Գոհար ՄԵԼՈՅԱՆ․ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՀՆԱՐԱՎՈՐ Է՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՆՎԻ ՀՂՈՒՄԸ ՄԵՐ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳՐԻՆ
Ակնհայտ է, որ այս ուժն ինչ իշխանության է եկել, վերջին 5 տարիների ընթացքում իրենց օրակարգում են եղել սահմանադրական փոփոխությունները, Aysor.am-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե մեզ նոր Սահմանադրություն է պետք՝ ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը:
Նրա խոսքով՝ դրա մասին են վկայում գործող երկու սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովները, որոնցից առաջինը կազմալուծվեց հետպատերազմյան շրջանում, որից հետո ձևավորեցին երկրորդ հանձնաժողովը, որը մինչ այժմ գործում է.
«Իրենց խոսույթում մշտապես եղել են սահմանադրական փոփոխությունները։ Նշեմ, որ սահմանադրական փոփոխությունը, Սահմանադրության փոփոխությունը, նոր Սահմանադրությունը տարբեր բաներ են: Հիմնական տարբերությունն այն է, որ եթե փոփոխության դեպքում մենք ունենք Սահմանադրության անփոփոխելի հոդվածներ, ապա նոր Սահմանադրության ընդունման պարագայում կարող է փոփոխվել Սահմանադրության նախաբանը, որը հիմքային է և որում հղում է կատարվում մեր անկախության հռչակագրին և հիմնարար սկզբունքներին՝ Հանրապետության պետականության ձևավորմանը: Երկրորդ՝ արդեն հնարավորություն կունենան փոփոխելու սահմանադրությամբ անփոփոխելի դրույթները»:
Խնդիրը, ըստ մասնագետի, այն է, որ այս ամբողջ տարիների ընթացքում օրակարգում ունենալով սահմանադրական փոփոխությունները՝ զուտ պոպուլիստական ու ամպագորգոռ եզրույթներ են կիրարկվում. «Օրինակ, ինչպես իրեն թույլ տվեց գործադիրի ղեկավարը՝ Սահմանադրությունը քիչ մրցունակ անվանել, հիմնավորել, որ պետք է էվոլյուցիային համաքայլ շարժվել: Իմ գնահատմամբ՝ մեր Սահմանադրությունը մրցունակության հետ կապված խնդրահարույց չէ: Անգամ միջազգային կառույցների կողմից 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների արդյունքում կոնկրետ Մարդու իրավունքների գլուխն ամենաորակյալներից մեկն էր գնահատվել: Եվ երբ բարձրագույն պաշտոն զբաղեցնող անձն իրեն թույլ է տալիս նմանաբնույթ արտահայտություններ, դրան առնվազն պետք է հաջորդեն մի քանի օրինակ, թե ինչու Սահմանադրությունը մրցունակ չէ և էվոլյուցիային համարժեք չենք քայլում և ինչ բնույթի փոփոխություններ են անհրաժեշտ»:
Գոհար Մելոյանի պնդմամբ՝ նման օրինակներ այս 4-5 տարիների ընթացքում ընդամենը մեկ անգամ են օրակարգ դարձել, երբ Սահմանադրական դատարանը հետապնդման էր ենթարկվում.«Այդ ժամանակ օրակարգ դարձրին Գերագույն դատարանի ստեղծման հարցը, որը դարձյալ պետք է լիներ սահմանադրական բարեփոխումների արդյունքում և դա ավարտվեց հակասահմանադրական բնույթի սահմանադրական փոփոխություններով: Իմ գնահատմամբ՝ սա որոշակի վտանգներ պարունակող գործընթացի մեկնարկ է»:
Նրա խոսքով հնարավոր է՝ այդ փոփոխություններով Սահմանադրությունից հանվի հղումը մեր անկախության հռչակագրին. «Իհարկե, հնարավոր է նաև այնպիսի փոփոխությունների ենթարկեն, ինչպիսիք են արտաքին մարտահրավերի համատեքստում մեր թշնամի և հակառակորդ պետությունների կողմից մեր դեմ ներկայացված պահանջները։ Օրինակ, պարբերաբար օրակարգ են դարձվում մեր զինանշանի փոփոխությունները և, մասնավորապես, զինանշանի մասով Թուրքիան մշտապես պահանջ է ունեցել՝ ուղղված ՀՀ-ին, զինանշանից հանել Արարատ լեռը: Եվ երբ այս իշխանության օրոք զինանշանի փոփոխությունն օրակարգ էր բերվում, ես մշտապես պնդում էի, որ այն ամեն դեպքում ՀՀ քաղաքացիների որոշման արդյունք պետք է լինի, որովհետև զինանշանի նկարագիրը տրված է մեր Սահմանադրությամբ, այդ թվում այնտեղ նշված է Արարատ լեռան անվանումը: Եվ սահմանադրական փոփոխության արդյունքում քաղաքացիների որոշմամբ այն կարող է փոփոխվել: Սահմանադրությունում ունենք դրույթ, որը վերաբերում է տարածքային ամբողջականության որոշմանը, օրինակ, անկլավների հարցը:
Մենք այս պահին, սակայն, ենթադրությունների դաշտում ենք , կարող ենք եզրահանգումներ անել, սակայն դա անշնորհակալ գործ է: Ավելի հստակ կլինի, որ պահանջատեր լինենք՝ բացատրեն, թե ինչ բնույթի սահմանադրական փոփոխությունների մասին է խոսքը»: