ԳԵՐԱԿԱ ԿԵՌԻԿ

Դե ինչ, «քաղաքակիրթ» աշխարհն աստիճանաբար մոռանո՞ւմ է Արցախի մասին։ Վաղուց ոչ մի լուր չունենք Շառլ Միշելից… Հասկանալի է, կան Արևմուտքի համար ավելի կենսաթրթիռ թեմաներ. պատերազմն Ուկրաինայում, Գազայի հատվածը։ Բացի այդ, որպեսզի Շառլ Միշելը և մնացյալ «քաղաքակիրթ» աշխարհը չմոռանան Արցախի էթնիկ զտման մասին, առաջին հերթին այդ մասին չպետք է մոռանա Հայաստանը…

ԲԱՅՑ ԿԱՐԾԵՍ ԹԵ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԵՐԵՎԱՆԸ ՄՏԱԴԻՐ ՉԷ ԱԿՏԻՎՈՐԵՆ ԱՌԱՋ ՄՂԵԼ ԱՅԴ ԹԵՄԱՆ։ Իշխող թիմը, դատելով ամենից, միանգամայն գոհ է ստեղծված իրավիճակից, երբ արցախցիները ժամերով հերթ են կանգնում անձնագրային բաժանմունքներում, որպեսզի Հայաստանի քաղաքացիություն ստանան, իսկ Ալիևը զբաղված է իր վերընտրություններով։ Անկարան ու Բաքուն հիմա Երևանի վրա ուժեղ ճնշում չեն գործադրում, այնպես որ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը կարող է հանգիստ շարունակել զբաղվել նամակագրական դիվանագիտությամբ, ձևացնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև ապագա խաղաղության պայմանագրի տեքստի փոխընդունելի ձևակերպումների որոնումների ակտիվ գործընթաց։ Եվ երբ արցախցիները կանգնած են հերթերում, իսկ Ալիևը զբաղված է վերընտրություններով, հայոց վարչապետի համար էլ իր հերթին բավականաչափ ազատ ժամանակ է ստեղծվում, որպեսզի զբաղվի լոգասենյակների ստուգումով, հոգատարություն ցուցաբերելով իր երկրի հասարակ համաքաղաքացիների նկատմամբ։

Դե, լավ է, բայց խնդիրն այն է, որ Ալիևի վերընտրությունները մեկ ամսից կավարտվեն, և այնժամ վերջինս, Էրդողանի հետ միասին, նորից կհիշի «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Եվ եթե պատերազմն Ուկրաինայում ընթացիկ տարում չավարտվի, իսկ Հայաստանում իշխանությունը չփոխվի, Բաքուն բոլոր հիմքերը կունենա՝ շարժ ակնկալելու Ադրբեջանի և Թուրքիայի համար այդ կարևոր հարցում։ Մանավանդ որ Երևանն առանձնապես դեմ էլ չէ և, ինչպես ասում են թուրք պաշտոնյաները, «դրական ազդանշաններ է տալիս», խոստանալով Ադրբեջանին հատկացնել ինչ-որ «հեշտացված տարանցում» դեպի Նախիջևան և ապա Թուրքիա։

Հարմար պահը կգա, և Փաշինյանը կօժանդակի նրանց խաղին, կասի, թե ամեն ինչ նորմալ է, «հեշտացված տարանցումը» լիովին համահունչ է իր քաջարի կառավարության մշակած «խաղաղության խաչմերուկի» հայեցակարգին։ Կասի, թե ինքը բոլորովին մեղք չունի, թե իբր՝ Ռոբերտ Քոչարյանն է դեռևս 1999 թվականին խոստացել նման տարանցում հատկացնել, և այժմ եկել է խոստումը կատարելու ժամանակը։ Պետք է կատարել, քանի որ միայն այդպիսի «խաչմերուկն» է հետաքրքրում Բաքվին և Անկարային, ինչի դիմաց նրանք պատրաստ են ևս մի որոշ ժամանակ հատկացնել Հայաստանին խաղաղ կյանքի համար…

Երևանը համաձայնություն կտա «հեշտացված տարանցմանը», չէ՞ որ ավելի վաղ՝ նախքան Արցախում էթնիկ զտումները, նախքան Լաչինի միջանցքի շրջափակումն էր պետք կտրական «ոչ» ասել։ Այդպես էր պետք, որպեսզի Բաքուն առիթ ունենար մեղադրելու Երևանին 9.11.2020-ի Եռակողմ հայտարարության խախտման մեջ և շրջափակեր Լաչինի միջանցքը ի պատասխան Երևանի դիրքորոշման։ Այդ մասին մեկ անգամ չէ, որ ակնարկել են Ռուսաստանի ԱԳՆ-ից։ բայց Փաշինյանն այնքան էլ լավ չի հասկանում ռուսերեն…

Իսկ այժմ, երբ Փաշինյանի ռեժիմի ձեռքով Արցախի խնդիրն ուղարկվել է արխիվ, երբ Փաշինյանը մեղավորներ է նշանակել՝ ի դեմս Արցախի վերջին ղեկավարության, կարելի է ընդառաջ գնալ Ադրբեջանին։ Դե, որպեսզի վերջինիս զինվորականները ավելի հազվադեպ կրակեն մեր սահմաններին, մանավանդ որ «ռազմական բարեփոխումը» այնքան ակտիվորեն է առաջ մղվում, որ առաջավոր դիրքերում երբեմն հենց յուրայիններն են կրակում յուրայինների վրա։

Բայց երբ «ոչ կանոնադրական հարաբերությունների» արդյունքում սահմանին զոհվում են հայ սպաները, դա հո առիթ չէ՞ թոշակի ուղարկելու պաշտպանության նախարարին։ Չէ՞ որ դա կախիչին վատ ամրացված կեռիկ չէ դպրոցական հանդերձարանում, որի պատճառով ի զվարճանս հանրության պաշտոնազրկվում է մարզպետը, որն անձամբ չէր ստուգել յուրաքանչյուր կեռիկը։ Փաշինյանի գերակայությունները հստակ են։