ՄԱԿ-ի դատարանը Իսրայելին պարտավորեցրել է կանխել Գազայում ցեղասպանությունը

ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարանը Իսրայելին պարտավորեցրել է ձեռնարկել բոլոր միջոցները Գազայի հատվածում ցեղասպանությունը կանխելու համար։ Այս մասին հայտարարել է դատարանի նախագահ Ջոան Դոնոգյուն՝ հրապարակելով Իսրայելի դեմ Հարավային Աֆրիկայի հայցի վերաբերյալ որոշումը՝ ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին կոնվենցիայի հնարավոր խախտման համար։

«Իսրայելը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու ցեղասպանության կոնվենցիայով նախատեսված բոլոր գործողությունները», - ասել է նա։

Ինչպես նշում է The New York Times-ը, Իսրայելը պետք է թույլ տա ավելի շատ մարդասիրական օգնություն մուտք գործի Գազայի հատված։

Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։

Իսրայելը և Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Կատարի միջնորդությամբ նոյեմբերի 22-ին ձեռք բերեցին հակամարտության սրացումից ի վեր առաջին մասշտաբային պայմանավորվածությունը. կողմերը համաձայնեցին չորս օրով դադարեցնել ռազմական գործողությունները` միմյանց մոտ գտնվող տասնյակ պատանդների և ձերբակալվածների փոխանակման համար: Ավելի ուշ հրադադարը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 30-ը։

Դեկտեմբերի 1-ի առավոտյան Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի ժամկետը լրացավ։ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարեց, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խախտել է ռազմական գործողությունների դադարն ու կրակ է բացել իսրայելական տարածքի վրա, իսրայելցի զինվորականները վերսկսեցին ռազմական գործողությունները Գազայի հատվածում պաղեստինյան շարժման դեմ:

ՀԱՄԱՍ-ը պնդում է, որ Գազայի հատվածում մոտ 200-250 պատանդ է գտնվում։ Հրադադարից հետո Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ ՀԱՄԱՍ-ին պատանդ է մնացել 126 իսրայելցի և 11 օտարերկրացի, առևանգվածներից 110-ն ազատ են արձակվել:

Sputnik Արմենիա