ԲԱՆԱԿՈՒՄ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԱԶԴՈՒՄ Է 2 ՀԱՆԳԱՄԱՆՔ. ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐԸ` ԶՈՒ-Ի ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայկական բանակում տեղի ունեցած վերջին ողբերգական միջադեպերը 2018 թվականից ի վեր համակարգային խնդիրների և կարգապահության նպատակային վատթարացման արդյունք են: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Նախկին նախարարի խոսքով` բանակում տարբեր տեսակի արտակարգ պատահարներ եղել են նաև նախկինում, սակայն դրանց վերաբերյալ մանրակրկիտ հետաքննություն է անցկացվել, և բանակում ձևավորվել է գաղափարական-դաստիարակչական աշխատանքների համակարգ:

«Իսկ նման դեպքերի պատճառը 2018 թվականից բանակի կարգապահության մեջ անկումն է։ Բանակի նկատմամբ քաղաքականությունը իջեցվել է կենցաղային մակարդակի, կադրային արագ փոփոխությունները լուրջ ազդել են բոլոր օղակների, հատկապես մարտավարական օղակի աշխատանքների վրա։ Կադրային փոփոխությունները բացասաբար են անդրադարձել նաև երիտասարդ հրամանատարների պատրաստման գործընթացի վրա»,–ասաց Օհանյանը։

Միևնույն ժամանակ, ըստ քաղաքական գործչի, բանակային կարգապահության նվազեցման գործում իր դերակատարությունն է ունեցել նաև Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմը։ Մի կողմից զինվորների ու սպաների արիության ու խիզախության օրինակները պետք է համապատասխան բարենպաստ մթնոլորտ ստեղծեին զինված ուժերի հետագա զարգացման համար, սակայն միևնույն ժամանակ պետության զանգվածային բացթողումները, կառավարման ցածր մակարդակը հանգեցրել են անկարգապահ վիճակների, զանգվածային դասալքությունների։

«Այսօր կարգապահության վրա ազդում է երկու հանգամանք. առաջին հերթին դա մարտական հերթապահությունն է և դրա հետ կապված ընդհանուր լարվածությունը։ Անընդհատ խրամատներում գտնվելը մշտական լարված ծառայությունը ազդում են հրամանատար-զինվոր հարաբերությունների վրա: Երկրորդ, իհարկե, միջանձնային հարաբերությունների խանգարման հիմքում անհանդուրժողականությունն է: Սա էլ բերում է տարատեսակ արատավոր երևույթների՝ կիսաքրեական, փողոցային բարքերի, քրեական ենթամշակույթի»,–ընդգծեց Օհանյանը։

Վերոնշյալ բարքերը արմատախիլ անելու աշխատանքը, նրա խոսքով, պետք է սկսել դպրոցական նստարանից։ Շատ կարևոր դեր է վերապահված նաև իրավապահ մարմիններին։

Օհանյանն ընդգծեց, որ նախարար եղած ժամանակ ինքն արգելում էր ասել` «բանակը հասարակության հայելին է» կամ «բոլոր բանակներում այդպիսի դեպքեր լինում են»։

«Դա մասամբ այդպես է, բայց շատերը դա ընկալում են որպես արդարացում իրենց անգործության համար: Ի վերջո, բանակը վերջին օղակն է, որը պետք է «զտի» անհատականությունը, նրան դարձնի կարգապահ, օրինապահ անձնավորություն»,–հավելեց նախկին նախարարը։

Այժմ, Օհանյանի դիտարկմամբ, երկրի ռազմական ղեկավարությունը պետք է մանրամասն վերլուծություն կատարի ողբերգական դեպքերի վերաբերյալ։ Ի թիվս այլ միջոցառումների, անհրաժեշտ են նաև կադրային փոփոխություններ։ Բոլոր այն հրամանատարները, ովքեր չեն տիրապետում իրավիճակին և չեն ցանկանում մասնագիտորեն սովորել և աճել, պետք է հեռացվեն պաշտոններից։ Իսկ այն հրամանատարները, որոնք համակարգային փոփոխությունների զոհ են դարձել, պետք է վերականգնվեն։

Նախկին նախարարը վստահ է` ռազմական ղեկավարությունը գիտի, որ կան խնդրահարույց զորամասեր և ստորաբաժանումներ, քաջատեղյակ են տեղերում հրամանատարների մակարդակին և առկա խնդիրներին: Նրանք պետք է լրջորեն զբաղվեն այդ ստորաբաժանումներով։

Հիշեցնենք, որ հունվարի 9–ին զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է ավագ լեյտենանտ Միքայել Սամվելի Դանիելյանի դին՝ հրազենային վերքով: Քննչական կոմիտեն հայտնեց, որ զինծառայողը մահացու վնասվածքը ստացել է իրեն ամրակցված ինքնաձիգից կզակին արձակած կրակոցի հետևանքով։ Նույն օրը, հունվարի 9-ի առավոտյան պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել էր զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին՝ դարձյալ հրազենային վերքով։ Պարզվեց, որ զինծառայողի վրա կրակել էր նույն դիրքում գտնվող ժամկետային զինծառայողը։

Sputnik Արմենիա