Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ՈՄԱՆՑ ՇՏԱՊ ՀԱՐԿԱՎՈՐ ԵՆ «ՄԵՂԱՎՈՐՆԵՐ»

Մեր երկրի հանրային դաշտում «ջուր պղտորողների» պակաս երբեք չի զգացվել, իսկ հիմա առավել ևս: Միշտ էլ գտնվել են թեմաներ, որոնց արհեստական և սխալ հնչեղություն են տրվել, և շնորհիվ պղտորողների «մասնագիտական հմտությունների», տեղեկատվական տիրույթներն ու կենցաղային զրույցները ծանրաբեռնվել են դատարկամիտ խոսակցություններով:

2018թ. իրադարձությունները շատ ծանր նստեցին հայ ժողովրդի վրա ու դեռ շարունակելու են իրենց դառը ազդեցությունը թողնել Հայաստանի Հանրապետության հետագա ընթացքի վրա: Կյանքը ցույց տվեց, որ ոչ միայն պետական, քաղաքական, հանրային, մշակութային, գիտական, ռազմական գործիչներն են սխալվում, այլ նաև ժողովրդի մեծամասնությունը: 2018թ. ապրիլ-մայիս ամիսները, և հատկապես 2018թ. դեկտեմբերի 9-ի և 2021թ. հունիսի 20-ի ընտրությունները վառ ապացույցն են այն բանի, որ ժողովուրդը ևս կարող է սխալվել:

Նիկոլի և իր իշխանության հարցում սխալվողների շրջանակը շատ լայն է և բազմաբնույթ: Ոմանք սխալվել են ՀՀ ընտրված Վարչապետ Սերժ Սարգսյանին և ՀՀԿ-ին մերժելու հարցում: Ոմանք սխալվել են Նիկոլի հետևից գնալու և փողոցներում զանգվածային ակցիաներ անելու հարցում: Ոմանք սխալվել են նրան միանալու, ողջունելու և աջակցելու հարցերում: Ոմանք սխալվել են Նիկոլի ստերին ու կեղծիքներին հավատալով՝ նրա կուսակցությանը ձայն տալու հարցում: Ոմանք սխալվել են օրինական իշխանությունն ամեն գնով չպահելու հարցում: Ոմանք սխալվել և սխալվում են՝ Նիկոլի կողքին կամ նրա իշխանությանը հենարան լինելու ու ազգակործան քաղաքականությանը ծառայելու հարցում, և այլն:

2018թ. գարնանային էյֆորիան և «ոգևորվածությունն» այնքան մեծ էր ու անտրամաբանական, որ շատ-շատերն այդպես էլ չգիտակցեցին, որ ամեն մեկը մի լուցկու հատիկ վերցրած, իրենց իսկ ձեռքով պատրաստվում են հրդեհել ու կործանման տանել Հայ Ժողովրդի բոլոր հավաքական ձեռբերումները:

Իմ խորին համոզմամբ, հիմա շատ-շատերն են գիտակցել և գիտակցում իրենց գործած ուղղակի և անուղղակի սխալները: Բայց առայժմ բոլորը չեն պատրաստ ընդունել այն և միավորվել՝ դրանք ուղղելու համար: Որովհետև, ինչպես որ նախկին իշխանությունների դեմ միավորված կերպով՝ կամա թե ակամա գործվել են սխալները, այնպես էլ Նիկոլի իշխանությունների դեմ միավորված կերպով է հնարավոր ուղղել դրանք: Այս պարզ ճշմարտությունը հասկանում և այդ մասին խոսում են նաև մեր թշնամիները՝ անունը դնլով ռևանշ:

Վերջին տարիներին գործած բազմապիսի սխալներից հետո, որոշ շրջանակներ, ջուր պղտորողի ջանասիրությամբ, փորձում են իրենց մեղքերը լվանալ այս ողբերգության դեմ հենց սկզբից պայքարող, Նիկոլի տխուր հետևանքների մասին հազար լեզվով զգուշացնող և ամենատուժող ուժի հաշվին: Նրանք պարզապես մոռանում են, թե Սերժ Սարգսյանի իշխանությունը խլելուց և այն Նիկոլին փոխանցելուց հետո, որքան հպարտ և ուրախ էին իրենց “հաղթանակով”: Իհարկե պատճառները վաղուց հասկանալի էին:

Հասկանալի է նաև, թե ինչո՞ւ են հենց հիմա բարձրացնում «ո՞վ է իշխանության բերել Նիկոլին»՝ տխմար հարցադրումը, և ոչ թե օրինակ՝ 2018-20թթ-ին: Դա խոսում է այն մասին, որ Նիկոլի իշխանության հեղինակությունը ձգտում է զրոյի և ոչ ոք այլևս չի ցանկանում ասոցիացվել նրա և նրա համազգային ձախողումների հետ: Շատ հանրային ու քաղաքական գործիչներ, որ սխալվելով ողջունել ու աջակցել են Նիկոլի իշխանափոխությանը՝ գիտակցում են, որ փոքր երկրում պատմությունից աննկատ մնալը դժվար է: Գիտակցում են, որ 2018թ. իշխանափոխությունը, հակառակ իրենց կամքի՝ վերածվել է ազգային շահերի դավաճանության, Արցախի ամբողջական կորստի, 5000-ից ավելի զոհերի, ՀՀ անվտանգությանն ու պետականությանն ուղղված սպառնալիքների: Հետևաբար, ինչպես Նիկոլին ձախողումների համար են հաճախ շտապ պետք լինում մեղավորներ, այնպես էլ որոշ շրջանակների են շտապ հարկավոր մեղավորներ: Այնինչ՝ Աստծո առաջ մեղքերը քավել է հարկավոր (յուրաքանչյուրս մեր մասով): Յուրաքանչյուրը թող մեղավորներ փնտրի իր մեջ, ու հեռու մնա Նիկոլի կապիտուլյացիոն ջրաղացին ջուր լցնող և ընդդիմադիր դաշտի ջրերը պղտորող վնասական գործունեությունից:

Հ.Գ. Տարածվում են նույնիսկ շշուկներ, որ անգամ ՔՊ խմբակցությունից շատերը խուսափում են հանրային խոսքից ու շփումներից՝ գիտակցելով մոտեցող պատասխանատվության անբացատրելի բեռը: Չեմ զարմանա, որ նաև ՔՊ-ականները սկսեն հարցնել՝ «իսկ ո՞վ է բերել Նիկոլին»:

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ, ֆեյսբուքյան էջ