Արթուր ԽԱՉԻԿՅԱՆ․ ՀԻՄԱ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԳՆԱԼՈՒ Է ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ, ԲՈԼՈՐ ՔԱՐՏԵՐՆ ԻՐ ՁԵՌՔՈՒՄ Է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կան որոշակի շատ պարզ օրենքներ միջազգային հարաբերություններում, որ եթե մի կողմը՝ հանձինս Ադրբեջանի, ունի այսպիսի առավելություն, ունի այսպիսի դաշնակիցներ և արտաքին աշխարհը ավելի շատ հետաքրքրված է այդ կողմի հետ համագործակցությամբ, քան մեզ հետ, ապա այդ կողմը չի կանգնելու և գնալու է մինչև վերջ: Այս մասին News.am-ի «Ուժի գործոն» հաղորդման ժամանակ նշեց Սթենդֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը:
«Երկրորդը, եթե մենք ունենայինք նորմալ կառավարություն, գոնե այն ժամանակ, երբ հանձնվեց Արցախը, որը հանցագործ որոշում էր, այդ ժամանակ պետք էր ստանալ փոխզիջումներ Ադրբեջանից՝ գրավոր ձևով: Հիմա Ադրբեջանը գնալու է մինչև վերջ, բոլոր քարտերն իր ձեռքում է, նրանք ունեն գազ, նավթ, Եվրոպան ուզում է իրենց հետ համագործակցել, էլեկտրականություն է ուզում ստանալ, ուզում է այլընտրանք ստեղծել ռուսական էներգառեսուրսներին, և ուզում են ստեղծել «միջին միջանցքը», որպեսզի այլընտրանք ստեղծեն ռուսական տարածքով բոլոր կոմունիկացիաներին և Ռուսաստանը կտրել Իրանից:
Մենք տեսնում ենք, որ Մերձավոր Արևելքում էլ ամեն ինչ արվում է, որ Իրանն ընդգրկվի այդ մեծ պատերազմի մեջ: Մենք այսօր ունենք խոշոր ռեգիոնալ պատերազմ, որի մեջ ընդգրկվել է Եմենը, Պակիստանը, Սիրիան, Իրանը, Իրաքը, Լիբանանը, Պաղեստինն ու Իսրայելը: Նրանց կողքին կնագնած են ԱՄՆ-ն և Բրիտանիան: Թուրքիան ու Ադրբեջանը ամեն ինչ շահելու են սրանից, որովհետև իրենք բոլորին պետք են: Իրենց օգնության գինը մենք են: Մենք ենք այն մանրադրամը, որով վճարելու են Թուրքիային ու Ադրբեջանին»,-ասաց նա:
Քաղաքագետի խոսքով, Ռուսաստանը դա արեց այն ժամանակ, երբ թույլ տվեց, որ Թուրքիան մտնի Կովկաս՝ ստանալով ինչ-որ խոստումներ Ուկրաինայի պատերազմում. «Չնայած Ռուսաստանին այդտեղ խաբեցին: Խոստացել էին, որ Շվեդիան ու Ֆինլանդիան չեն դառնա ՆԱՏՕ-ի անդամ, շատ լավ էլ դարձան: Խոստացել էին, որ զենք չեն վաճառի Ուկրանային, լավ էլ վաճառում են»,- ընդգծեց Խաչիկյանը: