ՄԵԾԱՐՈՒՄ ԵՆ ՆԱՑԻՍՏՆԵՐԻՆ, ՄԵՂԱՎՈՐԻՆ ԹՈՂԱԾ՝ ԶՐՊԱՐՏՈՒՄ ԱՆՄԵՂԻՆ

«Գարեգին Նժդեհի ծննդյան օրը` հունվարի 1-ին, նրա արձանի դիմաց տարօրինակ ու անչափ վտանգավոր իրադարձություն տեղի ունեցավ,- սոցցանցերում գրել է ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:- Խոսքն այդ օրը տեղի ունեցած «միջոցառման» մասին է, երբ մի խումբ անձինք, ֆաշիստական սիմվոլիկայով փաթեթավորված ակցիա իրականացրեցին:

Ես տեղյակ չեմ ակցիայի նախաձեռնողներից, առավել ևս` իրական դրդապատճառներից և նպատակներից, բայց որ այս ամենում խնդրահարույց հարցեր և սպառնալիքներ կան` ակնհայտ է: Նժդեհը հայ ազգի արժանավոր զավակն է, մեծ հայրենասեր, որն իր ողջ կյանքը նվիրել է մեր Հայրենիքի պաշտպանությանն ու ազատագրմանը: Նրա կերպարի և գործունեության ցանկացած խեղաթյուրում կամ այլ գաղափարների վերափոխում անընդունելի է»։

Նժդեհի կերպարի և գործունեության ցանկացած խեղաթյուրում անընդունելի է. սրան դժվար է չհամաձայնել: Բայց եթե խոսում ենք «անչափ վտանգավոր իրադարձության» մասին, ապա դա ամենևին էլ այդ տասնյակ մարդիկ չեն, որոնց գլխում գուցե շիլափլավ է, կամ ուղեղում՝ սադրանք և այլն: Հետաքրքիր է, որ ադրբեջանական ԶԼՄ-ներն անասելի վայնասուն բարձրացրեցին՝ «նացիստական ակցիա Երևանում» ոգով ճղավոցներով, ընդ որում՝ բերանները ջուր առնելով իսկապես չափազանց վտանգավոր իրադարձության՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի 2023 թվականի դեկտեմբերի 30-ի հրամանագրի առնչությամբ՝ «ականավոր հասարակական-քաղաքական գործիչ, Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության հիմնադիրներից մեկի, Ադրբեջանի Ազգային խորհրդի նախագահ Մամեդ Էմին Ռասուլզադեի» 140-ամյակին նվիրված միջոցառումները 2024 թվականի հունվարին պետական մակարդակով անցկացնելու մասին։

Այն փաստը, որ նույն այդ Ռասուլզադեն մոլի նացիստ էր, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ակտիվորեն համագործակցել է Հիտլերի հետ, ընդ որում լինելով նաև Ադրբեջանի ամենակատաղի ռուսատյաց գործիչներից մեկը, մի տեսակ դուրս մնաց ադրբեջանական, ինչպեսև այլ ԶԼՄ-ների, այդ թվում ռուսական լրատվամիջոցների ուշադրությունից, որոնք (հաճախ Բաքվի հրահրմամբ) ամեն առիթով արծարծում են Գարեգին Նժդեհի անունը։ Եվ չգիտես ինչու, հայկական կողմից առարկայական ոչ մի հակազդեցություն չկա։

Ադրբեջանը սկսել է փառաբանել ֆաշիստներին բնավ ոչ այսօր և ոչ էլ երեկ։ «Անողոք է ռեյխի թշնամիների նկատմամբ։ Անթերի կատարում է ծառայողական պարտքը: Արժանացել է ֆյուրերի պարգևների և ԷսԷս-ի ռայխսֆյուրերի շնորհակալագրերի». սա ամենևին էլ Կառլ Վոլֆի կամ Գեբելսի կարգի «իսկական արիացու» մասին չէ։ Սա իսկական ադրբեջանցի Աբդուռահման Ֆաթալիբեյլիի մասին է։ Վերջին 20 տարիներին Բաքվում կանգնեցրել են նրա մի քանի հուշարձան և մի շարք գրքեր հրատարակել նացիստական Գերմանիայի բանակի այդ սպայի մասին։

Ահա բնավ ոչ ամբողջական ցանկը. Ն.Յագուբլու՝ «Ադրբեջանցի լեգեոներները», Բաքու, 2005թ. (ադրբեջաներեն), Ն.Յագուբլու՝ «Աբդուռահման Ֆաթալիբեյլի-Դյուդենբացի», Բաքու, 2008թ. (ադրբեջաներեն); Մ.Ջաֆարլի՝ «Ադրբեջանական լեգեոնի գրականությունը», Բաքու, 2005թ. (ադրբեջաներեն): Հեղինակները՝ ադրբեջանցի պատմաբանները, հրճվանքով են նկարագրում նրա սխրանքներն ի փառս Ռեյխի։ Գրքեր են հրատարակում պետական աջակցությամբ։ Մի շարք մեջբերումներ կատարենք վերոնշյալ գրքերից:

«Մի անգամ նույնիսկ ինքը՝ Հիտլերն է արտահայտվել այն մասին, որ արևելյան բոլոր լեգեոններից հուսալի կարելի է համարել միայն ադրբեջանականը»:

«Ադրբեջանցի լեգեոներների թվաքանակը Վերմախտի զորքերի և Էսէս-ի ստորաբաժանումների կազմում մոտ 40 հազար էր»:

«Ադրբեջանական լեգեոնի զինվորների բարոյա-մարտական ոգին ամրապնդելու նպատակով յուրաքանչյուր գումարտակին տրվել են ազգային անվանումներ. 804-րդ հետևակային գումարտակ՝ «Ասլան», 806-րդ գումարտակ՝ «Իգիթ», 819-րդ գումարտակ՝ «Ջավադ Խան», 1/111-րդ գումարտակ՝ «Դոնմեզ», 2/111-րդ գումարտակ՝ «Գորխմազ»։

«1945 թվականին խորհրդային զորքերի դեմ Բեռլինի պաշտպանությանը մասնակցել է մոտ 700 ադրբեջանցի»:

Ինքը՝ Աբդուռահման Ֆաթալիբեյլին գերմանացի ավագ սպա Գլոգերի հետ ղեկավարել է ադրբեջանական թիվ 804 առանձին գումարտակը Կովկասյան ռազմաճակատում «Ա» խմբի 17-րդ բանակի կազմում, 1942 թվականին իրականացրել է հրեաների ոչնչացման պատժիչ գործողություններ Կրասնոդարի երկրամասի տարածքում։

Ֆաթալիբեյլին հայտնի է որպես ֆաշիստներին ամենահավատարիմ և ամենադաժան ադրբեջանցիներից մեկը, Կարմիր բանակի փախստակ մայոր։ Նրա հրամանատարությամբ ադրբեջանական զորամիավորումն ակտիվ մասնակցություն է ունեցել խորհրդային զորքերի դեմ ռազմական գործողություններին Կովկասում, Ուկրաինայում, Բելառուսում և Լեհաստանում։

Վերմախտի 111-րդ ադրբեջանական գնդի երկու գումարտակներ մասնակցել են նաև 1944 թվականի Վարշավյան ապստամբության ճնշմանը։

Բոլոր այս փաստերը ադրբեջանցի պատմաբանները հպարտությամբ են նկարագրում Երկրորդ համաշխարհային պատերազմին ֆաշիստական Գերմանիայի կողմից ադրբեջանցիների մասնակցության համատեքստում։ Գուցե նաև դա՞ է պատճառը, որ տարիներ շարունակ Ադրբեջանի տարածքում կատաղաբար ոչնչացվում են Հայրենական մեծ պատերազմի հերոս հայերի հուշարձանները։ Ոչ միայն այն պատճառով, որ նրանք հայ են, այլև՝ որ կռվել են նացիզմի դեմ ու հաղթել։

Ի դեպ, ադրբեջանցի մոլի ֆաշիստ Ֆաթալիբեյլիին 1955 թվականին Մյունխենում սպանել է ԿԳԲ-ի աշխատակից, ադրբեջանցի Իսմայիլովը։ Ֆաթալիբեյլիին սպանելուց հետո Իսմայիլովին նույնպես սպանեցին։ Բայց արդեն Բաքվում։ Առնետավազք։

Ինչ վերաբերում է ևս մեկ նշանավոր նացիստ Մամեդ Ռասուլզադեին, որի 140-ամյակը պատրաստվում են նշել Բաքվում պետական մակարդակով, ապա նրա պատվին, որպես «Ադրբեջանի հերոսի», մուսավաթականության և նացիոնալ-սոցիալիզմի (ֆաշիզմի) ջատագովի, որը նշում էր, որ «Մուսավաթ» կուսակցության սոցիալական ծրագիրը կրում է նացիոնալ-սոցիալիստական բնույթ, Բաքվից 30 կմ հեռավորության վրա հուշարձան է կանգնեցվել դեռևս 1993 թվականին:

«Ադրբեջանը եղել և մնում է ֆաշիստական պետություն,- «ԳԱ»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմաքաղաքական վերլուծաբան Հայկ Նահապետյանը:- Ադրբեջանը մինչ օրս ռազմատեխնիկական, ռազմական համագործակցություն է իրականացնում Կիևի նացիստական ռեժիմի հետ, դա ոչ մեկի համար գաղտնիք չէ, ամեն ինչ արվում է բացահայտ: Տարօրինակ է, որ Երևանում Նժդեհի հուշարձանին ծաղկեպսակ դրած 10 անձանց հասցեին զայրագին մեղադրանքներ տեղացող լրատվամիջոցները, թե իբր՝ նրանք ինչ-որ նացիստական շարժում են իրականացնում, լռում են այն մասին, որ Ադրբեջանը փաստացի օգնում է Կիևի նացիստական ռեժիմին, այդ թվում՝ ռազմական ոլորտում։ Ասում են, որ գողը առաջինն է գոչում՝ «Բռնե՛ք գողին»։ Ալիևը հրաման է արձակում պետական միջոցառումներ անցկացնելու մասին՝ ի փառս ֆաշիստների հանցակից, ԽՍՀՄ կատաղի թշնամ Մամեդ Ռասուլզադեի։ Այսինքն Բաքվում պաշտոնական ամենաբարձր մակարդակով նշում են նացիստի 140-ամյակը։ Ալիևը պետական մակարդակով հովանավորում է նացիստական գաղափարախոսությունն ու դրա «հերոսներին»։ Տարօրինակ է, որ դա չի քննադատվում նրանց կողմից, ովքեր հայերին մեղադրում են Նժդեհի գաղափարներին հավատարիմ մնալու մեջ. այն մարդու, որը երբեք նացիստ չի եղել: Այս կշտամբանքը վերաբերում է նաև Ռուսաստանին։ Նժդեհի հուշարձանին ծաղկեպսակ դրած Հայկ Նազարյանի (ի դեպ՝ ԱՄՆ քաղաքացու) և մարդկանց փոքրիկ խմբի մասին խոսում են, իսկ շատ ավելի վտանգավոր իրադարձության՝ Ալիևի վերոնշյալ հրամանագրի մասին՝ լռում։ Կարծում եմ, հենց դրանում էր ամփոփված սադրանքը. անել այնպես, որ Նազարյանի ակցիայի հարուցած տեղեկատվական աղմուկը խլացնի, հետին պլան մղի դեկտեմբերի 30-ին Ալիևի արձակած հրամանը»։

Ադրբեջանում նացիստ Մամեդ Ռասուլզադեի մեծարման հանդիսավոր միջոցառումները նախատեսված են 2024 թվականի հունվարի 31-ին:

2022 թվականի հունվարի 31-ին «Ռեալիստ» տեղեկատվական գործակալությունը հրապարակեց «Կովկասի աշխարհ» միջազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն և գիտական ղեկավար, Ռուսաստանի ժուռնալիստների միության անդամ Մաքսիմ Վասկովի հոդվածը։ Ներկայացնենք մի քանի կարևոր մեջբերում. «Ռուսական ԶԼՄ-ների մի մասի զրպարտությունը Գարեգին Եղիշեի Տեր-Հարությունյանի (Գարեգին Նժդեհ) հասցեին և նրա հիշատակը սևացնելու փորձը  հայ ժողովրդի դեմ ագրեսիայի  գաղափարական նվագակցման մասն են: Դրան աջակցում են նույն այն կենտրոնները, որոնք սատարում են և՛ Արցախի դեմ  ագրեսիային, և՛ Հայաստանի ինքնիշխան տարածքի սահմանամերձ շրջանները զավթելու փորձերին:

Գարեգին Նժդեհը Ռուսական Կովկասյան բանակի և Հայաստանի Առաջին Հանրապետության բանակի ականավոր, անբասիր սպա է, որ սպայական կոչում է ստացել մարտադաշտում ցուցաբերած արիության և զորավարական տաղանդի համար: Անվերապահ խիզախության, պարտքի ու պատվի տեր մարդ…

Գարեգին Նժդեհին հիտլերականների մեղսակից կարող են համարել միայն նրանք, ովքեր աչքի են ընկնում հիմարությամբ ու տգիտությամբ, կամ նման դիրք են գրավում ըստ իրենց վճարված հաշիվների…

Հիտլերականների հետ համագործակցության մեղադրանքները պետք է հիմնվեն գերմանական փաստաթղթերի վրա, որոնք շատ լավ են պահպանվել արխիվներում: …Իրապես համագործակցածների վերաբերյալ պահպանվել են նման փաստաթղթերի հատորներ: Օրինակ՝ Ա.Ա.Վլասովի, Պ.Ն.Կրասնովի, Ա. Գ. Շկուրոյի, Ֆ.Ի.Տրուխինի, Ի.Ն.Կոնոնովի, Մամեդ Էմին Ռասուլզադեի, Աբդուռահման Ալի օղլի Ֆաթալիբեյլի-Դյուդենդացու և այլոց մասին: Գարեգին Նժդեհի վերաբերյալ նման փաստաթղթեր չկան, արխիվները պահպանվել են, որոնցում գերմանական աշխատանքային փաստաթղթեր նրա հետ կապված չկան: Սա ինչ-որ բանի մասին վկայո՞ւմ է:

Գարեգին Նժդեհը երբեք որևէ առնչություն չի ունեցել Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության (NSDAP) հետ, նա չի եղել Վերմախտի, Էսէս-ի և Երրորդ ռեյխի այլ ռազմականացված ու օժանդակ կառույցների զինծառայող և առավելևս սպա կամ գեներալ: Նա երբեք անմիջական կամ միջնորդավորված մասնակցություն չի ունեցել խորհրդային ժողովրդի նկատմամբ պատժիչ գործողություններին:

Գերմանական քարոզչության կողմից Գարեգին Նժդեհի անվան օգտագործումը չի կարող հիտլերականների հետ նրա անձնական համագործակցության հայտանշան լինել: Երրորդ ռեյխի համապատասխան կառույցների արխիվներում չկա որևէ հաստատող փաստաթուղթ առ այն, թե դրա համար նրանք ստացել են իր համաձայնությունը: Բայց նրանց ոչինչ չէր խանգարում պարզապես օգտագործել Նժդեհի անունն իրենց նպատակներով: Հիշենք, թե ինչպես էր հիտլերյան քարոզչությունն օգտագործում գերեվարված Յակով Ջուղաշվիլիի (Ի.Վ.Ստալինի որդու) լուսանկարներն ու ստորագրությունը իր թռուցիկների համար…»:

Եվ այնուհետ. «Պատմության ողբերգական և բեկումնային իրադարձությունների ընթացքում Ռուսական Կովկասյան բանակի շարքերում փառք նվաճած Գարեգին Նժդեհը հերոսաբար մարտնչել է թուրքական ագրեսիայի դեմ և պաշտպանել հայ ժողովրդին… Նժդեհի անվան շուրջ ծավալվող հիստերիան միանգամայն բացատրելի է քաղաքական շարժառիթներով: Դա որևէ առնչություն չունի Հայրենական մեծ պատերազմի հիշատակի պաշտպանության հետ, բայց ունի կոնյունկտուրային ու բացահայտ վճարվող ոչ միայն հակահայկական, այլև հակառուսական բնույթ, և հայ ժողովրդի ազգային հերոսի հիշատակն անարգելու միջոցով պառակտում է մտցնում մեր ժողովուրդների միջև… Պատվիրատուները ցանկանում են խաթարել Հայաստանի Հանրապետության լեգիտիմությունն ու տարածքային ամբողջականությունը, որն այժմ ներառում է տարածքներ, որոնք ժամանակին թուրքերից պաշտպանել է Գարեգին Նժդեհը: Չէ՞ որ այսօր այդ հայկական հողերը Ադրբեջանի նկրտումների առարկա են դարձել»։

Ըստ էության, մենք մեջբերեցինք ընդամենը մի քանի հատված, ցանկության դեպքում կարող եք կարդալ հոդվածն ամբողջությամբ (https://www.ankakh.com/hy/article/82955), այսօր տեղի ունեցող ամենի խորապատկերին այն առավել քան արդիական է, թեև գրվել է գրեթե 2 տարի առաջ:

2023 թվականի դեկտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի երրորդ կոմիտեն ընդունեց Ռուսաստանի ներկայացրած բանաձևը՝ նեոնացիզմի դեմ պայքարի վերաբերյալ։ «Պայքար նացիզմի, նեոնացիզմի և պրակտիկայի այլ տեսակների դեմ, որոնք նպաստում են ռասիզմի, ռասայական խտրականության, այլատյացության և հարակից անհանդուրժողականության ժամանակակից ձևերի սրմանը» վերտառությամբ փաստաթղթի օգտին քվեարկել է 112 երկիր: Սա նշանակում է, փաստորեն, որ հենց հիմա 112 երկրներ՝ Ռուսաստանի գլխավորությամբ, պետք է առնվազն բողոքի նոտա հղեն Ադրբեջանին՝ կապված պետական մակարդակով նացիզմի ակնհայտ քարոզչության հետ։ Ի վերջո, չէ՞ որ բնավ այնքան ամենազոր չեն տխրահռչակ նավթադոլարները, որ փակեն բոլոր 112 երկրների բերանը։