Արտակը ԶԱՔԱՐՅԱՆ․ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ ՌԴ-Ի ԵՎ ԻՐԱՆԻ ՀԵՏ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ Է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանի անվտանգային խնդիրների լուծումը Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական հանրապետության հետ երկարաժամկետ պայմանավորվածություններում է։ Նման տեսակետ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակը Զաքարյանը։

 

Նախկին փոխնախարարի դիտարկմամբ` այդ երկու երկրների հետ Հայաստանն ունի ընդհանուր շահեր և միայն նրանց հետ ճիշտ աշխատանքի արդյունքում կարող է դիմագրավել նոր աշխարհակարգի ստեղծման մարտահրավերներին։

«Այսօր աշխարհն ակնհայտորեն գնում է մի շարք պատերազմների։ Հելսինկյան ակտի ստորագրումից հետո ստեղծված աշխարհակարգն աստիճանաբար տրանսֆորմացիա է ապրում, իսկ նոր աշխարհակարգի ձևավորման գործընթացը շատ ցավոտ է ընթանալու։ Փոքր երկրները, ինչպիսին Հայաստանն է, որի 4 հարևաններից 2–ը թշնամաբար են տրամադրված, հասարակությունը մասնատված է, իսկ իշխանության ղեկին դիլետանտներ են, բավարար պարամետրեր չունի իրավիճակը արժանապատվորեն, ինքնուրույն ու բարենպաստ հաղթահարելու համար»,–ասաց նա։

Զաքարյանի խոսքով` ստեղծված իրավիճակում իր անվտանգության ապահովման համար Հայաստանը նախ պետք է անի իրենից կախվածը, իսկ դաշնակիցների հետ պետք է պատշաճ աշխատի, սեփական փաստարկներով հիմնավորված կերպով շահերը համադրի նրանց շահերի հետ։

«Միայն այդ կերպ է հնարավոր քո տարածաշրջանում, քո երկրում հասնել նվազագույն անվտանգային խնդրի լուծմանը։ Դա ՌԴ–ի և Իրանի հետ ամուր պայմանավորվածություններով կարող է լինել»,–ընդգծեց մեր զրուցակիցը։

Նման մարտահրավերների պայմաններում Հայաստանի համար առաջնային է սպառազինության ձեռքբերումը։ Բոլորին հայտնի է, որ Ռուսաստանը մշտապես եղել է Հայաստանի սպառազինության գլխավոր մատակարարը։ Բայց, Զաքարյանի խոսքով, ժամանակակից ռազմարվեստը, պատերազմի վարման կանոնները, պաշտպանունակության ապահովման խնդիրները թույլ են տալիս և պարտավորեցնում են դիվերսիֆիկացնել սպառազինության աղբյուրները։

«Որոշ դեպքերում անհրաժեշտ է այլ երկրներում փնտրել ռուսական տեխնիկայի անալոգներ, որոնք իրենց տակտիկանեխնիկական պարամետրերով առավել հարմար են լեռնային ռելիեֆի պայմանների և հայկական բանակի առջև ծառացած մարտական խնդիրների արդյունավետ լուծման համար, բայց դա միայն այն դեպքում, եթե դու վարում ես հավասարակշռված արտաքին քաղաքականություն և ինքնուրույն որոշումներ ես կայացնում»,–ասաց նա։

Վերոնշյալը, ըստ Զաքարյանի, Հայաստանի մասին չէ, քանի որ ներկայիս իշխանությունները հեռու են ինքնուրույն որոշումներ կայացնելուց։

«Ինչ-որ տեղից ասում են ՝ Ռուսաստանի հանդեպ թշնամանքի «դոզա» է պետք, դուք պետք է ՌԴ-ի հետ հարաբերությունները փչացնեք, իսկ մենք ձեզ ամեն ինչով կապահովենք, իսկ հետո խաբում են։ Կամ գնացեք ճանաչեք Արցախը Ադրբեջանի կազմում, մենք կլուծենք Հայաստանի անվտանգության հարցը։ Հետո պարզվում է, որ դա էլ է սուտ։ Այսինքն՝ այլ շահեր հետապնդող չհաշվարկված քաղաքականության մեջ սպառազինությունը տեղափոխվում է երրորդ չորրորդ պլան»,–ընդգծեց նա։

Զաքարյանը, ամփոփելով հավելեց, որ սպառազինության գլխավոր աղբյուրը Հայաստանի համար եղել է և կմնա Ռուսաստանի Դաշնությունը` հաշվի առնելով տարածաշրջանում ընդհանուր հետաքրքրություններն ու շահերը։

Sputnik Արմենիա