Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՈՐՊԵՍ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿԱՐՈՂ Է ՓԼՈՒԶՎԵԼ ԱՅՆՊԵՍ, ԻՆՉՊԵՍ ՓԼՈՒԶՎԵՑ ԱՐՑԱԽԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ի՞նչ տեղի ունեցավ Արցախում. Մենք ականատես եղանք մի պետության սրընթաց փլուզման, որն ուներ իր ենթակառուցվածքները, համակարգը, իր լավ ու վատ կողմերը։ Ես վախենում եմ, որ Հայաստանը կարող է նույն կերպ փլուզվել։ 21-րդ դարում դա անհնարին է թվում, բայց այդպես փլուզվեցին Սիրիան ու Ուկրաինան։ Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր, քաղաքագետ Վահե Հովհաննիսյանը։
«Եթե մենք ոչինչ չկարողացանք անել Արցախի հարցում, ապա որտե՞ղ է երաշխիքը, որ նույն կարգախոսները, նույն գաղափարները, նույն մարդիկ կարող են կանգնեցնել Հայաստանի փլուզումը։
Ինձ թվում է, որ մենք չենք կարող: Որպեսզի փոփոխություններ լինեն, պետք է փոխվենք մենք ինքներս, փոխենք ներքաղաքական պայքարի ձևաչափերը: Սահմանադրության, օրհներգի և զինանշանի փոփոխության օրակարգով գործող իշխանությունները ցանկանում են ցույց տալ, որ բոլորը կանգնելու են ընտրության առաջ, և դա այլևս հնարավոր չի լինի թաքցնել: Նրանք ասում են՝ հարևանների պահանջով ստեղծում են նոր Հայաստան՝ անդեմ, անսկզբունքային, որը չպետք է հիշողություն ունենա ու բարձր նպատակներ հետապնդի։
Բայց ամեն ինչ չէ, որ անհույս է, անգամ Արցախի հարցում շատ բան կարելի է հետ բերել։ Ներկայիս վարչախումբը մնում է իշխանության միայն հասարակության անգործության հետըևանքով, մինչդեռ երկրին անհրաժեշտ է իշխանափոխություն, պետք են նոր ուժեր, ն պետք է մոդերատոր, որը կարող է մի կողմ դնել անձնական ամբիցիաներն ու համախմբել հասարակությանը։ Նման մարդու անունը, եթե նա հայտնվի, ոսկե տառերով կգրվի Հայաստանի պատմության մեջ»,- նշեց նա։
Նրա գնահատմամբ, խաղաղության լուրջ պայմանագիրը ենթադրում է բոլոր հարցերի ներառում, իրական միջնորդների ներգրավում, հարևանների մասնակցություն, քանի որ տարածաշրջանի նոր կառուցվածքը չի կարող գծվել առանց Իրանի, Ռուսաստանի, Վրաստանի:
«Հայաստանը չի կարող ակնկալել, որ Ֆրանսիան կապահովի Սյունիքի անվտանգությունը, քանի որ Փարիզը դրա համար որևէ լծակ չունի։ Բայց դուք կարող եք խթանել իրական օրակարգը՝ Ֆրանսիայի և այլ երկրների հետ, որպեսզի այն իրական օգուտներ բերի: Արևմուտքը կարող է օգնել մեզ շատ հարցերում, սակայն անվտանգության ապահովման իրական աջակցությունը կարող է կապված լինել իրանա-ռուսական դաշինքի հետ»,- հավելել է փորձագետը։
Նրա խոսքով, հայ հասարակության համար տեղեկատվության միակ աղբյուրը Ալիևն է դարձել, ով հստակ ձևավորել է Ադրբեջանի նոր պահանջները։
«Մենք ապրում ենք մեկ օրվա, մեկ շաբաթվա հիման վրա, և ամեն անգամ զարմանում ենք նոր հայտարարություններով։ Թուրքիայի շնորհիվ Ադրբեջանը ձեռք է բերել երկարաժամկետ ռազմավարական մտածողության մշակույթ և, ելնելով աշխարհաքաղաքական իրավիճակից, փոխում է իր հռետորաբանությունը։
Հայաստանի իշխանություններն էլ իրենց հերթին պատմական սխալներ են թույլ տվել ու թույլ կտան, որոնց համար մենք վճարում ենք մարդկային ու տարածքային կորուստներով։ Անգամ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո հնարավորություն կար խուսափելու այն ամենից, ինչ տեղի ունեցավ: Ցանկացած երկրում այսքան սխալներ թույլ տված իշխանությունը վաղուց պետք է հեռանար։
Ալիևը փայլուն է օգտագործում այդ սխալները: Նա արևմտյան հարթակներում ստացավ այն ամենը, ինչ կարող էր, այդ թվում՝ լռությունը Արցախի հայաթափման ժամանակաշրջանում։ Դրանից հետո պարզվեց, որ նա ջերմ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ և կոչ է անում Արևմուտքին չմիջամտել տարածաշրջանային գործերին»,- ընդգծեց քաղաքագետը։
Հովհաննիսյանն անլուրջ է անվանել Ադրբեջանի հետ չհարձակման պայմանագիր ստորագրելու մասին Հայաստանի առաջարկը, քանի որ բոլոր պատերազմները սկսվել են հենց նման ակտերի ընդունումից հետո։