Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ՈՉ ՄԻ ԵՐԱՇԽԻՔ ՉԿԱ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՒՎԵՐԵՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻՆ ԽԱՌՆՎԵԼՈՒ ԱՅՍ ԻՆՏԵՐՎԵՆՑԻԱՆ ՉԻ ԼԻՆԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ

Ալիևն ասել է. «Հայաստանի Սահմանադրության և այլ փաստաթղթերի փոփոխությունների դեպքում կարելի է հասնել խաղաղության»:

Սա Ալիևի կողմից ՀՀ ներքին գործերին ուղիղ խառնվելու, ինչ-որ տեղ նաև շանտաժի ցայտուն դրսևորում է, որն անթույլատրելի է միջազգային պրակտիկայի տեսանկյունից: Սա ցույց է տալիս նաև այն, թե որքան անկարող, խղճուկ և կախյալ վիճակում են գտնվում ՀՀ իշխանությունները:

Հենց միայն Ալիևի այս հայտարարությունը բավարար է, որպեսզի Հայաստանում այլևս չքննարկվի Սահմանադրության փոփոխության հետ կապված որևէ հարց: Ոչ մի երաշխիք չկա, որ Հայաստանի սուվերեն որոշումներին խառնվելու այս ինտերվենցիան չի լինի շարունակական և չի ստանա այլ դրսևորումներ:

Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Լևոն Տեր-Պետրոսնանի կառավարման տարիներին ոչ Ադրբեջանը, ոչ էլ այլ երկիր չէր կարող նման ամթույլատրելի ոճով ու նախապայմաններով խոսել Հայաստանի Հանրապետության հետ:

Իսկ տարածաշրջանում իրական, արժանապատիվ խաղաղության կարելի է հասնել հետևյալ պարագաներում.

ա) ՀՀ կառավարության կազմն ու իշխանության որակը փոխելով ,

բ) Հայաստանի հասարակությանն ու հայկական Սփյուռքին համախմբելով,

գ) ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ բոլոր տիպի հարաբերությունները վերականգնելով և բազմակողմանիորեն զարգացնելով , տարածաշրջանում բնական դաշնակիցների հետ գործնական հարաբերություններ կառուցելով,

դ) ՀՀ ԶՈւ կարողությունների և մարտունակության զարգացման համար իրական ջանքեր գործադրելով,

ե) ընկալելի, հիմնավորված և հետևողական արտաքին քաղաքականություն վարելով,

զ) առկա ռեսուրսները վատնելու փոխարեն` տնտեսության փաստացի զարգացման համար իրատեսական ու հավակնոտ ծրագրեր իրականացնելով,

է) ազգային քաղաքական ուժերի և համահայկական կառույցների ակտիվ համագործակցությամբ և փոխլրացմամբ:

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ, ֆեյսբուքյան էջ