ՓԱՇԻՆՅԱՆԻ ՊԱՅՔԱՐԸ ՍՓՅՈՒՌՔԻ ԴԵՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է. ԹՈՒՅԼ ԿՏԱ՞Ն ԱՐԴՅՈՔ ՀԱՅԱՍՏԱՆ ՄՏՆԵԼ ՓԱՓԱԶՅԱՆԻՆ ԵՎ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ
Հունվարի 22-ին տեղի ունեցավ բավական նշանակալի իրադարձություն. Հայաստանի Վարչական դատարանը բավարարեց Սփյուռքի երկու ազեցիկ ներկայացուցիչների՝ Մուրադ Փափազյանի և Մասիս Աբրահամյանի հայցերը, պարտավորեցնելով ԱԱԾ-ին հեռացնել նրանց տվյալները Հայաստանի տարածքում անցանկալի հայտարարված օտարերկրացիների տվյալների բանկից։ Հիշեցնենք, որ Փափազյանը ՀՅԴ Բյուրոյի անդամ է, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ, Աբրահամյանը Հոլանդիայում Հայդատի գրասենյակի պատասխանատուն է։
ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ԱՐԺԱՆԻՆ ՄԱՏՈՒՑԵՆՔ ԴԱՏԱՎՈՐԻՆ, որը համարձակվեց հակառակվել ռեժիմին. մեր օրերում դա պահանջում է առանձնահատուկ սկզբունքայնություն և պրոֆեսիոնալիզմ։ Բայց նշանակո՞ւմ է արդյոք տվյալ որոշումը, թե խնդիրը լուծված է, և մեր երկու հայրենակիցներն այսուհետ կարող են անարգել մտնել իրենց պատմական Հայրենիքի տարածք։ Համաձայն դատարանի որոշման՝ այո, բայց, կարծում ենք, ամեն ինչ բնավ այդքան միանշանակ չէ, և աղմկահարույց պատմությունը շարունակություն կունենա։
Բացի այդ երկուսից, Փաշինյանի քմահաճույքով ՀՀ մուտք գործել արգելված Սփյուռքի ներկայացուցիչների ցանկում են ՀՅԴ ևս չորս անդամներ. Սյունե Աբրահամյանը(Մասիսի դուստրը, Նիդեռլանդներ), Նժդեհ Կարագավորյանը (Ֆրանսիա), Ասլան Ասլանյանը (Նիդեռլանդներ) և Արենի Մարկոսյանը (ԱՄՆ)։ 2022 թվականի ամառվանից մինչև 2023 թվականի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում նրանց մերժել են մտնել Հայաստան և արտարկել են հենց օդանավաայանից։ Պաշտոնական պատճառը՝ մասնակցություն Փաշինյանի դեմ բողոքի գործողություններին։ Բայց, ինչպես նշել են իրենք՝ «պերսոնա նոն գրատա»-ները Հայաստանի իշխանություններին սաստիկ դուր չի գալիս նաև իրենց գործունեությունն ի պաշտպանություն Արցախի և սուր քննադատությունն ու ճնշումը Ադրբեջանի վրա։
Այսքանից հետո ինչպե՞ս կծավալվեն իրադարձությունները։ «Շուտով, արդարադատության նախարարը կդիմի ԲԴԽ, վարչական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու պահանջով։ ԲԴԽ անդամները «լուրջ» դեմքերով կքննարկեն և քվեարկությամբ դատավորի լիազորությունները կդադարեցնեն»,- Ֆեյսբուք սոցցանցում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։
Այլ օգտվողներ գրում են, որ բացի դատավորի նկատմամբ հետապնդումներից, որոշումը կվիճարկվի, որ իշխանությունները մեկ ուրիշ պատրվակ կգտնեն, որպեսզի այդ մարդկանց թույլ չտան մտնել երկիր, և որ Փաշինյանը կարող է հասնել ընդհուպ նրան, որ ՀՅԴ-ն հայտարարվի ահաբեկչական կազմակերպություն և արգելվի Հայաստանում։ Ինչպես որ ժամանակին արեց իր քաղաքական ուստա Տեր-Պետրոսյանը։ Ըստ էության, ինչո՞ւ ոչ, նույնիսկ հաշվի առնելով, որ դաշնակցականներն իրենց վաղուց արդեն սուսիկ-փուսիկ են պահում, միանգամայն նորմալ յոլա են գնում իշխող ուժի հետ խորհրդարանում, այլևս որևէ կոնկրետ գործողություն չձեռնարկելով ռեժիմի դեմ։
Բոլորովին այլ բան է գործունեությունը Եվրոպայում և ԱՄՆ-ում, որտեղ ՀՅԴ-ն և Հայ դատի կառույցները նշանակալիորեն ակտիվացել են վերջին ամիսներին, ընդ որում ինչպես հրապարակային տարածքում, այնպես էլ լոբբիստական շրջանակներում։ Հիշեցնեմ, որ հունվարի 27-28-ին Եվրոպայում տեղի են ունենալու գործողություններ և ցույցեր Արցախի հայերի իրավունքները պաշտպանելու, հայ ռազմագերիներին և պատանդներին ազատելու, Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ապահովելու և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու պահանջով։
ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՊՇԵՑՈՒՑԻՉ ԵՆ. ԵՐԿՕՅԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԵՆ եվրոպական 15 երկրների ավելի քան 50, որոշ տվյալներով՝ 57 քաղաքներ։ Դա առանձնակի տպավորիչ է Հայաստանում տիրող հիրավի թավշե հանգստության և անխռովության խորապատկերին, որտեղ կազմակերպվում են բացառապես տեղային բնույթի ակցիաներ և «կորպորատիվ» շահերի պաշտպանության կոնկրետ դեպքերում (որպես օրինակ՝ «բրյուսովականների», ձկնորսների, խաղողագործների և այլոց բողոքներ, վերջին ժամանակներս՝ «Գոյ» թատրոնի)։
Alpha News-ին վերջերս տված հարցազրույցում Մուրադ Փափազյանը հայտարարեց, որ իրենց հաջողվել է կազմակերպել համաեվրոպական շարժում։ «Երբ մենք դիմում ենք Եվրոպայի բարձրագույն ղեկավարությանը, միշտ մեզ ընդունում են, մեզ լսում են։ Կարևոր է իրենց համար լսել ուղիղ ձայնը։ Երբ Նիկոլ Փաշինյանը ինքը ընդունել է, որ Արցախը մասն է Ադրբեջանի, Եվրամիության ղեկավարությունը պետք է իմանա, որ Սփյուռքը, ինչպես նաև Հայաստանի ժողովրդի մեծ մասը համաձայն չէ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշման հետ, և մերժում ենք ընդունել, թե Արցախը Ադրբեջանի մաս է կազմում»,- ընդգծեց նա։
Մինչդեռ հայկական համայնքների ակտիվացումը, մասնավորապես՝ Եվրոպայում, վկայում է ոչ միայն այն մասին, որ համայն հայությունը չի հաշտվել և երբեք չի հաշտվելու Արցախի կորստի հետ։ ՀՅԴ-ի առաջատար դերը Սփյուռքի գործունեության մեջ և պահպանված ազդեցությունը բնակության երկրների իշխանությունների վրա (առաջին հերթին, հասկանալի պատճառներով՝ Ֆրանսիայի) ապացուցում է Սփյուռքի դեմ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության փաստացի ձախողումը, ինչն ուղղված էր հայության պառակտմանը, ինչպես դա արվեց բուն Հայաստանում։
Այդ քաղաքականության սկիզբը դրվեց 2019 թվականի ամռանը, երբ հայտնի արկածախնդիր Զարեհ Սինանյանը նշանակվեց Սփյուռքի հարցերով հանձնակատար և ստեղծվեց համապատասխան գրասենյակ, դատելով ամենից՝ անսահմանափակ ֆինանսական հնարավորությունների հատկացումով։ Այդ ժամանակից ի վեր Սինանյանը ոտքի տակ է առել բազմաթիվ երկրներ ու քաղաքներ և ծախսել հարյուր հազարավոր դոլարներ, կատարելով Նիկոլի պատգամները։ Նպատակը, ինչպես բազմից է գրվել է, ավանդական հայկական կառույցները վերացնելն ու ազդեցությունից նրանց զրկելն էր՝ մի կողմից, իսկ մյուս կողմից՝ նոր կազմակերպություններ հավաքագրելը, որոնք լիովին կաջակցեին Փաշինյանի հակահայկական քաղաքականությանը, և դրանց մղումը առաջատար դիրքեր հայ համայնքներում։
ԿԱՐԵԼԻ Է ՈՐՈՇԱԿԻ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՄԲ ԱՐՁԱՆԱԳՐԵԼ, որ առնվազն խոշոր եվրոպական քաղաքներում և ԱՄՆ-ում Սինանյանի ամոթալի առաքելությունն առայժմ ձախողվում է։ 2020-2022 թվականների սկզբնական ցնցումից և որոշ շփոթմունքից հետո ՀՅԴ-ն, դատելով ըստ ամենայնի, սթափվել է և վերադարձել իր սովորական գործունեությանը։ Ըստ էության, ասօր անչափ թուլացած և տրոհվող հայկական աշխարհում միայն Սփյուռքի կազմակերպություններն են (բնականաբար՝ նաև Հայ Առաքելական Եկեղեցին) հանդես գալիս ի պաշտպանություն Արցախի ժողովրդի իրավունքների, պահանջելով ազատել գերիներին և ապահովել բուն Հայաստանի անվտանգությունը։ Եվ Ադրբեջանի նացիստական ռեժիմի դեմ պատժամիջոցների անհրաժեշտության մասին տարբեր մակարդակներոմ հաճախակի դարձող խոսակցությունները նույնպես, անկասկած, Սփյուռքի կազմակերպությունների վաստակն են։
Դժվար է հավատալ, թե Փաշինյանը կհամակերպվի այս ամենի հետ և կդադարեցնի Սփյուռքը պառակտելու ու նշված բոլոր ուղղություններով աշխատանքը ձախողելու փորձերը, քանզի այդ աշխատանքը արմատապես հակասում և խանգարում է նրա թուրքական օրակարգի իրագործմանը։ Ասենք, Բաքուն ու Անկարան էլ չեն հրաժարվի իրենց պահանջներից և բազմամյա երազանքից՝ առավելագույնս թուլացնել Սփյուռքն ու ստիպել, որ դադարեցնի ակտիվ գործունեությունը։ Այնպես որ Փափազյանն ու Աբրահամյանը, ինչպեսև փաշինյանական ռեժիմի համար անցանկալի մյուս անձինք, հավանաբար դեռ պիտի պայքարեն իրենց պատմական Հայրենիք այցելելու իրավունքի համար։
Այն պայմաններում, երբ բուն Հայաստանում բացարձակապես ոչ մի քաղաքական պայքար չի մղվում դավաճանների ռեժիմի դեմ, երբ առհասարակ չի նշմարվում այն ուժը, որը կկարողանար կասեցնել պետության հետագա անկումը, հենց Սփյուռքի գործունեությունն է, ըստ էության, մեծապես դառնում հայ ժողովրդի ապագայի կանխորոշիչը։ Բայց արդյոք այն խթան կդառնա՞ հայ հասարակության և քաղաքական կուսակցությունների համար, ի վիճակի կլինի՞ պայքարի հանել նրանց և կասեցնել վերջնական աղետը։