ԲՈՐԵԼ․ ԻՍՐԱՅԵԼԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼ Է ՀԱՄԱՍ-ԻՆ, ՈՐՊԵՍԶԻ ԹՈՒԼԱՑՆԻ ՊԱՂԵՍՏԻՆԻ ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Իսրայելին մեղադրել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ֆինանսավորման մեջ՝ «Պաղեստինի ինքնավարությանը՝ ՖԱԹՀ-ի գլխավորությամբ, թուլացնելու» նպատակով, տեղեկացրել է Euronews-ը։
Իսպանիայում, Վալյադոլիդի համալսարանում ունեցած ելույթի ժամանակ Բորելը նաև մեղադրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին այն բանում, որ նա անձամբ խափանում է տասնամյակներ ձգվող իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման ցանկացած փորձ։
«Վատ նորությունն այն է, որ Իսրայելը, մասնավորապես՝ նրա կառավարությունը, լիովին հրաժարվում է (և երեկ Նեթանյահուն նորից ասաց այդ մասին), ասես կանխատեսելով իմ այսօրվա խոսքերը, որոշում ընդունել (երկու պետության մասին), որը նա անձամբ բոյկոտում է վերջին 30 տարիներին»,- ասել է Բորելը։
ԵՄ դիվանագիտության ղեկավարի կարծիքով՝ երկու պետության մասին որոշումը «պետք է պարտադրվի դրսից»։
«Մենք կարծում ենք, որ երկու պետության մասին որոշումը պետք է պարտադրվի դրսից»,- ասել է Բորելը։
«Բայց ես պնդում եմ, որ Իսրայելը այնքան հեռուն է գնացել, որ ինքն է ստեղծել ՀԱՄԱՍ-ը։ Այո, ՀԱՄԱՍ-ը ֆինանսավորվում է Իսրայելի կառավարության կողմից, որպեսզի թուլացնի Պաղեստինի ինքնավարությունը՝ ՖԱԹՀ-ի գլխավորությամբ»,- ավելացրել է նա։
Այս ամսվա սկզբին Լիբանան կատարած այցի ժամանակ նա հայտնել էր, որ պաղեստինյան պետության ստեղծումը «միակ կենսունակ որոշումն է, որը կարող է խաղաղություն և անվտանգություն ապահովել Իսրայելի և Պաղեստինի համար»։
Բայց ուրբաթ օրվա ելույթում Բորելը տրտնջացել էր, որ «բոլորը, Իսրայելի կառավարությունից բացի», նման որոշման կոչ են անում։
«Եթե մենք վճռականորեն չմիջամտենք, ատելության պարույրը կշարունակվի սերնդեսերունդ»,- ասել է Բորելը։
Դոկտորի կոչում ստանալու հետ կապված ելույթի ժամանակ Բորելը քննադատել է ծայրահեղական տրամադրություններ ունեցող վերաբնակներին Հորդանան գետի Արևմտյան ափին։
«Միջազգային հանրությունը (վերաբնակներին) համարում է անօրինական, բայց ոչինչ չի արել այդ անօրինականությունը վերացնելու համար»,- ասել է Բորելը։
Արտաքին գործողությունների եվրոպական ծառայությունը (EEAS) միության դիվանագիտական ստորաբաժանումը, որը գլխավորում է Բորելը, դիտարկում է ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի օրինակին հետևելու և վերաբնակների դեմ պատժամիջոցներ մտցնելու հնարավորությունը, որոնք պատասխանատու են Արևմտյան ափին կատարվող բռնության համար։
Սակայն, դիվանագիտական աղբյուրների խոսքով, քիչ հավանական է, որ արտաքին գործերի նախարարները հավանություն կտան վերաբնակների դեմ նախատեսվող պատժամիջոցներին։