ՍԻՄՈՆՅԱՆԸ ՇՆՈՐՀԱԿԱՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՍԵՆԱՏԻՆ ՆՐԱ ՀԱՄԱՐ, ԻՆՉ ՉՀԱՄԱՐՁԱԿՎԵՑ ԱՆԵԼ ՀՀ ԱԺ-Ն. ՀԱՅԱՆՊԱՍՏ ԲԱՆԱՁԵՎԻ

Հունվարի 17-ին Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևը արդեն թվով երրորդ փաստաթուղթն է Արցախի և Հայաստանի իրավիճակի վերաբերյալ, որ ընդունում է ֆրանսիական պառլամենտի վերին պալատը 44-օրյա պատերազմից երեք տարուց քիչ ավելի ժամանակահատվածում։ Այո, ինչպեսև նախորդ բանաձևերը, այն կրում է խորհրդատվական բնույթ և ավելի շուտ բարոյական նշանակություն ունի։ Այո, այդ երկրի գործադիր իշխանությունը դժվար թե դիմի Բաքվի դեմ պատժամիջոցների կիրառման։

Միաժամանակ արժե ընդգծել, որ փաստաթղթի գործնականում բոլոր դրույթները այս կամ այն ձևով բազմիցս հնչել են Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչների, այդ թվում՝ արդեն նախկին արտգործնախարար Կատրին Կոլոնի ելույթներում։

ԱՆԺԽՏԵԼԻ Է ՄՆՈՒՄ ՆԱԵՎ ՄԵԿ ԱՅԼ ՓԱՍՏ. ՆՇՎԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ (2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո) ոչ մի այլ երկրի խորհրդարան այնպիսի հետևողականությամբ և սկզբունքայնությամբ չի պաշտպանել Արցախի ժողովրդի շահերը, ինչպես Ֆրանսիայի օրենսդրական կառույցի երկու պալատները։ Լսումներ են եղել ԱՄՆ Կոնգրեսի կոմիտեներում, Եվրախորհրդարանում, այլ երկրների պառլամենտական կառույցներում, բայց այդպիսի հստակ բանաձևեր չեն ընդունվել։ Պետդումայի և Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնային խորհրդի մասին ավելի լավ է առհասարակ լռել։

Ասենք, տվյալ դեպքում մենք դարձյալ բախվում ենք պարադոքսալ իրավիճակի, ինչը սովորական է դարձել փաշինյանական ոհմակի իշխանության համարյա 6 տարիների ընթացքում։ Այն է՝ արժե՞ արդյոք քար նետել ռուսաստանյան և ցանկացած այլ պատգամավորների բոստանը, եթե բուն Հայաստանի Ազգային ժողովը ցուցադրաբար խուսափում է ոչ գոնե բանաձևեր կամ հայտարարություններ ընդունելուց, այլ նույնիսկ Արցախի թեման և Հայաստանի անվտանգության բորբոքուն խնդիրները պարզապես քննարկելուց։

Դարձյալ անդրադառնանք Ֆրանսիայի Սենատի բանաձևի տեքստին, որպեսզի կրկին համոզվենք, որ դրա դրույթները ներառում են հայ ժողովրդի գործնականում բոլոր առավել հրատապ և բառացիորեն ճչացող խնդիրները։

Եվ այսպես, Ֆրանսիայի Հանրապետության խորհրդարանի վերին պալատը «աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը և դատապարտում սեպտեմբերի 19-ին և 20-ին Արցախի դեմ ագրեսիա իրականացրած Ադրբեջանին»։ Ոչ մի անգամ Հայաստանի Ազգային ժողովը հանդես չեկավ 2023-ի սեպտեմբերին Արցախի վրա Ադրբեջանի ավազակային հարձակումը դատապարտող հայտարարությամբ կամ այլ փաստաթղթով։ Սեպտեմբերի 19-ին անցկացվեց ընդամենը արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ, բայց այդքանով էլ ամեն ինչ սահմանափակվեց. բանը չհասավ ո՛չ ԱԺ նիստի, ո՛չ էլ առավելևս հայտարարության։

Ավելին, հայ ժողովրդի մեծագույն ողբերգությունից ընդամենը 2 ամիս անց փոխխոսնակ Ռուբինյանը հայտարարեց, որ «Հայաստանը շարունակում է աշխատել խաղաղության համաձայնագրի և Ադրբեջանի հետ հարաբերությունների հաստատման ուղղությամբ»։ Մեկնաբանություններն այստեղ ավելորդ են, քանզի անհնար է դրանք տեղավորել ոչ հայհոյական արտահայտությունների շրջանակներում։

Այնուհետ Սենատը «կոչ է անում Ադրբեջանին երաշխավորել հայ բնակչության անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ, երաշխավորելով պայմաններ, որոնք կապահովեն նրա անվտանգությունը և բարեկեցությունը». Հայաստանի ԱԺ-ն Հայրենիքից արցախցիների աղետալի գաղթից հետո ոչ մի անգամ չի քննարկել հարցը և նույնիսկ ձևականորեն, հաշվի առնելով խնդրի ողջ բարդությունն ու անմիանշանակությունը, հանդես չի եկել նման կոչով։

ՇԱՐՈՒՆԱԿԵՆՔ. ՍԵՆԱՏԸ «ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԱՆՀԱՊԱՂ ԵՎ ԱՆՎԵՐԱՊԱՀՈՐԵՆ դուրս բերել ադրբեջանական և նրանց դաշնակիցների զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից», ինչպեսև նշում է, որ «Հայաստանն իրավունք ունի պաշտպանել իր տարածքային ամբողջականությունը և միջոցներ ունի իր անվտանգությունն ապահովելու, այդ թվում՝ ռազմական միջոցներով»։ Չորս ամիս անց լրանում է 3 տարին, ինչ բռնազավթվել է Հայաստանի տարածքի ամբողջ 200 քառակուսի կիլոմետր. ՀՀ խորհրդարանը ոչ մի անգամ չի քննարկել այդ հարցը, չի արել ոչ մի հայտարարություն և չի պահանջել հանել թշնամական զորքերը երկրի ինքնիշխան տարածքից։ Փոխարենը շատ են սիրում ինքնիշխանության մասին ճամարտակել պատգամավորները, մանավանդ իշխող կուսակցության խմբակցությունից։

Անցնենք առաջ. Ֆրանսիայի Սենատը «դատապարտում է Լեռնային Ղարաբաղի քաղաքական առաջնորդների կամայական ձերբակալումը»։ ՀՀ ԱԺ պատգամավորներն այդ թեմայից վախենում են ինչպես կրակից։ Ոչ մի անգամ նույնիսկ ակնարկ չի եղել հայտարարություն ընդունելու Արցախի ռազմաքաղաքական 8 գործիչներին ազատելու պահանջով, որոնց անօրինաբար առևանգել և բանտարկել է Բաքվի հանցավոր ռեժիմը։ Թեև բանտարկվածների մեջ են 3 նախագահներ, Արցախի Այգային ժողովի խոսնակը և այնպիսի հայտնի անձնավորություն, ինչպիսին է Ռուբեն Վարդանյանը։ Նրանց ճակատագիրը բոլորովին չի հուզում հայ պատգամավորներին, ինչը, թեպետ, ամենևին զարմանալի չէ։

Այնուհետ Սենատը շոշափում է կարևորագույն թեմա. հայկական հուշարձանների պահպանությունը և պաշտպանությունը։ Բանաձևը «կոչ է անում զինված բախման դեպքում հանել Ադրբեջանին մշակութային արժեքների պահպանման միջկառավարական կոմիտեից»։ Եվ ընդգծում է. «Կարևոր է ստեղծել ՅՒՆԵՍԿՕ-ին կից միջազգային փորձագետների խումբ, ուղարկել նրանց Լեռնային Ղարաբաղ՝ տեղեկատվական զեկույց նախապատրաստելու մշակութային և կրոնական ժառանգության վիճակի մասին»։

Այս թեման նույնպես տաբուների շարքում է ԱԺ պատգամավորների համար. Արցախի պատմամշակութային ժառանգության հարցը ոչ մի անգամ չի բարձրացվել Հայաստանի խորհրդարանում։ Ավելի քան 3 տարի շարունակ դրա պատերի ներսում խիստ հազվադեպ են հնչել (եթե ընդհանրապես հնչել են) Դադիվանք, Ղազանչեցոց Ամենափրկիչ, Գանձասար, Ամարաս, Տիգրանակերտ բառերը…Իրոք, ի՞նչ կապ ունեն հայ ժողովրդի այդ և մյուս սրբությունները հայատյացների և թուրքասերների հանցախմբի հետ։

Վերջապես, Սենատի բանաձևի վերջին կետը. «Կարևոր է նաև ամենավճռական միջոցներ ձեռնարկել, ներառյալ ադրբեջանական առաջնորդների ակտիվների բռնագրավումը և Ադրբեջանից գազի և նավթի մատակարաման էմբարգոն, նրա կողմից իրականացվող ռազմական ագրեսիայի դեմ»։

ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ԿԱՐՈ՞Ղ Է ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼ ԻՇԽՈՂ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՐԵՎԷ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ, որը կպահանջի պատժամիջոցներ կիրառել Ալիևների դեմ կամ ձերբակալել Փաշինյանի «կառուցողական» ախպերացուի ակտիվները։ Կամ էլ պարզապես բանավոր կդատապարտի նրան, ով բազմաթիվ հրեշավոր հանցագործություններ է կատարել հայ ժողովրդի դեմ, որի «ընտրյալներ» են այսօր հորջորջում իրենց դավաճան ռեժիմի անդամները։ Ընդհանրապես ՔՊ-ական թորվածքի այս խորհրդարանում գոնե մեկ անգամ մեղադրանք հնչե՞լ է ցեղասպան պետության ղեկավարության հասցեին։

Ընդգծենք. ասվածը հավասարապես վերաբերում է և՛ իշխող, և՛ ընդդիմադիր խմբակցությունների անդամներին։ Կար ժամանակ, երբ ընդդիմությունը ԱԺ արտահերթ նիստեր էր նախաձեռնում, քննարկելու համար հայ ժողովրդի և պետականության ամենահրատապ հարցերը։ Այդ փորձերը, բնականաբար, ձախողման էին դատապարտված «ՔՊ»-ի ջանքերով, բայց բուն նախաձեռնությունը, ինչպեսև քննարկումներն ու հասարակական լսումները ամեն դեպքում արժանանում էին հասարակական և միջազգային արձագանքի։ Բայց ընդդիմադիր խմբակցությունները վաղուց արդեն չեն էլ փորձում որևէ բան նախաձեռնել, դրանով իսկ գործնականում աջակցելով իշխանությունների հանցավոր դիրքորոշմանը։

… Հայաստանի գլխավոր թքող Ալեն Սիմոնյանը, որը չի հոգնում զարմացնել հասարակության ողջամիտ զանգվածին իր անսահման ցինիզմով, հարկադրված արձագանքեց Փարիզում ընդունված բանաձևին, սոցցանցում գրելով. « Շնորհակալություն Ֆրանսիայի Սենատի մեր գործընկերներին՝ Հայաստանին և հայ ժողովրդին աջակցող այս կարևոր հանձնառության համար»։ Բնականաբար՝ Արցախի մասին ոչ մի խոսք։

Հռետորական հարց Սիմոնյանին. ուրեմն ինչո՞ւ «կարևոր» բանաձևի կարևոր հարցերը, որոնք արտացոլում են հայ իրականության ամենաբախտորոշ խնդիրները, երբեք քննարկման առարկա չեն դարձել իր գլխավորած ամոթալի ժողովանոցում՝ «ՀՀ խորհրդարան» անվանումով…