ԲԱՔՎԻ ԿԱՄԱՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆՆ Է

Բաքվի դատարանը, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրության, մերժել է Ռուբեն Վարդանյանի վերաքննիչ բողոքը, նրա կալանքը 4 ամսով երկարաձգելու որոշումը մնում է ուժի մեջ։ Նշվում է նաև, որ հայտնի բարեգործին, որին Ադրբեջանում մեղադրում են ոչ ավելի, ոչ պակաս «ապօրինի զինված կազմավորումներ ստեղծելու և դրանց մասնակցելու, ահաբեկչության ֆինանսավորման, ինչպես նաև պետական սահմանի խախտման» մեջ, սպառնում է 14 տարվա ազատազրկում։

Նախքան այս զառանցանքին անդրադառնալը, նշենք, որ Բաքվի դատաբեմադրությունը՝ արդարադատության պահապանների պատմուճաններ հագած ամենատարբեր խեղկատակներով, վաղուց է դարձել իսկական պատժիչ զենք Ադրբեջանի հանցավոր քաղաքական ռեժիմի ձեռքին՝ ոչ միայն սեփական այլախոհ քաղաքացիներին, այլև հաճախ այլազգիներին պատժելու համար, ովքեր կհամարձակվեն ճշմարտությունն ասել շինծու պետության մասին՝ իր բռնապետական կարգերով և միջնադարյան բարքերով։

«ԱՎՐՈՐԱ» ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՀԻՄՆԱԴԻՐ, սոցիալական գործարար և իմպակտ-ներդրող Ռուբեն Վարդանյանի հետ ինձ վիճակվել է բազմիցս հանդիպել Արցախում տարբեր հասարակական միջոցառումների և ասուլիսների ժամանակ։ Ես գրել եմ Արցախի և Հայաստանի համար նրա սոցիալապես նշանակալի գործունեության մասին, նրա հետ վարել եմ բացառիկ հարցազրույցներ։

Պետք է ասել, որ հենց առաջին ծանոթությունից Ռուբեն Վարդանյանն ինձ վրա թողեց ոչ միայն խելացի և բազմակողմանիորեն կիրթ մարդու, այլև իսկական հայ հայրենասերի տպավորություն, որն անկեղծորեն նվիրված է իր Հայրենիքին և ժողովրդին։ Արմատներով չլինելով Արցախից (Լեռնային Ղարաբաղից), նա համարում էր այդ փոքրիկ հինավուրց հայկական երկրամասը «ոչ թե պարզապես տարածք, այլ Հայոց աշխարհի համար սրբազան վայր, քանզի այնտեղ կենտրոնացած են հայության կարևոր, արմատային հիմքերը»։

«Ես ուզում եմ թանկագին արցախցիներին ասել մի բան. դուք նույնիսկ չեք պատկերացնում, թե ինչ երջանիկ մարդիկ եք, դուք նույնիսկ չեք պատկերացնում, թե ինչ ուժ ունեք։ Դուք հազարամյակներ շարունակ ապրում եք ձեր հարազատ հողի վրա և զգում ձեր արմատները… Դա այն ուժն է, որը կցանկանայի, որ պահպանեք ոչ միայն ձեր, այլև մեր ամենքիս համար։ Հավատացեք, չկա ավելի կարևոր բան, քան սեփական Հայրենիքի առկայությունը, որտեղ թաղված են քո նախնիների ամբողջ սերունդներ»,- իր հարցազրույցներից մեկում ասել է Ռուբեն Վարդանյանը։

Դրա հետ մեկտեղ նա մշտապես նշում էր, որ Արցախի պայքարը չի կարող լինել միայն արցախցիների և Հայաստանի հայերի խնդիրը, այլև ամբողջությամբ վերցրած ազգի խնդիրն է։ Պատահական չէ, որ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած 44-օրյա պատերազմից անմիջապես հետո նա գործընկերների հետ իրականացրեց մեծ թվով նախագծեր, որոնք ընդգրկում էին դե ֆակտո հանրապետության գործնականում ողջ բնակչությանը։

2022 թվականին Ռուբեն Վարդանյանը որոշեց ցուցաբերել իսկական հայրենասիրության անձնական օրինակ, մշտական բնակություն հաստատելով Լեռնային Ղարաբաղում։

 «Ինձ համար կարևոր էր ցույց տալ, որ մենք ոչ միայն պարզապես Արցախի կողքին ենք, այլև ես այստեղ եմ, ձեզ հետ եմ»,- նշել է բարեգործը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ընդ որում խոստովանելով, որ Արցախ տեղափոխվելու որոշումը՝ Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելով, հեշտ չի տրվել իրեն, իսկ հենց տվյալ պահին այդ որոշումն ընդունելու համար ազդակ են ծառայել ցավալի իրադարձությունները Լաչինի միջանցքի Բերդաձորում ու Աղավնոյում և ծանր վիճակում հայտնված մարդկանց օգնելու ցանկությունը։

 «Մարդը, որը չի ցանկանում դուրս գալ իր հարմարավետության գոտուց և նվիրաբերել իր անձը Հայրենիքին, այնքան էլ ազնիվ չէ», –նշել է բարեգործը, ընդգծելով, որ Արցախ է եկել ոչ թե որպես կուսակցության ղեկավար կամ պաշտոնատար անձ, այլ որպես անհատ, մարտիկ, որը պատրաստ է ծանր վիճակում գտնվող Արցախին նվիրել այն ամենը, ինչ գիտե և կարող է։

ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ԾԱՅՐԱՍՏԻՃԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԷՐ ՀԱՄԱՐՈՒՄ ՀԱՅԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆՑ ԳԼԽԱՎՈՐ ՌԵՍՈՒՐՍԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ. «Մենք նավթ չունենք, բայց մենք ունենք մեր սեփական «նավթը»՝ մարդկային կապիտալը։ Եթե հաղթահարենք մեր բոլոր բարդույթները և սովորենք միաձուլել այն վեց, յոթ, ութ (կարևոր չէ, թե որքան) միլիոն հայերին և համայն հայության բարեկամներին, ապա կհասնենք նրան, ինչը ուժեղ կդարձնի Հայաստանն ու Արցախը։ Ինչ էլ որ ստորագրելու լինենք մեր հարևանի հետ, եթե նա տեսնի մեր թուլությունը, ապա հաջորդը կլինեն Զանգեզուրը, Սևանը, Երևանը։ Իսկ եթե ուժեղ լինենք, ամեն ինչ կարող է փոխվել։ Ես ռևանշի կողմնակից չեմ, ոչ էլ նրա, որ հենց հիմա գնանք կռվելու, ես կողմնակից եմ, որ զգանք՝ մեր թիկունքում ուժ կա, միավորված ազգի ուժը, տնտեսապես զարգացած երկրի ուժը և մեր բարեկամների ու գործընկերների ուժը, նրանց ներգրավվածությունը այն ամենում, ինչ մենք անում ենք»։

Միաժամանակ նա զգուշացնում էր. «Եթե մենք չկանգնենք ուս-ուսի, ապա կկորցնենք այն, ինչը մեր նեցուկն է։ Մենք պետք է արթնանանք և գիտակցենք մեր առաքելությունը։ Մեզանից յուրաքանչյուրը պետք է անի ամեն հնարավորը՝ աղետը կասեցնելու համար, որը մահացու կլինի անկախ նրանից, թե որտեղ ենք ապրում»։

Վարդանյանը մաքառում էր, որ Արցախ-Հայաստան փոխհարաբերություններն ավելի արդյունավետ դառնան, համայն հայության համար Արցախի կարևորության գիտակցումով, որպեսզի «արցախցիներն իրենց միայնակ չզգան», որպեսզի «կապը Հայաստանի և փոխգործակցությունը հայոց աշխարհի հետ ամրապնդվեն», որպեսզի «Հայաստանում ապրող հայերը, ինչպես երեխաները, այնպես էլ նրանց ծնողները պարբերաբար այցելեն Արցախ և տեսնեն, թե ինչ հողի, ինչ հուշարձանների համար են մարդիկ զոհել իրենց կյանքը»։

Արցախի զարգացման կարևորագույն ծրագրերի մեջ սոցիալական ձեռներեցը նշում էր կրթության, առողջապահության, ժամանակակից տեխնոլոգիաների, մշակույթի, ներքին զբոսաշրջության ոլորտներում իրականացվելիք նախագծերը։ Բաքվի զնդանում անմեղ տառապող հայ հայրենասերը փորձում էր անել ամեն ինչ, որ Հայաստանը լինի ուժեղ, երջանիկ, անկախ երկիր, իսկ հասարակ ղարաբաղցին ապրի իր հարազատ հողի վրա, ինչպես մոլորակի բոլոր նորմալ մարդիկ, օգտվի քաղաքակիրթ աշխարհի և սովորական մարդու համար նախատեսված բոլոր իրավունքներից։

Իսկական մարդու և քաղաքացու այսպիսի գաղափարների ու գործերի համար է, որ Արցախի ժողովրդի դեմ թուրք-ադրբեջանական 44-օրյա ագրեսիայի ժամանակ ամբողջ աշխարհից ջիհադիստներ և ահաբեկչական այլ չարքեր հավաքագրված ալիևյան ռեժիմը, որ մի քանի ամիս առաջ «քաղաքակիրթ աշխարհի» աչքի առաջ մարդկության դեմ հանցագործություն՝ էթնիկ զտումներ իրականացրեց, իսկ այսօր սպառնում է զավթել Հայաստանի ինքնիշխան տարածքը, մեղադրում Է Ռուբեն Վարդանյանին «ահաբեկչության ֆինանսավորման» մեջ։ Այո, աշխարհն, իրոք, շուռ է եկել, եթե չարամիտ հանցագործին թույլատրվում է օրենքի անունով դատել ազնիվ մարդուն։

ԱՆԴԱԴԱՌՆԱԼՈՎ ԻՐ ԱՐՑԱԽ ՏԵՂԱՓՈԽՎԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՇԱՀԱՐԿՈՒՄՆԵՐԻՆ, ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆՆ ԱՍՈՒՄ ԷՐ. «Վերջիվերջո բոլորս գնալու ենք այս աշխարհից։ Մնալու են միայն մարդու գործերը»։

«Կստացվի, չի ստացվի՝ ամեն ինչ հնարավոր է։ Բայց ես հետդարձի ճանապարհ չեմ թողել ինձ համար։ Ես չունեմ ո՛չ անգլիական, ո՛չ ռուսական անձնագիր։ Դա արվում է այստեղ ապրող հասարակ մարդու համար, որպեսզի նա հասկանա, որ միայնակ չէ»,- ասում էր նա։

Ցավոք, մեծ հայրենասերի և բարեգործի բազմաթիվ ծրագրերն ու գլխավոր երազանքը մնացին չիրագործված։ Սիրելի Արցախի հետ միասին նա հայտնվեց թշնամական գերության մեջ։ Եվ դրանում կա մեզանից յուրաքանչյուրի մեղքի բաժինը։ Մենք չկանգնեցինք նրա կողքին, չսատարեցինք, ինչպես հարկն էր, մինչև վերջ չհավատացինք նրան և ինքներս մեզ…

«Ես երջանիկ մարդ եմ, որովհետև ունեմ իմ Հայրենիքը և պատրաստ եմ հանուն նրա զոհաբերել ամեն ինչ»,- ասում էր Ռուբեն Վարդանյանը։

Եվ նա կատարեց իր խոստումը և գործով հաստատեց, որ համարում է Արցախը «սրբազան վայր Հայոց աշխարհի համար»։ Հրաժարվելով Հայրենիքից հեռու ապահով կյանքից և հայտնվելով բախտորորշ իրադարձությունների էպիկենտրոնում, նա ակնբախորեն ցուցադրեց, թե որքան կարևոր են այդ հինավուրց երկրամասը և ամեն իսկական հայկականը իր՝ ճշմարիտ հայրենասերի համար։

Իսկ հանցագործությունների մեջ թաղված Բաքվի ռեժիմի արձագանքն այդ ամենին լոկ ապացուցում է, թե որքան կարևոր է հայերի համար բարեգործ և հայրենասեր Ռուբեն Վարդանյանի օրինակը։