Հայկ ՄԱՄԻՋԱՆՅԱՆ․ Ո՞ՐՆ Է «ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ» ԲԱՌԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Մեծարգո նախագահ, սիրելի գործընկերներ,
Ո՞րն է «հանցագործություն» բառի սահմանումը։ Սա այն հարցն է, որը ես ցանկանում եմ բարձրացնել այստեղ՝ մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության այս խորանում։
Արդյո՞ք հանցագործություն է ճշմարտության բացահայտումը, որն իշխանությունը թաքցնում է իր քաղաքացիներից։ Հենց դրա համար է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը 7 ամսից ավել գտնվում նախադատական կալանքի տակ։
Արդյո՞ք հանցագործություն է ֆեյսբուքյան լայվերի ու հրապարակումների միջոցով քաղաքական հայացքների արտահայտումը։ Սակայն հենց այդ պատճառով է Նարեկ Մալյանն ավելի քան 4 ամիս գտնվում բանտում։
Արդյո՞ք հանցագործություն է հաղթելը ՏԻՄ ընտրություններում։ Արի ու տես, որ Վանաձոր քաղաքի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը հենց դրա համար է ավելի քան 2 տարի գտնվում բանտում։
Կանվանեի՞ք արդյոք հանցագործություն Երևանի կենտրոնում բողոքի խաղաղ ակցիաների անցկացումը, որով կառավարությանը պահանջ էր ներկայացվում քայլ ձեռնարկել՝ փրկելու ադրբեջանական զինուժի կողմից Լեռնային Ղարաբաղում շրջափակման մեջ մնացած իրենց ծնողներին։ Սակայն հենց այդ գործողության համար այս պահին 11 ուսանողի գործ քննվում է դատարանում։ Նրանցից 4-ը ամիսներ են անցկացրել բանտում և դեռ շարունակում են ձերբակալված մնալ։
2023թ. նոյեմբեր ամսվա դրությամբ Հայաստանում կար ավելի քան 50 քաղբանտարկյալ։ Եվ սրանք պարզապես ընդդիմադիր պատգամավորի խոսքեր չեն. Եվրոպայի ժողովրդական Կուսակցության և Կենտրոնամետ Դեմոկրատների Միության կողմից ընդունվել են բանաձևեր՝ ըստ որոնց Արմեն Աշոտյանը և մեր մյուս ընկերները հռչակվել են քաղաքական բանտարկյալներ:
Արդյո՞ք հանցագործություն է կռվելն այն պատերազմում, որը մեր դեմ սանձազերծել էր Ադրբեջանը։ Բայց հենց դրա համար 2020թ.-ից մինչ օրս հայ ռազմագերիները որպես պատանդ պահվում են Բաքվում։
Իսկ գուցե հանցագործությո՞ւն է քո իսկ հայրենիքում խաղաղ ապրելը։ Քանի որ քաղաքացիական Վագիֆ Խաչատրյանը հենց դրա համար է Ադրբեջանի դատարանի կողմից դատապարտվել երկար տարիների ազատազրկման։
Թե՞ ագրեսորներից սեփական ժողովրդիդ պաշտպանության կազմակերպումն է հանցագործություն։ Լևոն Մնացականյանն ու Դավիթ Մանուկյանն այժմ Բաքվի բանտում են հենց այդ պատճառով։
Իսկ գուցե՞ հայրենակիցներիդ հույս տալը կամ պարզապես բարերար լինելն է հանցագործություն։ Դա է պատճառը, որ Ալիևի ռեժիմը պատասխանատվության է ենթարկում Ռուբեն Վարդանյանին՝ կալանավորելով նրան։
Երբվանի՞ց է սեփական երկրին պատվով ու պարտքով ծառայելը դարձել հանցագործություն, որ Դավիթ Բաբայանն ու Դավիթ Իշխանյանը պետք է Բաքվում կալանքի տակ պահվեն։
Թե՞ մի երկիր կառավարելը, որը տարբեր միջազգային կազմակերպությունների զեկույցներով ժողովրդավարության մակարդակով անհամեմատելի է Ադրբեջանի հետ: Հենց դրա համար են նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը Բաքվի բանտում։ Դե, պարզվում է, որ ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահ լինելը Ալիևի համար հանցագործություն է։
ԵԽԽՎ-ի և միջազգային այլ կազմակերպությունների կողմից ընդունված զեկույցներում և բանաձևերում այս փաստերի հիշատակումը հույսի փոքր լույս է տալիս այս մարդկանց, մինչդեռ նրանք վանդակավոր արեգակ են տեսնում տևական ժամանակ։ Սա այն նվազագույնն է, որը մենք պարտավոր ենք անել նրանց համար։ Առնվազն:
Շնորհակալություն։»
Հայկ ՄԱՄԻՋԱՆՅԱՆ, ֆեյսբուքյան էջ