ԲԱՆԸ ՀԱՍՆՈՒՄ Է ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՞
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից վերջին շրջանում դրական մեսիջներ են հնչել «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ։ «Ինտերֆաքսը» մեջբերում է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլկադիր Ուրալօղլուի հայտարարությունը, որը նա արել է TVnet թուրքական ալիքին տված հարցազրույցում, հաղորդում է Sputnik Արմենիան։
Նա ընդգծել է, որ երբ առաջին անգամ նման նախաձեռնություն է առաջ քաշվել, հայկական կողմը բացասական է արձագանքել, թեև խոսվում էր նաև «այս նախագծից Հայաստանի ունեցած օգուտի մասին»։
Նախարարի խոսքերով՝ Թուրքիան հույս ունի, որ միջանցքի նախագիծը կիրագործվի մինչև 2029 թվականը։ «Զանգեզուրի ադրբեջանական հատվածը՝ Բաքվից մինչև Հորադիզ, ավարտին է մոտենում։ Թուրքական հատվածի երկարությունը 224 կմ է։ Ընդհանուր առմամբ միջանցքի ստեղծման ողջ գործընթացը 5 տարի կտևի։ Կարծում եմ, որ 2028 թվականին ամբողջությամբ կավարտենք բոլոր աշխատանքները»,- ասել է Ուրալօղլուն։
Նա ընդգծել է, որ միջանցքի հայկական հատվածի երկարությունը մոտ 43 կմ է։
«Նրանց (Հայաստանին - խմբ.) անհրաժեշտ կլինի պլանավորում և մրցույթներ անցկացնել, որպեսզի միջանցքն ամբողջությամբ ավարտված համարվի։ Այդպիսով, Թուրքիան ուղիղ և ավելի հեշտ ելք կստանա դեպի թյուրքական աշխարհի, Կենտրոնական Ասիայի երկրներ», -ասել է նախարարը։
ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. ԹԵ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՅԴ ԻՆՉ ՄԵՍԻՋ Է ԴՐԱԿԱՆ ՀԱՄԱՐՈՒՄ թուրք նախարարը, բարդ է ասել։ Կարծես թե Փաշինյանն արդեն մի քանի ամիս շարունակ զարգացնում է այսպես կոչված խաղաղության խաչմերուկի գաղափարը և մշտապես, ամեն առիթով ու առանց առիթի խոսում է Երևանի համար «միջանցքային տրամաբանության» անընդունելիության մասին, ընդգծելով, որ Հայաստանի տարածքով անցնող հաղորդակցությունները պետք է մնան ՀՀ իրավասության տակ։ Հնարավոր է, որ «խաղաղության խաչմերուկը» Անկարան նույնացնում է «Զանգեզուրի միջանցքի» հետ։ Եթե այդպես է, ապա Փաշինյանին, թերևս, անհրաժեշտ է նորից մեսիջ ուղարկել Անկարային՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի վերաբերյալ ճշգրտումով և ներկայացնելով հստակ տարբերությունները հայկական նախագծի և դեպի թյուրքական աշխարհի երկրներ Թուրքիայի ուղիղ ելքի վերաբերյալ թուրք-ադրբեջանական մտահղացման միջև։ Այլապես տպավորություն է ստեղծվում, թե թուրքական կողմը տվյալ հարցը համարում է արդեն լուծված։
Եվ այդուհանդերձ թուրք նախարարի տվյալ հայտարարությունը առանձնահատուկ ուշադրության է արժանի այլ պատճառով։ Բանն այն է, որ վերջին ժամանակներս Հայաստանի ներքաղաքական օրակարգ անսպասելիորեն ներխուժեց ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին թեզը։ Մինչդեռ դրա համար չկային առանձնահատուկ, հստակ նախադրյալներ։ Ո՛չ ընդդիմությունն է պահանջել արտահերթ ընտրություններ, ո՛չ էլ Փաշինյանի թիմն է ցանկություն ցուցաբերել դիմելու նման քայլի։ Ավելին, անցած տարեվերջին խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ Ալեն Սիմոնյանը, պատասխանելով արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորության մասին հարցին, հայտարարեց. «Մենք սահմանադրական մեծամասնություն ունենք, ինչո՞ւ պետք է գնանք նոր ընտրությունների։ Էլ չեմ ասում, որ այս պահի դրությամբ կարող ենք տարին մեկ ընտրություններ կրել, իսկ ընդդիմությունը պատրաստ չէ ընդհանրապես ընտրությունների գնալ, նույնիսկ քաղաքային ընտրություններին չեն կարողանում մասնակցել։ Ընդդիմությունն ինչ-որ օրակարգ է ձևավորում, հետո սկսում այդ օրակարգի դեմ պայքարել: Մանկապարտեզ չի։ Ոչ, նման հարց չի քննարկվել։ Բացատրեք՝ իմաստը ո՞րն է, ինչի՞ համար։ Նպատակը»։
ՍԻՄՈՆՅԱՆԻ ԱՍԱԾԸ ԿԱՐԾԵՍ ԹԵ ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ Է։ Իրոք, նոր ընտրական գործընթաց նախաձեռնելու համար ՔՊ-ն և Փաշինյանը ակնհայտ պատճառներ չունեն։ Բայց… Այստեղ դարձյալ վերադառնանք «Զանգեզուրի միջանցքի» մասին Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարի հայտարարությանը։ Իսկ կոնկրետ արժե ուշադրություն դարձնել նախագծի իրագործման նրա հնչեցրած ժամկետներին։ Ահա ուրեմն, նշվում է, որ նախագիծը պետք է իրականացվի մինչև 2029 թվականը։ Դա նշանակում է, որ մոտակա հինգ տարիներին Անկարան ցանկանում է Երևանից, իսկ ավելի ճիշտ՝ Փաշինյանի բերանից լսել «դրական մեսիջներ»։ Այսինքն Անկարային պետք է, որ առաջիկա հինգ տարիներին երևանյան այդ մեսիջների աղբյուրը՝ ի դեմս Փաշինյանի և իր թիմի, մնա իշխանության ղեկին։
Սակայն արդեն 2026 թվականին Հայաստանում պետք է տեղի ունենան նոր, հերթական խորհրդարանական ընտրություններ, և բնավ փաստ չէ, թե թավշե իշխանությունը կկարողանա նորից վերարտադրվել։ Փաստ չէ, թե մինչ այդ հայկական քաղաքական դաշտում չեն հայտնվի իրապես ուժեղ դերակատարներ, որոնք կունենան հասարակական լայն աջակցությանն ու ազգային օրակարգ։ Իսկ դա անմիջական սպառնալիք է թուրք-ադրբեջանական միջանցքային նկրտումներին։ Դժվար թե այդ դեպքում Անկարան դրական մեսիջներ լսի Երևանից այդ նախագծի վերաբերյալ։
Իսկ եթե Հայաստանում արտահերթ ընտրություններ տեղի ունենան 2024 թվականին, ապա Փաշինյանին ու իր թիմին ամենայն հավանականությամբ կհաջողվի վերարտադրվել և կառավարել ևս հինգ տարի։ Ճիշտ մինչև 2029 թվականը։ Այսինքն, ըստ թուրք նախարարի վարկածի՝ մինչև որ կավարտվի «Զանգեզուրյան միջանցքի» շինարարությունը։ Ըստ էության, հենց դա կարող է լինել Հայաստանում արտահերթ ընտրություններ անցկացնելու և՛ նպատակը, և՛ իմաստը։ Հենց դա կարող է լինել նաև այն հարցի պատասխանը, թե հատկապես ով է շահագրգռված արտահերթ ընտրությունների անցկացման հարցում։
Եվ էլի մի բան։ Հաշվի առնելով ասվածը, բոլորովին էլ զարմանալի չէ Փաշինյանի անսպասելի պոպուլիստական ակտիվությունը տարեսկզբին՝ կախիչների քանակի դատապարտումով, մարզահրապարակի ջրափոսերի մեջ զբոսանքներով, աղբարկղերի ստուգումով և չինովնիկների պաշտոնազրկումով։ Երևի Ալեն Սիմոնյանն այնուամենայնիվ սխալվում էր, դատելով ամենից՝ Փաշինյանն ու իր թիմը այնուամենայնիվ պատրաստվում են գնալ նոր ընտրությունների…