ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԻՄԱ ԷԼ ՏԱԹԵՎԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ՈՐՊԵՍ «ՊԱՏՄԱԿԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՏԱՐԱԾՔ»
Մինչ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Ադրբեջանը, ի հեճուկս պայմանավորվածությունների, փորձում է տարածքային պահանջներ գեներացնել Հայաստանի նկատմամբ, Ալեն Սիմոնյանն էլ, թե Հայաստանից ասել են «Ղարաբաղն ու Նախիջևանը Հայաստան են», դրա համար Ալիևն էլ հայելային կրկնում է «Էրիվանի», Սևանի մասով, Ադրբեջանն արդեն «իրենով է անում» Հայաստանի պատմաճարտարապետական հուշարձանները։ «Հայքի» մշակույթի օմբուդսմեն, ադրբեջանագետ Հովիկ Ավանեսովը վստահ է՝ Ադրբեջանի նպատակն է կեղծ թեզերով «պատմական հիմքեր» ստեղծել ու իբր ապացուցել, որ Հայաստանի տարածքն իրենց «պատմական տարածքն է»։
«1918 թվականին Թուրքիայի ցեղասպան քաղաքականության հետևանքով աշխարհի քարտեզի վրա հայտնվեց Ադրբեջան արհեստածին պետությունը, որը չուներ սեփական ոչինչ՝ ոչ պատմություն, ոչ տիտղոսակիր ազգ, ոչ առավել ևս Ադրբեջան անվանումը, ոչ սեփական տարածք, ոչ մշակույթ, որպես ադրբեջանցի ներկայացնելով տարածաշրջանի տեղաբնիկ ժողովուրդներին՝ թալիշներ, ուդիներ և այլ։ Կեղծելով այդ ամենը և փորձելով ստեղծել սեփական ազգ, մինչ օրս գտնվելով ինքնության փնտրտուքի մեջ, առաջ քաշելով ադրբեջանցիների ծագման տասնյակ վարկածներ՝ Ադրբեջանը որդեգրել է տարածաշրջանի բնիկ ժողովուրդների պատմամշակութային ժառանգության յուրացման և ոչնչացման քաղաքականություն, որը, բնականաբար, իրականացնում է նաև հայերի նկատմամբ, որը լինելով տարածաշրջանի տեղաբնիկ ժողովուրդներից մեկը, ունենալով սեփական քաղաքակրթությունը՝ համաշխարհային քաղաքակրթության մաս է կազմում»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հովիկ Ավանեսովը։
Նա նշեց, որ Ադրբեջանի՝ պատմությունը կեղծելու քաղաքականության առանցքային մասն է կազմում հայկական մշակութային ժառանգության աղվանականացման քաղաքականությունը, որը ձևավորվել է դեռևս 1960-ական թվականներին. «Եթե այդ ժամանակահատվածում որպես աղվանական ներկայացնում էին Արցախի մի շարք պատմաճարտարապետական հուշարձաններ՝ Գանձասար, Ամարաս, Հակոբավանք, Ծիծեռնավանք, ապա այժմ Ադրբեջանի պետական քարոզչամեքենան որպես աղվանական է ներկայացնում ոչ միայն ամբողջ Արցախի տարածքում գտնվող պատմաճարտարապետական բազմաթիվ հուշարձաններ, այլ նաև որպես աղվանական է համարում Աղթամարի սուրբ Խաչ եկեղեցին, անգամ Վրաստանի տարածքում գտնվող մի շարք հայկական եկեղեցիներ, բնականաբար, նաև Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող պատմաճարտարապետական հուշարձանները»։
Ավանեսովն ասաց, որ վերջերս ադրբեջանական տարբեր հարթակներում հրապարակվեցին Տաթևի վանական համալիրի պատկերով լուսանկարներ, որի վրա գրված է, որ «այն աղվանական մշակութային ժառանգության բաղկացուցիչ մաս է»։
«Բնականաբար, իրականում Տաթևի վանական համալիրը հայկական պատմաճարտարապետական հուշարձան է և այն, որ այդ հուշահամալիրը հայկական է և ոչ մի առնչություն չունի աղվանականի հետ, բազմաթիվ փաստեր կան, ոչ միայն հայ, նաև օտար հեղինակներն են դրա մասին շեշտում։
Հատկանշական է, որ Տաթևի վանական համալիրը ոչ միայն ինքնատիպ լուծումներով պատմաճարտարապետական հուշարաձան է, նաև ռազմավարական կարևոր դիրք է զբաղեցնում, ժամանակին եղել է տարածաշրջանի կրթական, հոգևոր խոշորագույն կենտրոններից մեկը։ Այդ է նաև պատճառը, որ Ադրբեջանն այդ վանական համալիրը ներկայացնում է որպես աղվանական։
Մեկ այլ տեսանյունից էլ նայենք. քանի որ Տաթևի վանական համալիրը գտնվում է Սյունիքի տարածքում է և մեր հայրենիքի այդ հատվածը Ադրբեջանի քարոզչամեքենան ներկայացնում է որպես Զանգեզուր, ապա աղվանական ներկայացնելու մյուս կարևոր թեզը, որին պետք է անդրադառնանք այն է, որ այդ քայլով Ադրբեջանը ևս մեկ անգամ տարածքային հավականություն է ներկայացնում ողջ Սյունիքի նկատմամբ։ Այդ համատեքստում է Ադրբեջանը Տաթևի վանական համալիրը ներկայացնում որպես աղվանական՝ իբր դրանով փորձելով ապացուցել, որ իբրև Տաթևի վանական համալիրը, քանի որ աղվանական է, համարվում է «պատմական ադրբեջանական տարածք»։
Տաթևի վանական համալիրը ոչ մի առնչություն չունի Ադրբեջան արհեստածին կազմավորման հետ, քանի որ հազարամյակների պատմություն ունեցող բանկավայրը չի կարող պատկանել ընդամենը 1918 թվականին քարտեզի վրա ձևավորված ցեղասպան արհեստածին պետությանը, որի անգամ Ադրբեջան անվանումն իրենը չէ»,- ասաց նա։
Ադրբեջանագետը մեկ այլ օրինակ էլ ներկայացրեց. «Թշնամի պետության տարածքային նկրտումների հավաստիք և որպես այլոց պատմաճարտարապետական հուշարձանները գրպանելու պարազիտային քաղաքականություն հանդիսանում է Էջմիածնի Մայր տաճարի նկատմամբ ադրբեջանական հավակնությունները։ Ոչ միայն ադրբեջանական տարբեր սոցիալական հարթակներն են Էջմիածնի Մայր տաճարը ներկայացնում որպես աղվանական մշակութային ժառանագություն, այլ Ադրբեջանի գործող դպրոցական դասագրքերում»։
«Արհեստածին կազմավորումը նաև Հայաստանի ողջ պատմաճարտարապետական հուշարձաններն է ներկայացնում Ադրբեջանին պատկանող, հրապարակում են տարբեր լեզուներով։ Դրանցից հերթականը «արևմտյանադրբեջանի պատմաճարտարապետական հուշարաձաններ» կոչվող այսպես ասած աշխատությունն է, որի շապիկի վրա անգամ Գառնիի հեթանոսական տաճարը կա։
Սա հայկական պատմաճարտարապետական հուշարձանների և հայկական մշակութային ժառանագության յուրացման Ադրբեջանի պետական քաղաքականության հերթական «ապացույցներից» մեկն է։ Այսպիսի «ապացույցները» տասնյակներով են, որոնք խոսում են այն մասին, որ Ադրբեջանի նպատակն է նման թեզերով «պատմական հիմքեր» ստեղծել, իբր դրա վրա հենվելով՝ ապացուցել, թե տեսեք, սրանք փաստեր են, որոնք խոսում են, որ Հայաստանի տարածքը մեր «պատմական տարածքն է»»,- ասաց Հովիկ Ավանեսովը։