ԳԵՐԵՎԱՐՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳԱԳԱԹՆԱԿԵՏ. ԻՆՉՈ՞Ւ ԴԱԴԱՐԵՑՎԵՑ ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏԻՆ ՄԵՐՁԱԿԱ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՃԱՄԲԱՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
«Հայերի մտավախությունները Լեռնային Ղարաբաղում համակենտրոնացման ճամբարի վերաբերյալ, հնարավոր է, արդարացված էին». Այսպիսի վերնագրով ամերիկյան New Lines Magazine պարբերականը հունվարի 12-ին հանդես եկավ հոդվածով, որը լայն արձագանք հարուցեց։ Եվ դա հասկանալի է. խոսակցություններն այն մասին, որ ադրբեջանցիները արցախահայերի համար բանտ են կառուցում, վաղուց էին շրջանառվում մամուլում, բայց առաջին անգամ այդ լուրերը հաստատվեցին լրագրողական հետաքննությամբ՝ հիմնված օբյեկտների ճանաչման տեսության կիրառմամբ արբանյակային լուսանկարների վրա։
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-20-ԻՆ ԲԱՔՎԻ ԶԻՆՎԱԾ ԱԳՐԵՍԻԱԻ ՕՐԵՐԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՏՆՎԵՑԻՆ ԱՅՆ ՄԱՍԻՆ, որ Ադրբեջանը որպես բնակիչների տարհանման հումանիտար միջանցքի բացման պայման պահանջում է հանձնել արցախցի տղամարդկանց՝ համաձայն իրենց ներկայացրած ցուցակի։ Որոշ աղբյուրներ ընդ որում նշում էին մի քանի հարյուրի հասնող թիվ, մյուսները՝ հաղորդում, որ ցուցակում ընդգրկված է մինչև 30 000 անուն, և ոչ միայն պետական, ռազմական և հասարակական գործիչների, այլև սովորական բնակիչների՝ 18-75 տարեկան տղամարդկանց։
Ավելի վաղ, հուլիս-օգոստոսին, երբ Լաչինի միջանցքով դեռևս անցնում էին Կարմիր խաչի հատուկենտ մեքենաներ, սկսեցին խոսել այն մասին, որ ադրբեջանցիները «ֆիլտրում են» բուժման մեկնող մարդկանց։ Արդեն եղել էին անցմանը խոչընդոտելու և արգելելու դեպքեր, իսկ ամենահայտնի դեպքը դարձավ 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի առևանգումը։ Խոսակցություններ էին շրջում նաև այն մասին, որ անցակետում ադրբեջանցիները սպառնում են մարդկանց տանել Աղդամի բանտ, որն իբր հայերն իրենք են կառուցելու իրենց համար։
Համաձայն News Lines-ի հետաքննության, շինարարությունն ընթանում էր 2022-ի հուլիսից։ Ընդ որում հեղինակները բերում են նույն թիվը, նշելով, որ «Ադրբեջանը համակենտրոնացման ճամբար էր կառուցում՝ 10000-30000 արցախահայերի բանտարկելու համար»։ Եվ հաստատում են տեղեկատվությունն այն մասին, որ ցուցակի առկայության և համակենտրոնացման ճամբարի շինարարության մասին գիտեին և՛ Արցախի, և՛ Հայաստանի, ինչպես նաև ԱՄՆ-ի իշխանությունները։ Մայիսին Պետդեպարտամենտի հնչեցրած հայտարարությունը, որով ողջունում էր Ադրբեջանի կողմից «ներման շնորհումը» ղարաբաղցիներին, պարբերականը կապում է հենց նրա հետ, որ Վաշինգտոնը տվյալներ ուներ համակենտրոնացման ճամբարի շինարարության մասին։ Մեր կողմից հավելենք. ամեն կասկածից վեր է, որ Ռուսաստանը նույնպես տեղյակ էր կառուցվող «оբյեկտի» և դրա նշանակության մասին։
Հոդվածի հեղինակներն առանձնահատուկ ընդգծում են այն վայրի խորհրդանշականությունը, որտեղ ընթանում էր շինարարությունը. «Տիգրանակերտ» պատմա-հնագիտական համալիրի հարևանությամբ։
Լրագրողների կարծիքով, «Շահբուլախին և Տիգրանակերտին անմիջական մերձակայությունը ողջ Հայաստանի վրա գերիշխելու Ադրբեջանի նկրտումների խորհրդանիշն է»։ Ելնելով հետևողականորեն առաջ մղվող «արևմտյան Ադրբեջան» նախագծից, նման գնահատականը, համաձայնեք, առավել քան իրատեսական է։
Այսպիսով, Տիգրանակերտի մոտ մի քանի տասնյակ հազար մարդու համար բանտի կամ համակենտրոնացման ճամբարի շինարարության փաստը և Արցախի գործնականում ողջ չափահաս արական բնակչությանը ձերբակալելու, դատելու և այնտեղ պահելու Բաքվի ծրագրերը արդեն որևէ կասկածից վեր են։ Ծագում են բոլորովին այլ բնույթի հարցեր. օրինակ, ինչո՞ւ է շինարարությունը դադարեցվել, ինչպես ասվում է հոդվածում, օգոստոսի վերջին-սեպտեմբերի սկզբին, այսինքն Ադրբեջանի զինված ագրեսիայից անմիջապես առաջ։
ԲՆԱԿԱՆԱԲԱՐ, ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՄԻԱՅՆ ԵՆԹԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆԵԼ, ելնելով արդեն հայտնի իրադարձություններից։ Այսպես, հավանականության որոշակի չափով կարելի է ենթադրել, որ Ալիևին իր հրեշավոր ծրագրերից հրաժարվել ստիպեցին արտաքին խաղացողները, որոնք գերազանց տեղյակ էին Արցախը վերջնականապես զավթելու նպատակով պատրաստվող հարձակման մասին։ New Lines-ի լրագրողներն այդ առնչությամբ հիշատակում են ոչ միայն Ալիևի կողմից արցախցիների «ներման» Վաշինգտոնի ողջունումը, այլև ընդգծում են. «Մոտալուտ ներխուժման նախանշանները նկատելի դարձան Էրդողանի և Պուտինի սեպտեմբերի 4-ի հանդիպումից հետո»։
Լիովին հավանական է նաև, որ հանրապետության լուծարման վերաբերյալ Արցախի նախագահի հայտնի հրամանն արձակվել է արցախցի տղամարդկանց զանգվածային գերեվարումից խուսափելու նպատակով։ Ինչպեսև Արցախի Հանրապետության նախկին և ներկայիս 8 առաջնորդների ձերբակալումը, ինչը դարձավ յուրօրինակ փրկագին, ընդ որում նրանցից առնվազն մի քանիսի առումով կարելի է ասել, որ կամովին ինքնազոհաբերության գնացին՝ ահավոր ողբերգությունից խուսափելու նպատակով։
Կրկնում եմ. մենք կարող ենք միայն ենթադրություններ անել։ Ընթանո՞ւմ է արդյոք որևէ հետաքննություն, թե ինչ էր կատարվում Արցախում և նրա շուրջ սկսած առնվազն 2023 թվականի ամառվանից մինչև սեպտեմբերի վերջ։ Անհասկանալի է։ Թեև եթե նույնիսկ Երևանում ինչ-որ բան անում են այդ ուղղությամբ, ոչ մի վստահություն փաշինյանական իրավապահների հանդեպ, բնականաբար, չի կարող լինել։ Քանզի ոչ պակաս լուրջ հարցեր են ծագում հենց իրենց՝ Հայաստանի իշխանությունների հասցեին, որոնք հաստատ գիտեին և՛ կառուցվող համակենտրոնացման ճամբարի, և՛ դրա օգտագործման վերաբերյալ Ադրբեջանի ծրագրերի, և՛ Արցախի վրա նախապատրաստվող հարձակման մասին։
Նույնիսկ այսօր, երբ լրագրողների հետաքննությունը հաստատեց Ալիևի ծրագրերը, որոնք կարող էին ծնվել միայն անհուսալիորեն հիվանդ և հայատյացությամբ բորբոքված ուղեղում, Երևանում լռում են։ Ինչպես որ լռում էին ավելի վաղ, գերազանց տեղյակ լինելով ամեն ինչի մասին և չփորձելով աղմուկ բարձրացնել միջազգային մակարդակով և դրանիով իսկ կանխել արցախահայությանը սպառնացող ողբերգությունը։ Մնացյալ ամենի մասին խոսելու կարիք էլ չկա. ազգային աղետի մեջ Փաշինյանի և իր ոհմակի դերը դեռ պետք է հետաքննվի և հետազոտվի հանգամանորեն։
Այն, ինչի մասին գրում են New Lines-ի լրագրողները, անհնար է վերլուծել և գնահատել լրագրային մեկ հոդվածում, և մենք նման խնդիր մեր առջև չենք էլ դնում։ Բայց անհնար է չհիշատակել ևս մեկ տեսանկյուն։
Արտաքին դերակատարները հիանալի գիտեին Բաքվի ծրագրերի մասին՝ համակենտրոնացման ահռելի ճամբարի վերածելու (և սա 21-րդ դարում) հայոց սրբազան վայրը՝ Տիգրանակերտը տասնյակ հազարավոր հայերի համար, որոնց միակ «մեղքը» մասնակցությունն էր իրենց Հայրենիքի համար մղված ազգային-ազատագրական պայքարին։ Եվ սակայն բոլոր այդ արտաքին դերակատարները միաձայն շարունակում են պնդել, թե իբր՝ Բաքվի երաշխիքները հիմք են տալիս հայերի անվտանգ վերադարձի համար իրենց տներ։
ՕՐԵՐՍ ԱՅԴ ՄԱՍԻՆ ՆՈՐԻՑ ՀԱՅՏԱՐԱՐԵՑԻՆ ՌԴ ԱԳՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ Մարիա Զախարովան, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը։ Այն մասին, որ Ադրբեջանը պետք է «պայմաններ ստեղծի հայերի կամովին, անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձի համար Լեռնային Ղարաբաղ», մշտապես պնդում են ԱՄՆ Պետդեպարտամենտն ու Եվրամիության տարբեր ներկայացուցիչներ։ Կրկնում եմ՝ տեղյակ լինելով հանդերձ, որ Ադրբեջանը համակենտրոնացման ճամբար է կառուցում տասնյակ հազարավոր արցախցի տղամարդկանց համար, չխոսենք արդեն մնացած ամենի մասին։
Արդեն իմաստ չունի մեկնաբանել անխտիր բոլոր խոշոր տերությունների և հայտնի գործիչների անսահման ցինիզմն ու երեսպաշտությունը։ Ուստի մեջբերենք Լուիս Մորենո Օկամպոյի խոսքերը. «Արցախի առաջնորդների շարունակվող կալանավորումը ուղերձ է հայերին՝ եթե վերադառնաք, ձեզ սովամահ կանեն, կնվաստացնեն կամ կսպանեն։ Այդ մարդկանց գերեվարումը ցեղասպանության գագաթնակետն է»։
Ցավոք, Օկամպոն առայժմ գնահատական չի տվել այն ճչացող փաստին, որ Ադրբեջանը մի ամբողջ տարի Արցախում կառուցում էր օբյեկտ, որի բուն անվանումը նույնանում է բացառապես ֆաշիզմի հետ։ Հենց դրանում է օրինաչափությունը. նման բան ծնել մեր ժամանակներում կարող էր միայն Ադրբեջանի նեոնացիստական ռեժիմը։ Իսկ քաղաքակիրթ 21-րդ դարի «քաղաքակիրթ» առաջնորդները դեմքի անմեղ արտահայտությամբ առաջարկում են, որ նացիստների հետ «խաղաղ համագոյակցեն» նրանք, ում համար նախատեսված էր համակենտրոնացման ճամբարը։
Իսկ ամենից աներևակայելին այն է, որ այդ ցինիզմի ավանգարդում են բուն Հայաստանի իշխանությունները։