Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ԿՈՇՏԱՑՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է «Արևմուտքը կոշտացնում է Ադրբեջանի նկատմամբ քաղաքականությունը, որի դրսևորումներից մեկը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովից Ադրբեջանի պատվիրակության լիազորությունների չվավերացումն է, ինչը նշանակում է, որ նվազագույնը 1 տարով Ադրբեջանի պատվիրակությունը հեռացվում է ԵԽԽՎ-ից:

Սա մեծապես պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանն իր գործողություններով մեծ վնաս է հասցնում Արևմուտքի` Հարավային Կովկասում հռչակած ռազմավարական նպատակներին:

Ինչ է դա առաջին հերթին ենթադրում: Արևմուտքը ՌԴ-ի հետ ագրեսիվ դիմակայության պայմաններում փորձում է տարածաշրջանում իրավիճակն իր ձեռքը վերցնել, իսկ դա այս փուլում ենթադրում է խաղաղության և կայունության հաստատում: Սա մի գործընթաց է, որը Խորհրդային Միության փլուզումից հետո մշտապես իր ձեռքում էր պահում ՌԴ-ն:

Այս պահին խաղի կանոններ սահմանելու և դրանք պահպանելու շրջանակներում մեծ պայքար է ընթանում, իսկ Ադրբեջան, ըստ էության, Արևմուտքի հետ ներքին պայմանավորվածությունները չի կատարում: Պայմանավորվածությունը հետևյալն էր` Արցախը հանձնվում է Ադրբեջանին, իսկ Հայաստանի հետ կապված հարցերը բանակցությունների միջոցով է կարգավորվում:

Ադրբեջանը ՀՀ-ի դեմ նոր տարածքային պահանջներ ներկայացնելով, ինչպես նաև հիմնական ուղղություններով աշխատանքը տապալելով ձախողում է խաղաղության հեռանկարը, ինչն Արևմուտքի հաշվարկների մեջ չի մտնում:

Սա է պատճառը, որ Արևմուտքը հենց այս պահին է կոշտացման գնում, այլ ոչ թե Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի կամ Արցախի նկատմամբ ամբողջական վերահսկողություն սահմանելուց առաջ:

Այն հիմնական պատճառները, որոնք պաշտոնապես դրված են Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցի կիրառման հիմքում, նախորդ տարիներին արձանագրված խնդիրներ են, սակայն կրկնում եմ` քաղաքական նպատակահարմարությունն այս պահին է Արևմուտքին ստիպում նման քայլերի գնալ»:

Aysor.am