ԱԼԻԵՎԸ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄ Է ԱՐՑԱԽԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ԿԱԼԱՆՔԸ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՆՐԱՆ «ՆՈՐ ՏՎՅԱԼՆԵՐ» Է ՆՎԻՐՈՒՄ ԱԿԱՆԱԴԱՇՏԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիրավի, «աննախադեպ» բառն այլևս չի կարող լիովին բնութագրել գործողությունների այն սինքրոնությունը, որ ցուցաբերում են թուրքական երկու բռնապետական ռեժիմները՝ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները։ Հերթական ապացույցը դարձան հունվարի 25-ի դեպքերը։ Սկզբում Բաքուն հայտարարեց ապօրինի պահվող արցախցի ութ առաջնորդների կալանքը 4 ամսով երկարաձգելու մասին։ Մի քանի ժամ էլ չէր անցել, երբ Երևանից ուրախ արձագանքեցին. պարզվում է, որ ԱԱԾ-ն հանկարծ նոր տվյալներ է գտել Արցախում ականապատ դաշտերի մասին և պատրաստ է անհապաղ տրամադրել դրանք Ադրբեջանին:
ԸՆԴԳԾԵՆՔ ՝ ԱՌԱՆՑ ԳԵԹ ՄԵԿ ՆԱԽԱՊԱՅՄԱՆԻ։ Ավելին, «Հայաստանի ազգային անվտանգության ծառայություն» կոչեցյալ գերատեսչության հաղորդագրությունը, որի հրապարակումները, որպես կանոն, զուրկ են զգացմունքայնության չնչին իսկ նշույլից, այս անգամ տոգորված է արդեն իսկ իրենց ներկայությամբ Արցախի հողը պղծող զավթիչների և վանդալների անվտանգության մասին մտահոգությամբ։ Պարզվում է՝ «վերջին շրջանում ադրբեջանական լրատվամիջոցների կողմից ականի պայթյունից ԱՀ քաղաքացիների մարմնական վնասվածքներ ստանալու մի քանի տեղեկատվություններից հետո (…) որոշվել է շոշափելի քայլեր ձեռնարկել երկու պետությունների միջև վստահության կառուցման ուղղությամբ»:
Հայաստանի ԱԱԾ-ին բացարձակապես չեն մտահոգում Բաքվի բացահայտ արտահայտվող տարածքային նկրտումները, չի մտահոգում ակտիվորեն իրականացվող «Արևմտյան Ադրբեջան» նախագիծն ու ադրբեջանական հեռուստաալիքի «ստեղծագործական խմբի» կողմից բացահայտ հակահայկական ֆիլմի նկարահանումները Երևանի կենտրոնում, ԱԱԾ-ն ավելի քան երկուսուկես տարի շարունակ միանգամայն անխռով է վերաբերվում Հայաստանի տարածքում ադրբեջանական հրոսակախմբերի ներկայությանը... Երկրի ազգային անվտանգության համար մեծ վտանգ ներկայացնող աղաղակող երևույթների ցանկը, որոնց ԱԱԾ-ն չի արձագանքում, կարելի է շարունակել անվեջ...
Իսկ այ Արցախի բռնազավթված տարածքներում «ականի պայթյունից Ադրբեջանի քաղաքացիների մարմնական վնասվածքների» մասին հաղորդագրություններն այնքան են մտահոգել ծառայությանը, որ հանկարծ ականապատ դաշտերի նոր տեղեկամատյաններ է հայտնաբերել և որոշել հանձնել դրանք Բաքվին, որպեսզի բարբարոսներն առանց որևէ խնդրի կոխկրտեն հայկական հողն ու ավերեն հայկական սրբավայրերը: Իսկ նոր տվյալները, ըստ հաղորդագրության, ստացվել են «Լեռնային Ղարաբաղի նախկին զինծառայողների շրջանում հարցումային աշխատանքի» արդյունքում…
Ներկայացումն այն աստիճան ապաշնորհ է խաղացվում, որ «սպիտակ թելերը» բառացիորեն դուրս են ցցված դրանից։ Հիշեցնենք, որ հունվարի 22-ին Ադրբեջանի ԱԳՆ-ը կոչ էր արել ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ «ականադաշտերի քարտեզների մասին ճշգրիտ տեղեկատվություն ստանալու համար»: «Հայաստանի կողմից անկանոն տեղադրված ականները շարունակում են վտանգ ներկայացնել խաղաղ բնակչության համար»,- ասված էր հայտարարության մեջ: Թե որտեղից Արցախում «խաղաղ բնակչություն», ընդ որում չէր հստակեցվում։
Մեկ օր անց Բաքվի իր գործընկերների հայտարարությանը աշխույժ արձագանքեց Արարատ Միրզոյանը։ Ոչ, նա ամենևին չէր վիրավորվել, որ ցեղասպան ռեժիմը կոչ է անում ճնշում գործադրել «ժողովրդավարության բաստիոնի» վրա. այս մարդիկ իսպառ զուրկ են արժանապատվության զգացումից։ Ընդհակառակը, Միրզոյանը հայտարարեց, որ «Երևանը չի բացառում հնարավոր ականների մասին նոր տվյալների փոխանցումը Բաքվին»։
Թե տեղյակ էր արդյոք Արարատ-Արաբաթ-Օմեգան ԱԱԾ-ի անսպասելի գտածոների մասին, մնում է միայն կռահել: Բայց փաստը մնում է փաստ. ևս երկու օր անց այդ գերատեսչությունը հայտարարեց, որ պատրաստ է հենց հիմա, անհապաղ փոխանցել այդ տվյալները թշնամական պետությանը։ Իսկ քանի որ ԶԼՄ-ները հիշեցին Ալեն Սիմոնյանի և Փաշինյանի ավելի վաղ արած այն հայտարարությունները, որ ականադաշտերի բոլոր քարտեզներն արդեն հանձնվել են Բաքվին, ԱԱԾ-ում ստիպված էին հեքիաթ հորինել «նոր տեղեկամատյանների» վերաբերյալ, որոնց մասին, իբր, հայտնել են արցախցի զինծառայողները…
Արցախի հետ կապված այլ խնդիրներ, բացի թուրքերի անվտանգության մասին հոգացողությունից, ՀՀ ԱԱԾ-ն, դատելով ամենից, չունի։ Բայց առաջին հերթին ընդգծենք մեկ այլ բան. առ այսօր ականադաշտերի քարտեզների հարցը սերտորեն կապակցվում էր հայ գերիների վերադարձի հետ։ Որքան էլ ցավալի է, Երևանը 44-օրյա պատերազմից անմիջապես հետո բացահայտ սակարկում սկսեց Բաքվի հետ՝ փոխանակելով հայ ռազմագերիներին այդ տխրահռչակ քարտեզների հետ։
Սակայն ռազմագերիների և պատանդների հայրենադարձումը Ադրբեջանի անմիջական պարտականությունն է ինչպես միջազգային իրավունքի, այնպես էլ 9.11.2020 թ.եռակողմ հայտարարության դրույթների համաձայն: Իսկ այ ականադաշտերի քարտեզների և դրանք տրամադրելու Հայաստանի որևէ պարտավորության մասին չի ասվում պատերազմից հետո ընդունված ոչ մի փաստաթղթում։ Այդուհանդերձ Փաշինյանը պատրաստակամորեն սկսեց այդ ցինիկ սակարկությունը՝ ներկայացնելով քարտեզների փոխանցումն իբրև «մարդասիրական ժեստ»։ Ի պատասխան Բաքվից ստանալով միայն նոր դժգոհություններ, թե իբր՝ քարտեզներն այնքան էլ ճշգրիտ չեն ու անորակ են, և փորձելով արդարանալ, որ ուրիշ քարտեզներ չկան։
Մինչդեռ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2021 թվականին երկու անգամ մերժել է Ադրբեջանին, որը պահանջում էր միջանկյալ միջոցներ կիրառել Հայաստանի նկատմամբ հենց քարտեզների տրամադրումից իբր հրաժարվելու համար։ Բայց նույնիսկ նման որոշումների առկայության պարագայում Փաշինյանը, Միրզոյանն ու ԱԱԾ-ն պատրաստ են Բաքվին տրամադրել ցանկացած «քարտեզ-խաղաքարտ», իբր՝ «երկու պետությունների միջև վստահության ամրապնդման համար»։ Թե ինչ «վստահության» մասին կարելի է խոսել ստեղծված պայմաններում, հայտնի է, թերևս, միայն այդ երեքին։
Իսկ չէ՞ որ դեռ անցած տարվա հուլիսին Փաշինյանը շարունակում էր կապակցել այդ հարցը գերիների վերադարձի հետ՝ երկու անգամ հայտարարելով, որ «Ադրբեջանը ականապատ դաշտերի քարտեզների փոխանցմանը ի պատասխան ոչ մի համարժեք քայլ չարեց, մինչև օրս շարունակում է ապօրինի կերպով պահել հայ ռազմագերիներին և նրանց օգտագործել որպես քաղաքական սակարկման գործոն»։ Այդ ի՞նչ է տեղի ունեցել այս ընթացքում, որ այսօր, պատրաստակամություն հայտնելով «նոր տեղեկամատյաններ» փոխանցել Բաքվին, ՀՀ իշխանությունները մի բառով անգամ չեն հիշատակում հայ գերիներին և քարտեզների փոխանցման համար պայման չեն դնում նրանց վերադարձը: Մի՞թե հասկացել են, թե որքան անբարո է օգտագործել մարդկանց որպես քաղաքական կեղտոտ սակարկման առարկա։
Իհարկե՝ ո՛չ ։ Ընդհակառակը, Փաշինյանն ու իր հանցախումբը գնալով ավելի են թաղվում բացարձակ բարոյազրկության ճահճի մեջ, այդ թվում՝ գերիների հարցում։ Պարզապես 2023-ի սեպտեմբերից ի հայտ է եկել մի շատ կարևոր գործոն. Ադրբեջանի կողմից Արցախի նախկին և գործող առաջնորդների խմբի ապօրինի կալանավորումը, որոնց վերադարձը Փաշինյանի համար խիստ անշահավետ և նույնիսկ վտանգավոր է։ Նրանցից ոմանք այն մարդիկ են, որոնք ունակ են իրական ընդդիմություն կազմել Փաշինյանի վարած հակահայկական քաղաքականությանը, առաջին հերթին՝ Ռուբեն Վարդանյանը։ Մյուսները, մասնավորապես՝ Արայիկ Հարությունյանը, նրա դավաճանության անցանկալի վկաներն են, որոնք տեղեկություններ ունեն, թե ինչպես է հանձնվել Արցախը։
Ե՞րբ են վերջին ամիսներին ՀՀ իշխանությունները բարձրացրել Արցախի առաջնորդների հարցը և պահանջել ազատ արձակել նրանց։ Դժվար է հիշել: Ե՞րբ են վերջին շրջանում միջազգային տարբեր հարթակներում խոսել այդ մասին, այսպես կոչված, հայ դիվանագետներն ու ՔՊ-ական պատգամավորները։ Նույնպես դժվար է ասել: Հունվարի 23-ին ներկայացնելով իր ԱԳՆ գործունեության հաշվետվությունը՝ Միրզոյանը ջանադրաբար շրջանցեց է այդ խնդիրը։ Ամեն ինչ ճիշտ է. դա պարզապես բացակայում է փաշինյանական արտաքին քաղաքականության հրատապ օրակարգից։
Մի՞թե դա չէ պատճառը, որ խոսելով ականադաշտերի քարտեզների մասին, Երևանում գործնականում առաջին անգամ ծպտուն չհանեցին գերիների վերադարձի մասին։ Իսկ գուցե Փաշինյանը նաև այդ կե՞րպ է ուզում շնորհակալություն հայտնել Բաքվի իր յուզգյարին՝ այն մարդկանց նկատմամբ հաշվեհարդար տեսնելու դիմաց, որոնք ատելի ու վտանգավոր են իր և իր ոհմակի համար նույն այն պատճառով, որով վտանգավոր ու ատելի են Ալիևի համար։