Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ. ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒՄԸ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՊԱԶԳԱՅԻՆ ՔԱՅԼՆ Է

2021 թվականից ի վեր ադրբեջանական բանակը գտնվում է Հայաստանի տարածքում և չի պատրաստվում դուրս գալ։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր և հրատարակիչ Հարութ Սասունյանը։

«Փաշինյանը երկար տարիներ է, ինչ խոսում է Ադրբեջանի հետ լեզու գտնելու, խաղաղության պայմանագիր ստորագրելու, Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու մասին և ժողովրդին խաբում է՝ ասելով, եթե Արցախը վերադարձնենք Ադրբեջանին, հայերը խաղաղ երկնքի տակ կապրեն։ Բայց հիմա մենք տեսնում ենք, որ ադրբեջանական բանակը 2021-ից ի վեր գտնվում է Հայաստանի սահմանների ներսում, և Ալիևն ինքը հայտարարեց երկու շաբաթ առաջ, որ իր բանակը մեր սահմաններից չի պատրաստվում դուրս գալ։ Եվ սուտ է ասել, թե հողերը հանձնելով՝ խաղաղության ենք հասնելու։ Սուտ է, խաղաղություն չի լինելու և ադրբեջանցիների ախորժակն ավելի է բացվելու, ավելի շատ պահանջներ են ներկայացնելու։ Փաշինյանն էլ, լինելով թույլ և վախկոտ ղեկավար, ամեն ինչ զիջելու է»,- ասաց Սասունյանը։

Նրա խոսքով՝ Սահմանադրության փոփոխումը Փաշինյանի հերթական ապազգային քայլն է։

«Ինչ վերաբերում է Սահմանադրության փոփոխմանը, կասեմ, որ սա Փաշինյանի հերթական ապազգային քայլն է։ Նա այս ամենը սկսել է վաղուց և սկսել է Արարատով, անդրադարձել է հիմնին, զինանշանին, հիմա Հայոց պատմության դասագրքին և Սահմանադրությանը։ Եթե թույլ տանք նաև այս վերջին երկու կետերը փոփոխել, ապա Ադրբեջանի պահանջները երբեք չեն դադարի։ Ալիևը հիմար չէ և տեսնում է, որ իր դիմաց մի թույլ մարդ է, ով պատրաստ է ամեն ինչ զիջել։ Ալիևն էլ օգտվում է նրա թուլությունից»,- եզրափակեց Սասունյանը։

Alpha News