ԱԼԻԵՎԸ ԲԱՑԱՀԱՅՏ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՇՐՋԱՓԱԿՄԱՄԲ ԵՎ ՊԱՏԵՐԱԶՄՈՎ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արեց մի հայտարարություն, որն, ըստ էության, ի չիք դարձրեց ինչպես Հայաստանի ղեկավարության, այնպես էլ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում ներգրավված բոլոր դերակատարների քաղցրումեղցր ճառերը «խաղաղության խաչմերուկի», «խաղաղ գործընթացի», «խաղաղ բանակցությունների» և այլնի վերաբերյալ: Քանզի երբ խաղաղ գործընթաց է տեղի ունենում և խաղաղ բանակցություններ են ընթանում, կողմերից մեկը վերջնագրեր չի դնում, չի ոտնձգում այն երկրի ինքնիշխանության դեմ, որի հետ բանակցում է, չի սպառնում տոտալ շրջափակմամբ ու բուն պատերազմով: Իսկ Ալիևի արածը հենց դա է։

«Մարդիկ և բեռները Ադրբեջանից Ադրբեջան պետք է անցնեն առանց ստուգումների, հակառակ դեպքում Հայաստանը հավերժ կմնա փակուղու մեջ։ Եթե իմ նշած երթուղին (նկատի ունի «Զանգեզուրի միջանցքը») չբացվի, ապա մենք մտադիր չենք բացել Հայաստանի հետ սահմանը այլ վայրում»,- ահա թե ինչ է հայտարարում Բաքվի բռնապետը։ Ասվածի մեջ որտե՞ղ է նշմարում խաղաղ գործընթացի իրական ձգտման գոնե նշույլ։

Ուշադրություն դարձրեք, որ Հայաստանի ինքնիշխան տարածքով արտատարածքային «միջանցքի» թեման 2024 թվականին Ադրբեջանի և Թուրքիայի կողմից կրկին ակտիվացվեց գործնականում միաժամանակ, ինչը նշանակում է, որ թուրք-ադրբեջանական տանդեմն այդ նպատակին ձգտելու է հասնել ցանկացած միջոցներով, այդ թվում՝ շրջափակմամբ և պատերազմով։ Իսկ ՀՀ իշխանություններն ընդ որում կարող են կապտելու աստիճան կոկորդ պատռել, թե վերոնշյալ թեման չի քննարկվում։ Ինչ-որ առումով նրանք իրավացի են. այն չի էլ քննարկվում, վերջնագրերն ու սպառնալիքները քննարկում չեն, դրանք պահանջներ են։ Եվ ախր այդ ամենը սպասելի էր. այն մասին, որ Ադրբեջանի և Թուրքիայի ախորժակն աճելու է հայկական կողմի յուրաքանչյուր նոր զիջմանը զուգընթաց, բազմիցս ասվել ու գրվել է փորձագետների մեծամասնության կողմից։ Մարսելով Արցախը՝ Ադրբեջան ֆաշիստական պետությունը «ավագ եղբոր» հետ միասին անցել է Հայաստանին։

Այս առնչությամբ հետաքրքիր է, թե ինչ նկատի ունի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, որն օրերս հույն գործընկեր Գիորգոս Գերապետրիտիսի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, թե Ադրբեջանի հետ բանակցություններում «որոշակի առաջընթաց կա մի քանի ուղղությամբ»:

«Ես կասեի, որ բովանդակային առումով ադրբեջանական առաջարկների մեջ մենք տեսնում ենք որոշակի հետընթաց՝ տեքստի (խաղաղության պայմանագրի – Զ.Գ.) որոշ մասերով, և որոշակի առաջընթաց մի քանի այլ ուղղությամբ»,- ասաց Միրզոյանը:

Եթե խոսքը Ալիևի լկտի պոռթկման մասին է՝ «մարդիկ և բեռները Ադրբեջանից Ադրբեջան պետք է անցնեն առանց ստուգումների, հակառակ դեպքում Հայաստանը հավերժ կմնա փակուղու մեջ։ Եթե «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, ապա մենք մտադիր չենք բացել Հայաստանի հետ սահմանը այլ վայրում» ոգով, ապա դա «որոշակի հետընթաց» չէ. դա այն ամենի ձախողումն է, ինչը հայկական կողմն անվանում է «խաղաղ բանակցություններ»։ Ուրեմն այլ ուղություններով այդ ի՞նչ «առաջընթացի» մասին է խոսքը։ Ի՞նչ այլ «այլ ուղղություններ» կարող են ընդհանրապես արդիական լինել Հայաստանի ինքնիշխանության դեմ անմիջական սպառնալիքների հնչեցման, շրջափակման և ռազմական ներխուժման սպառնալիքի իրավիճակում: Երգուպարի համույթները հյո՞ւր են գնալու միմյանց:

Ոչ այնքան վաղուց մենք գրել ենք այն մասին, որ մի իրավիճակում, երբ Ադրբեջանի խորհրդարանն ընդունում է Հայաստանի ողջ տարածքին նկրտող փաստաթուղթ, երբ հայ ռազմագերիները շարունակում են մնալ Բաքվի բանտերում, երբ Արցախի նախկին ղեկավարներին պահում են ճաղերի հետևում և դատում իբրև ահաբեկիչների, Հայաստանը պետք է միջազգային հանրությանը հասցնի մի շատ պարզ ուղերձ. Ադրբեջան ֆաշիստական, ահաբեկչական պետության հետ ցանկացած բանակցություններ դադարեցվում են այնքան ժամանակ, մինչև որ ադրբեջանական կողմը սկսի համարժեք պահվածք ցուցաբերել, ինչպես վայել է իրական խաղաղության գործընթացի և իրական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում շահագրգռված երկրին։ Քանի դեռ դա տեղի չի ունեցել, ինչի՞ մասին խոսել Ադրբեջանի հետ։ Այլ ուղղություններով այդ ի՞նչ «առաջընթացի» մասին կարելի է բարբառել: Ընդ որում հայ հանրությունը բացարձակապես ոչինչ չգիտի, թե ինչ է կատարվում հայ-ադրբեջանական «խաղաղ բանակցությունների» կողասրահներում, որն է «առաջընթացը», որը՝ «հետընթացը», և «խաղաղության պայմանագրի» ինչ տեքստ է ընդհանրապես քննարկվում։ Շատ հարմար է գլուխ թլսորել՝ թաքնվելով «գաղտնիության» կնիքի հետևում։ Թերևս միայն Ալիևի լկտի հրապարակային զեղումներն են պատկերացում տալիս, թե ինչ է կատարվում, մինչ Փաշինյանը ճամարտակում է առասպելական «խաղաղության խաչմերուկի» մասին։

Մեկնաբանելով Ալիևի վերոնշյալ հայտարարությունը «միջանցքի» մասին՝ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը նշեց, որ մինչ օրս «Բաքվի բարբարոսական վարչախմբի պաշտոնյաները խորամանկում էին, թե, իբր, հենց Հայաստանին է ձեռնտու այդ «միջանցքը», իսկ արհեստածին Ադրբեջանում այլևս հետաքրքրված չեն դրանով, քանի որ նույն ճանապարհը կարող է անցնել Իրանով»։

«Իսկ ես բազմիցս պնդել եմ, որ ասվածը մանր ինտրիգ է։ Հիմա ամեն ինչ շատ պարզ է և հասկանալի ... Բաքուն ցանկանում է ոչ թե խաղաղություն, այլ Հայաստանի՝ որպես աշխարհաքաղաքական գործոնի ոչնչացում, ըստ էության, «Էրմենիստան» ռեզերվացիայի ստեղծում, որը նույնիսկ կկոչեն «Արևմտյան Ադրբեջան»։

Ավաղ, վաղուց ամեն ինչ ծայրաստիճան պարզ ու հասկանալի է, շատ վաղուց։ Անհասկանալի է միայն, թե այդ կապակցությամբ ինչ են պատրաստվում ձեռնարկել Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը, կոմայի մեջ ընկած, բայց պաշտոնապես չվախճանված ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդ երկրները և միջազգային հանրությունը, որը պարբերաբար հանդես է գալիս «երկու կողմերին» ուղղված կոչերով և ուտոպիական ելույթներով, թե իբր՝ որքա՜ն լավ ու սքանչելի կլինի բոլորի համար, երբ տարածաշրջանում կայուն խաղաղություն տիրի։