Բորիս Բախշիյանը պահանջում է փոխհատուցել ապօրինի հետապնդման հետևանքով պատճառված վնասները
Դատավոր Բորիս Բախշիյանը հայցադիմում է ներկայացրել Երևանի քաղաքացիական դատարան՝ ընդդեմ ԲԴԽ աշխատակազմի՝ Դատական դեպարտամենտի, և Ֆինանսների նախարարության՝ վնասի փոխհատուցման պահանջով։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է «Դատալեքս» համակարգից։
Հիշեցնենք, որ դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ հետապնդումները սկսվել են լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխելուց հետո, սակայն փաթեթավորվել է մեկ այլ քաղաքական հնչեղություն ունեցող գործով ամբաստանյալին կալանավորելու գործով։ Մասնավորապես, դատավորին մեղադրել էին Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի դեմ ցուցմունք տված Նիկոլ Փաշինյանի աջակցին կալանավորելու համար, թեև ամբաստանյալն ինքն էր դրսևորել ոչ պատշաճ վարքագիծ՝ չներկայանալով դատական նիստերին։ Ընդ որում՝ դատախազությունը չէր բողոքարկել Փաշինյանի աջակից հանդիսացող ամբաստանյալին կալանավորելու որոշումը և առանց բողոքարկման՝ դատական ակտը կայացնելուց ամիսներ անց, դատավորի նկատմամբ քրեական հետապնդում է նախաձեռնել։
Դատավորին ի սկզբանե մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասով՝ անձին ապօրինի կալանավորելու հատկանիշներով, որն առաջացրել է ծանր հետևանք։ Վարույթն իրականացնող մարմինը որպես ծանր հետևանք էր դիտարկել այն, որ ամբաստանյալ Մկրտչյանի նկատմամբ, «Գորիս» ՔԿՀ-ում, իբրև ազդեցություն է գործադրվել՝ հարկադրելով փոխել ցուցմունքը, ինչն էլ հանգեցրել է նրան, որ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի խափանման միջոց կալանավորումը փոխարինվի գրավով։ Դատավորն անգամ կալանավորվել էր, սակայն մեղադրանքն այնքան աբսուրդ էր, որ նախաքննական մարմինը հենց նախաքննության փուլում ստիպված եղավ հրաժարվել նախնական մեղադրանքից, այն վերաորակվեց և մեղադրանք առաջադրվեց ՀՀ ՔՕ 348-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ակնհայտ ապօրինի կալանավորելու հատկանիշներով։
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Լուսինե Սեփխանյանի նախագահությամբ, 2022թ. սեպտեմբերի 28-ին հրապարակել էր արդարացման դատական ակտը՝ ճանաչելով և հռչակելով Բախշիյանի անմեղությունը։ Դատավորն արդարացվել է հանցակազմի բացակայության հիմքով։ Բորիս Բախշիյանի արդարացման դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ, սակայն Բախշիյանն առ այս պահն ունի դեռ ռեզերվային դատավորի կարգավիճակ։
Դատավորի նկատմամբ քրեական հետապնդում սկսվելու պահին մինչև այժմ նա ստանում է դատավորի աշխատավարձի որոշակի հատվածը, այժմ պահանջում է աշխատավարձի՝ իրեն չվճարված մասը։
Հայցը մակագրվել է դատավոր Սերինե Խաչատրյանին։
Ի դեպ, ԲԴԽ որոշմամբ՝ ռեզերվային կարգավիճակ ունեցող դատավոր Բորիս Բախշիյանը գործուղվել է Կոտայքի մարզի դատարան։