Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆԸ՝ ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻՆ․ ԵԹԵ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԵՂԱՎՈՐԸ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԸ ՉԷ, ԱՊԱ ԻՆՉՈ՞Ւ ՉԵՔ ՄԱՏՆԱՆՇՈՒՄ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԵՂԱՎՈՐԻՆ

Կարդացի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի՝ ՔԿՀ-ից ուղարկված հայտարարությունը։ Քանի որ նա գտնվում էր անազատության մեջ, թերևս այնքան էլ ճիշտ չէր նրան հարցեր ուղղել, որի մասին վաղուց էի մտածում։

Նրան խնայեցի նաև, երբ նա այցելեց 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձանաժողով։ Սակայն այժմ արդեն որոշեցի մի քանի հարցեր ուղղել Դավիթ Տոնոյանին։

1 Պարոն Տոնոյան, երբ 2018 թվականի ստի և կեղծիքի հեղափոխության ժամանակ և դրանից հետո հեղափոխականներն անվանարկում, ծաղրում, հայհոյում էին, իրենց խոսքերով՝ «նախկիններին», այն է՝ Ձեր նախկին գործընկերներին, Դուք անձամբ ինչպե՞ս էիք Ձեզ զգում և Դուք ինքներդ Ձեզ համարո՞ւմ էիք նախկին։ Եթե ոչ, ապա․․․

2 Պարոն Տոնոյան, Ձեզ հետ միանգամայն համաձայն եմ առ այն, որ այդ հանձնաժողով կոչվածի և նրա նախագահի նպատակը 44-օրյա պատերազմի պարտության մեղավոր ՀՀ զինված ուժերին ճանաչելն է։ Մեղավոր ճանաչելով զինված ուժերին, բնականաբար, մեղավոր են բանակի հրամանատարությունը, ինչպես պատերազմի օրերին, այնպես էլ մինչ 2018 թվականի ստի և կեղծիքի հեղափոխությունից առաջ՝ նախկինները։

Այն, որ հանձնաժողովի նախագահը տարածում է բամբասանքներ և զրպարտություններ, նույնպես համաձայն եմ, բայց արդյոք Դուք այդ մասին նո՞ր եք իմանում։ Իսկ երբ այդ նույն անձնավորությունը գլխավորում էր նույնանման, բայց 4-օրյա պատերազմին վերաբերող հանձնաժողովը, չնկատեցի՞ք, որ նույն բամբասանքի և զրպարտության ոճով էր նա շարժվում։ Թե՞ այն ժամանակ Դուք անվերապահորեն հավատում էիք՝ ինչպես վարչապետ կոչեցյալին, այնպես էլ՝ նրա կողմից նշանակված հանձնաժողովի նախագահին։ Եթե այո, ապա․․․

3 Պարոն Տոնոյան, որպես պաշտպանության նախարար, արդյոք Ձե՞ր որոշումն է եղել, որ պատերազմի 4-րդ օրը չեղարկվել է զորակոչը և սկսվել է կամավորական ջոկատների կազմավորումը։ Եթե ոչ, ապա հարց է առաջանում՝ Դուք այդ որոշման հետ համաձայն եղե՞լ եք։ Եթե ոչ, ապա․․․

4 Հայտնի է, որ մինչև նոյեմբերի 9-ը Ռուսաստանի նախագահ Վ Պուտինը երկու անգամ առաջարկել է կանգնեցնել պատերազմը։ Արդյոք Դուք տեղեկացված եղե՞լ եք այդ մասին։ Եթե այո, ապա Դո՞ւք եք առաջարկել մերժել առաջարկությունները։ Եթե ոչ, ապա․․․

5 Ողջ 44-օրյա պատերազմի ընթացքում ժողովրդին իր ստերով մոլորեցնում էր պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։ Նա Ձե՞ր հրահանգով էր գործում։ Եթե ոչ, ապա․․․

6 Պարոն Տոնոյան, երբ Դուք զգացիք, որ պատերազմը տանուլ ենք տալիս, ի՞նչ քայլերի կարելի էր գնալ, որ Դուք չհամարձակվեցիք անել։ Եթե հնարավոր էր, և չհամարձակվեցիք անել, ապա․․․

6 Վերոնշյալ հարցերին պատասխանելուց հետո գալիս է գլխավոր հարցը Պարոն Տոնոյան, եթե պարտության մեղավորը զինված ուժերը չեն եղել, ապա ինչո՞ւ չեք մատնանշում հիմնական մեղավորին։ Արդյոք դեռևս հավատո՞ւմ, խնայո՞ւմ եք նրան, թե՞ վախենում եք նրանից։ Եթե այո, ապա․․․

7 Եվ վերջապես վերջին հարցը։ Պարոն Տոնոյան, Ձեր հայտարարությամբ դիմել եք գլխավոր դատախազուհուն։ Այսինքն, Դուք հավատում եք, որ նա գործում է անկախ և անաչա՞ռ։ Արդյո՞ք Ձեր պաշտոնավարման ժամանակ գլխավոր դատախազը գործում էր օրենքով և պատվերներ չէր կատարում։ Թե՞ Դուք զբաղված էիք զինված ուժերով և չէիք նկատում Ձեր նախկին գործընկերների նկատմամբ սարքված քրեական գործերն ու հալածանքները։ Եթե այո, ապա․․․

Այս հարցերին անկեղծ պատասխանելու դեպքում, համոզված եմ, որ ինքս Ձեզ կհամարեմ քաղբանտարկյալ։

Aysor.am