրենի հողը: Հերոսությունը, որ ցուցաբերեցին Պաշտպանության բանակի մարտիկներն ու աշխարհազորայինները, օրինակ կդառնա հայոց բազմաթիվ սերունդների համար. արյունաքամ, սովահար, թույլ զինված, իսկ ամենակարևորը՝ բոլորի և առաջին հերթին Մայր Հայաստանի կողմից դավաճանված ու լքված Արցախի բանակն ընդամենը մեկ օրում հսկայական վնաս հասցրեց թշնամուն՝ կասեցնելով հարձակումը և իր անձնվիրությամբ ու անձնազոհությամբ թույլ տալով խուսափել խաղաղ բնակչության շրջանում հարյուրավոր ու հազարավոր զոհերից…
Սրանք նույնպես իրողություններ են, սրանք նույնպես դասեր են, սա նույնպես հայերն են։ Եվ սա հենց այն է, ինչը հպարտության զգացում է առաջացնում, ստիպում հիշել վաղուց մոռացված արժանապատվության մասին, թույլ է տալիս մի փոքր բարձրացնել գլուխն ու թույլ չտալ, որ մեզ կոտրեն վերջնականապես: Տալիս է հոգևոր ուժ և թույլ չի տալիս, որ հույսը մարի: Հիշեցնում է Եռաբլուրի երբեմնի փառքի ու սրբության մասին։
Ու աղաղակում է, որ Արցախը պետք է վերադարձնել։ Իսկ դրա համար անհրաժեշտ է նախևառաջ Հայաստանը պահել հայկական. սկզբի համար՝ առանց ներքին թշնամիների, որպեսզի հետո գա նաև արտաքին թշնամու հերթը։ Այս սուրբ հավատով ու հույսով, Տիրոջն ապավինող սրտով և սթափ մտքով մենք մտնում ենք 2024 թվական, որպեսզի թույլ չտանք ընդհատել մեր դարավոր քայլքը: Մենք՝ բոլոր նրանք, ում համար թանկ է Հայրենիքը, և ումից կախված է նրա ապագան։ Մենք՝ բոլոր նրանք, ովքեր իրավունք չունեն հանձնվել: Քանզի սա մեր Հայաստանն է, որին անհնար է դավաճանել։