Հայկ ԴԵՄՈՅԱՆ․ «ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՄԲ» ԱՆՎԱՆԱՓՈԽԵԼԸ ՀԵՐԹԱԿԱՆ ՄԱՆԻՊՈՒԼԱՏԻՎ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆ Է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմաբան, հրապարակախոս և պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանն Armenia Today-ին մեկնաբանել է «Հայոց պատմություն» առարկայի անունը «Հայաստանի պատմություն» անվամբ փոխելու վերաբերյալ Կրթության գիտության մշակույթի և սպորտի նախարարության Իրավական նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում տեղադրված հունվարի 22-ին նախագիծը։

 

– ԿԳՄՍ-ն նոր նախագիծ է ներկայացրել, որով առաջարկում է «Հայոց պատմություն» առարկային անունը փոխել «Հայաստանի պատմությամբ»։ Ինչպե՞ս եք գնահատում այս նախագիծը

– Հերթական չմշակված, մանիպուլատիվ նախաձեռնությունն է, որի իմաստն անիմաստ լինելն է։ Իսկ եթե փորձենք իմաստային ինչ-որ բան գտնել, ապա այս նախաձեռնության մեջ հերթական անգամ հասարակությանը փորձում են զբաղեցնել բախումներ հրահրող և տարակարծություններ մեջտեղ բերող գաղափարներով։ Այսինքն՝ սա այնպիսի ձևակերպում է, որտեղ ամեն մեկը կարող է մնալ իր կարծիքին և համարել, որ ինքը ճիշտ է։

– Ի՞նչ ռիսկեր է իր մեջ պարունակում այս նախագիծը՝ հատկապես դպրոցական երեխաների դաստիարակության առումով:

– Նման «հանճարեղ» նախաձեռնությանն անդրադառնալիս, իհարկե, մի քիչ պատվաբեր չէ մեկնաբանել, բայց գլխավոր հարցն այն է, թե ինչո՞ւ նախկինում այդպիսի մտքի չէին եկել, ինչո՞ւ հինգ տարի շարունակ չէին հանգել այդ մտքին և հենց հիմա որոշեցին։

Իմ կարծիքով՝ այսպիսի նախաձեռնությունն ունի ներքին օգտագործման պահանջարկ՝ հասարկությանը զբաղեցնել և ուշադրությունը շեղել պատմության տխրահռչակ 7-րդ դասարանի դասագրքի շուրջ հանրային բողոքից։ Սա ներքին օգտագործման համար, բայց ավելի խորը գնալով մենք տեսնում ենք այստեղ շատ վատ քողարկված նախապայմանների իրագործում՝ թուրքական կողմից։

– Նախագծում նշվում է, որ առարկան անվանելով տվյալ երկրի պատմություն, ցուցաբերվում է ինստիտուցիոնալ մոտեցում առարկայի միջոցով պետության և պետականության գաղափարների ամրապնդմանը: Ինչպե՞ս է առարկայի այս անվանափոխությամբ պետականության գաղափարներն ամրապնդվելու։

– Պնդել եմ և շարունակելու եմ պնդել, որ իշխանությունում գտնվող ներկա անձինք տառապում են տկար ինտելեկտուալ կարողություններով, դա դրսևորվում է հենց այս հարցադրման մեջ։ «Հայաստանի պատմություն» ձևակերպումը պետք է նախ ձևակերպի՝ ինչ է Հայաստանը։ Եթե իրենք չգիտեն, բացատրում եմ՝ Հայաստանը պատմական, աշխարհագրական անուն է համաշխարհային պատմության մեջ։ Ցանկացած քարտեզ կամ անտիկ հեղինակների գործերի մեջ Հայաստանը նշվում է և՛ պետություն, և՛ աշխարհագրական հասկացություն։ Բացեք 19-րդ դարից սկսած բոլոր եվրոպական քարտեզները, այնտեղ տրվում է Հայաստանը որպես պատմաշխարհագրական հասկացություն՝ ներառյալ ամբողջ հայկական լեռնաշխարհի տարածքը և որպես պետական միավոր է նշվում։ Նշվում է Մեծ Հայք, Փոքր Հայք՝ օգտագործելով կրկին պատմաշխարհագրական տերմինը։

Եվ մինչև այսպիսի հանճարեղ նախաձեռնությամբ հանդես գալը, պետք է տեղի ունենան գիտական բանավեճեր, քննարկումներ՝ գիտաժողովների և մշակումների տեսքով, հետո դա հրամցվեր, ոչ թե անանուն մի քանի պատմաբանի հղում տալով՝ հիմնավորել այդպիսի տկարամիտ նախաձեռնությունը։

– Նշվում է, որ փոփոխությունն իրականացվել է մի քանի երկրների փորձն ուսումնասիրելու արդյունքում։ Հնդկաստանի, Բրիտանիայի, Իտալիայի, Չինաստանի, Վրաստանի։ Որքանո՞վ է ճիշտ այս պարագայում նման երկրների փորձը հաշվի առնելը, երբ մեր պատմություններն իրարից տարբեր են։

– Կան տարբեր պատմություններ և կա տարբեր պատմաշխարհագրական միջավայր, կա նաև տարբեր էթնիկ պատմություն։ Օրինակ՝ հայ ժողովրդի պատմությունը նաև ինչո՞վ է հայտնի, որ ունի Սփյուռքի պատմություն։ Հայաստանի պատմությունն օտարել Սփյուռքի պատմությունից՝ մի քիչ դժվար է պատկերացնել։ Երկակի մեկնաբանությունների տեղիք տվող նախաձռնություն է, որի հիմքերի հիմքում առաջին հանձնառությունն էր ներկա կոնգլոմերատի։ Առաջին հանձնարարությունը, մինչև կսպասարկեին կանխորոշված ելքով պատերազմը, դա հասարակության բևեռացումն է։ Ցանկացած նախաձեռնություն, որտեղ կա հանրային բախում, կարծիքների բախում, դա ներկա իշխանության ամենացանկալի սցենարն է։

– Ոլորտի մասնագետներն ու շահագրգիռ կազմակերպությունները նախագծի վերաբերյալ իրենց կարծիքներն ու առաջարկները կարող են ԿԳՄՍՆ ներկայացնել մինչև փետրվարի 2-ը: Դուք ներկայացնելո՞ւ եք Ձեր առաջարկները և ի՞նչ առաջարկներ ունեք։

– Համարում եմ դա անպատվաբեր, ես չեմ կարող իմ ժամանակը տրամադրել և ինձ զբաղեցնել մի անիմաստ նախաձեռնությամբ։ Գիտնականների ներկայությամբ պետք է հրապարակվեր անկախ փորձագետների կարծիք՝ 7-րդ դասարանի տխրահռչակ դասագրքի կապակցությամբ, հիշեցում նախարարին ու վարչապետին, որ հետամուտ լինեն նախարարության հանձնարարությունները կատարելուն։ Մենք սպասում ենք այդ կարծիքին, որը պետք է լինի 200 էջանոց դասագրքին, 60 էջանոց քննադատությանը հակառակ կարծիք։ Մինչ օրս նախարարությունը թերացել է, և արձանագրենք, որ դա նաև կոռուպցիոն ռիսկերը, հովանավորչությունը, շահերի բախումը կոծկելու ակնհայտ միտում ունի։

– Ի դեպ, 7-րդ դասարանի դասագրքի փաստական սխալների կոնկրետ օրինակներից և Ձեր հանգամանալից քննադատությունից հետո ԿԳՄՍՆ-ն ինչ-որ կերպ արձագանքե՞լ է։

– Մենք եզրակացություն հրապարակեցինք, որին կցվեց նաև 60 էջանոց գրախոսություն՝ բովանդակային կոպիտ սխալների, թերությունների հետ կապված։ Այսօր նախարարությունը չտեսնելու է տալիս դա, իսկ արձագանքը եղավ այն, որ հրավիրեցին մեզ նախարարի հետ հանդիպման և դեկտեմբերի 13-ին հանդիպում տեղի ունեցավ։ Բոլորը ներկայացրեցին իրենց տեսակետները, բայց մինչ այդ նախարար Ժաննա Անդրեասյանը ոչ ավել, ոչ պակաս հայտարարեց, որ կա պետական քաղաքականություն ոչ թե գիտականություն, ոչ թե դասագիրք, կրթություն, այլ պետական քաղաքականություն։ Դրա մեջ ես հասկանում եմ, որ նաև մտնում է թուրքական նախապայմանների իրագործումը։

Նա սկզբում ասաց, որ դասագիրքը չի հանվի շրջանառությունից, իսկ այնուհետև նույն հանդիպման ժամանակ բոլորի ներկայությամբ ասաց, որ անկախ փորձագիտական խումբ կաշխատի՝ այլ տեսակետ ներկայացնելու համար։ Մենք սիրով, անհամբեր սպասում ենք այդ կարծիքին։

Նաև ասել ենք՝ քանի որ մենք մեր ինքնությունը չենք թաքցնում, այդ անկախ փորձագետների անունները ևս պետք է հրապարակվեն, և ծիծաղելի է, բայց նախարարն ասաց, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ չեն կարող դա անել, ինչին դահլիճից հետևեցին արձագանքներ, որ «մենք գազան չենք, որ մարդ ուտենք»։ Հիմա մեկ ամսից ավելի անցել է, ո՞ւր է այդ տեսակետը։

Դեկտեմբերի 7-ին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել էր, որ ուշադիր են դաշտում հայտնված մասնագիտական կարծիքներին ու հանդիպում կլինի այն ներկայացուցիչների հետ, որոնք հանրային կամ ոչ հանրային ձևով արել են իրենց դիտարկումները: Ըստ նախարարի՝ Մասնակցային դպրոց հիմնադրամի ներկայացուցիչը հայտնել էր, որ իրենք քննարկել են այդ դիտարկումները և դրանց զգալի մասը պատրաստվում են ընդունել՝ հաշվի առնելով բերված փաստարկները:

Ավելի վաղ Armenia Today-ը հարցում էր անցկացրել դպրոցական նոր դասագրքերի, այդ թվում՝ 7-րդ դասարանի պատմության դասագրքի նկատմամբ քաղաքացիների վերաբերմունքի վերաբերյալ։

Armenia Today