ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է` ՄԻԱՅՆ ԲԱՔՈՒՆ Է ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ. ԿԱՊՐԻԵԼՅԱՆԸ` ԱՆՀԵՏ ԿՈՐԱԾՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի ռազմագերիների հարցերի հանձնաժողովի աշխատանքային խմբի նախկին ղեկավար Արմեն Կապրիելյանի համար շատ զարմանալի է, որ հայկական կողմը ընդհանրապես չի խոսում մեր անհայտ կորածների մասին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, անդրադառնալով Ադրբեջանի պնդումներին, թե ՀՀ–ն հրաժարվում է տեղեկություններ տրամադրել Ադրբեջանի անհետ կորած քաղաքացիների մասին, Կապրիելյանն ասաց, որ տպավորությունն է, որ միայն Ադրբեջանն է ինչ-որ բան, ինչ-որ ինֆորմացիա պահանջում, և մենք աշխատում ենք միայն այդ ուղղությամբ։
«Բայց չէ որ նույնաբովանդակ խնդիրներ կան, որ մենք էլ կարող ենք իրենցից պահանջել»,–ասաց նա։
Հայտնել էինք, որ ՀՀ ԱԱԾ–ն հայտարարություն է տարածել, որով Գերիների, պատանդների և անհետ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող ՀՀ միջգերատեսչական հանձնաժողովը Ադրբեջանի համապատասխան կառույցին առաջարկել է ակտիվացնել համագործակցությունը:
«Մենք էլ ունենք անհետ կորածներ` 700–ից ավելի են, և չեմ կարծում, թե 2018թ–ից այս կողմ ինչ-որ բան է արվել այդ մարդկանց ճակատագրերը պարզելու համար»,–ասաց հանձնաժողովի աշխատանքիային խմբի նախկին ղեկավարը։
Նա պատմեց, որ մինչև 2007 թ–ը իրենց հանձնաժողովի անդամները պարբերաբար հանդիպումներ են ունեցել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, նաև Կարմիր խաչի օգնությամբ են անընդհատ բանակցել, ինֆորմացիա փոխանակել։ «Իհարկե, ադրբեջանցիների հետ շատ դժվար է աշխատելը այս թեմայով, որովհետև իրենց պետական քաղաքականությունն այլ է»։
Նրա խոսքով` Հայաստանի ռազմագերիների հարցերի հանձնաժողովը տարիների երկար ու դժվար աշխատանքի արդյունքում բավականին ինֆորմացիա է հավաքել հնարավոր մարմինների, աճյունների վերաբերյալ։
«2008–ից հետո կարողացել ենք կազմել «Արաբո», «Արծիվ», «Զեյթուն» ջոկատների ընկած մարտիկների թաղման վայրերը, որոնք այն ժամանակ գտնվում էին ադրբեջանցիների տիրապետության տակ։ Այդ ինֆորմացիան նաև միջազգային հեղինակավոր կառույցների միջոցով փոխանցել ենք նրանց, պարզապես դրա մասին այսօր ոչ ոք չի խոսում»,–նշեց նա։
Անդրադառնալով ՀՀ–ի կողմից ականապատտարածքների նոր քարտեզներ տրամադրելուն` Կապրիելյանն ասաց, որ նման հարցերը կարելի էր օգտագործել հայ գերիների, պատանդների և նաև Արցախյան առաջին պատերազմի ժամանակվա անհետ կորածների ճակատագրերը պարզելու համար։
«Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, երբ դաշտային հրամանատարներն էին զբաղվում գերիների խնդիրներով, դեպքեր են եղել, երբ մարդիկ կարողացել են գերիներին հետ բերել, ասենք, բենզինի կամ բնամթերքի դիմաց։ Այսինքն` բոլոր հնարավոր միջոցները պարտավոր ենք օգտագործել մարդկային կյանքեր փրկելու համար»,–հիշեց նա։
Կապրիելյանի տպավորությամբ և դատելով լրահոսից` ականապատ տարածքների քարտեզների դիմաց ՀՀ–ն ոչ մի պահանջ էլ առաջ չի քաշել։
Հունվարի 23–ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չէր բացառել, որ ՀՀ–ն ականապատ նոր տարածքների մասին տեղեկություն կփոխանցի Ադրբեջանին։ Հունվարի 25–ին էլ ՀՀ ԱԱԾ–ն հայտարարել էր, որ Արցախի տարածքում գտնվող ականապատ դաշտերի մասին 8 նոր տեղեկամատյաններ առաջիկա օրերին աշխատանքային խողովակներով կփոխանցվեն ադրբեջանական կողմին:
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ ԱԱԾ–ի՝ Բաքվին ականապատ տարածքների քարտեզներ տրամադրելու մտադրության մասին հայտարարությանը՝ նշելով, որ սպասում են, որ Հայաստանը ներկայացնի ականապատված բոլոր տարածքների ճշգրիտ քարտեզները, որոնք մինչ այժմ ամբողջությամբ չեն ներկայացվել: Դրա հետ մեկտեղ, պետք է անհետաձգելի միջոցներ ձեռնարկվեն վերջին 30 տարում անհետ կորած շուրջ 4000 ադրբեջանցիների ճակատագրի, ինչպես նաև ադրբեջանցիների զանգվածային թաղման վայրերի մասին Հայաստանի կողմից տեղեկատվություն տրամադրելու նպատակով: