Ալեքսանդր ԼԱՊՇԻՆԸ՝ ԱՐՑԱԽԻ ՆԱԽԿԻՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԲԵՄԱԴՐՎԱԾ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Բլոգեր և ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինը մեկնաբանել է ադրբեջանական գերության մեջ գտնվող Արցախի նախկին ղեկավարների լուսանկարների հրապարակումը:

Լապշինը պատմել է, թե ինչպես էին իրեն Բաքվի բանտում լուսանկարներ անում, որպեսզի աշխարհին իրողություններին չհամապատասխանող այլ պայմաններ ցույց տան։ Իսկ իրականում, Լապշինի խոսքով, պայմաններն այլ էին։

Նա նշել է, որ լուսանկարները չեն արվել իրական խցերում։ Նրա խոսքով՝ այդ ժամանակ գերիներն խնդրում են ժպտալ՝ զբոսանքներից զրկելու սպառնալիքների ներքո:

«Հայաստանի բնակիչները բացարձակապես չեն հասկանում, թե ինչ երկիր է Ադրբեջանը, ովքեր են ադրբեջանցիները և ինչպիսին է Ալիևի ռեժիմը։ Ադրբեջանցիները տարածել են «երջանիկ» հայ գերիների լուսանկարներ, որոնց թվում Արայիկ Հարությունյանն է, Դավիթ Բաբայանը և այլք։ Ցույց են տալիս, թե նրանք, իբր, գրադարանում գրքեր են կարդում, հեռուստացույց են դիտում, խցում ջեռուցման մարտկոցներ կան, նրանց մոտ ամեն ինչ լավ է, նրանք նման են հանգստավայրի։ Դրանք բեմադրված լուսանկարներ են։ Ինձ Քուրդահան բանտում էին պահում, իսկ լուսանկարվելու համար տանում գրադարան։ Ադրբեջանցիներն ինձ գիրք տվեցին, ասացին՝ ժպտա, այլապես կզրկեն բանտի բակում զբոսնելուց։ Հետո ինձնից գիրքը վերցրին ու ինձ տարան կեղտոտ ու գարշահոտ խուց»-Facebook-ում գրել է Լապշինը։

Լապշինի խոսքով՝ իրական խցերում ջեռուցում և հարմարություններ չկան, և դատապարտյալները ձմռանը սառում են:

«Սովորական խցերում ջեռուցում չկա, դատապարտյալները ձմռանը սառում են, քնում խորհրդային պատռված վերմակների տակ՝ հագնելով իրենց վրա եղած բոլոր հագուստները։ Այնտեղ հեռուստացույցներ չկան»,-գրել է նա։

Նա հավելել է, որ Հայաստանում լավ չեն պատկերացնում, թե իրականում ինչ է կատարվում Ադրբեջանում։

Ադրբեջանական լրատվամիջոցներն ու տելեգրամյան ալիքները տարածել էին բանտում գտնվող Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, ՊԲ նախկին նախարար Լևոն Մնացականյանի և Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի լուսանկարները:

2023-ի սեպտեմբերի 30-ին հայտնել էինք, որ Ադրբեջանում կալանավորվել են Արցախի նախկին արտգործնախարար և նախագահի օգնական Դավիթ Բաբայանը և Արցախի բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, որոնք ավելի վաղ գերեվարվել էին Բաքվի կողմից։ Դավիթ Բաբայանը գերեվարվել էր սեպտեմբերի 30-ին, իսկ Լևոն Մնացականյանը՝ սեպտեմբերի 29-ին։ ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը՝ ՀՀ պատգամավոր Գեղամ Մանուկյանի եղբայրը, ևս սեպտեմբերի 29-ին էր գերեվարվել։ Սեպտեմբերի 28-ին գերեվարվել էր նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

2023-ի հոկտեմբերի 3-ին հայտնի էր դարձել Արցախի երեք նախկին նախագահների և ԱԺ նախագահի գերեվարման մասին, որոնց Ադրեջանն ավելի ուշ՝ հոկտեմբերի 5-ին, ձերբակալել էր։ Նույն օրը հայտնի դարձավ, որ Բաքվի դատարանը չորս ամսով կալանավորել է Արցախի երկու նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին և Բակո Սահակյանին, ինչպես նաև Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին

Armenia Today