Գերմանիայում երկու նախկին պատգամավորի մեղադրել են կոռուպցիայի մեջ՝ Ադրբեջանին աջակցելու համար

Մյունխենի դատախազությունը կոռուպցիայի մեղադրանք է ներկայացրել Քրիստոնեա-դեմոկրատական միության երկու նախկին պատգամավորների՝ իբր Ադրբեջանի կողմից կաշառված լինելու հետ կապված։ Այս մասին տեղեկացրել է «Европейская правда»-ն՝ հղում կատարելով Spiegel-ին։

ՔԴՄ նախկին պատգամավորներ Աքսել Ֆիշերը և Էդուարդ Լինթները (33 և 23 տարեկան՝ համապատասխանաբար) եղել են Բունդեսթագի պատգամավորներ։ Ֆիշերը պատգամավոր չէ 2009-ից, Լինթները՝ 2021-ից։ Կասկածները վերաբերել են նաև նախկին քաղաքական գործիչ Քարին Շթրենցին, բայց նա մահացել է 2021թ.։

Հետաքննությունը տևել է ավելի քան չորս տարի և ավարտվել կոռուպցիայի և ընտրված պաշտոնատար անձանց կաշառելու մեղադրանքներով։

Լինթներին մեղադրում են Ադրբեջանի իշխանություններից միջոցներ ստանալու և դրանք այլ պատգամավորների, այդ թվում՝ Շթրենցին, հանձնելու մեջ՝ այնպիսի որոշումների ընդունման դիմաց, որոնք շահավետ են եղել Ադբեջանին, մասնավորապես ԵԽԽՎ-ում։

Դատախազությունը կարծում է, որ Շթրենցը համաձայնել է գործել «Ադրբեջանի ակնկալիքներին համապատասխան»։

Ֆիշերին ներկայացվել են նույն մեղադրանքները. նա 2011թ. իբր պայմանավորվել է Ադրբեջանի խորհրդարանի ներկայացուցչի հետ, որպեսզի աջակցի Բաքվի համար շահեկան գծին ԵԽԽՎ-ում՝ ապագայում դրամական պարգևատրման դիմաց։ Խոսքն իբր «դրական» ելույթների, կոնֆիդենցիալ տեղեկության փոխանցման և քվեարկության մասին է։

Ավելի վաղ նման մեղադրանքներ հարուցվել էին ևս մեկ պատգամավորի՝ Մարկ Հաուփթմանի դեմ, բայց նրա նկատմամբ հետաքննությունը Թյուրինգիայում դադարեցվել է։

Լինթները փաստացի չի հերքում, որ զբաղվել է հօգուտ Ադրբեջանի լոբբիով և ընդունել է, որ իր ընկերությունները Ադրբեջանից ստացել են ավելի քան 3 մլն եվրո։ Միևնույն ժամանակ, նա այժմ հայտնել է, որ քրեական մեղադրանքներն արդարացի չեն։

News.am