«Ժողովուրդ». ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐԸ ԴԱՐՁՆՈՒՄ ԵՆ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային Ժողովի 8-րդ գումարման 7-րդ նստաշրջանի քննարկվող նախագծերի շարքում է թաքնված՝ ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը։

Այն ենթադրում է հետևյալը. ՀՀ պետական եկամուտների կոմիտեում ներդնել կատարողականի գնահատման հիման վրա Կոմիտեի ծառայողներին հավելավճար տրամադրելու գործիքակազմ՝ հաշվի առնելով ծառայության անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը մեծացնելու, ծառայողների աշխատավարձերը բարձրացնելու և կադրերի արտահոսքը կանխելու անհրաժեշտությունը:

Բանն այն է, որ, ըստ նշված նախագծի, պարգևավճարներ ստանալը դառնում է օրենքով սահմանված կարգ, ինչը պարգևավճարների որոշումներ ստորագրողին ազատում է պատասխանատվությունից։

Նախատեսվում է, որ հավելավճարի հաշվարկման կարգով պետք է սահմանվի, որ դրա ձևավորման ժամանակ հաշվի են առնվելու օրենքով նախատեսված պատրաստում կամ վերապատրաստում անցած լինելու հանգամանքը, որի պարագայում աշխատակիցն արդեն իսկ ունենալու է հավելավճարի 30 տոկոսը ստանալու իրավունքը:

Ընդ որում՝ եթե աշխատողն ունենա Կառավարության կողմից սահմանված որակավորում և հարկային/մաքսային ոլորտի այլ հավաստագիր, ապա այդ աշխատողի համար պատրաստում կամ վերապատրաստում անցած լինելը հավելավճար ստանալու համար պարտադիր չի լինի, և նա արդեն իսկ կունենա հավելավճարի 30 տոկոսը ստանալու իրավունքը:

Եթե կարճ ձևակերպենք, ապա նախագծը «պարգևավճար» եզրույթը դարձնում է «հավելավճար», իսկ պարտավորությունը դնում է պետության ուսերին՝ ասելով, որ դա օրենքն է ենթադրում, այլ ոչ թե որևէ պաշտոնյա է կամայական որոշում»:

News.am