ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԱՋԱԿՑՈՒԹՈՒՆ ԲԱՔՎԻՆ. ԻՆՉՈ՞Ւ ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԱՅՑԵԼԵՑ ԱՐՑԱԽ

«Ադրբեջանը ոչնչացնում է բռնազավթված Հադրութի մշակութային ժառանգությունը»: «Ադրբեջանը վանդալիզմի ակտ է իրականացրել Արցախի Հաթերք գյուղում»։ «Ադրբեջանցիները պղծել են Արցախի Հակակու գյուղի հուշահամալիրը»։ «Ադրբեջանը մտադիր է մզկիթի վերածել Բերձորի եկեղեցին»։ «Բաքվի հեռուստաալիքը ներկայացրել է Հառիճավանքը իբրև թուրք-քրիստոնեական վանք»։ «Հաղարծնի վանքը Բաքուն ներկայացնում է իբրև ալբանական» «Բաքուն պատմական ադրբեջանական տարածք է համարում Տաթևի վանքը»: «Հայաստանի բռնազավթման ծրագրերի համաձայն՝ Գոշավանքը, Ապարանի Սուրբ Պողոս-Պետրոս բազիլիկը և Ախթալայի Սուրբ Աստվածածին եկեղեցին պատկանում են «հին Ադրբեջանին»։

Այս կարգի վերնագրեր համացանցում հայտնվում են բառացիորեն ամեն օր և այլևս ոչ մեկին չեն զարմացնում: Տեղեկատվության աղբյուրներն ընդ որում տարբեր են. Monument Watch կազմակերպությունը, «Թաթոյան» հիմնադրամը, Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհուրդը, «Հայքի մշակույթի Օմբուդսմենը», ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը, ֆրանսիական Le Figaro թերթի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը... Օրերս հայտարարություն տարածեց ANCA-ն՝ ընդգծելով. «Բացահայտ վանդալիզմ, ատելություն ու թշնամանք քրիստոնեության, հայ մշակույթի նկատմամբ։ Եվ ադրբեջանցի բարբարոսները, բնականաբար, պետք է խանգարեին ՅՈՒՆԵՍԿՕ-ին շրջայց կատարել օկուպացված Արցախում»։

Արցախի մշակութային ժառանգությանը նվիրված հատուկ համաժողով է անցկացվել Եվրախորհրդարանում։ Ֆրանսիան ֆինանսավորել է Լեռնային Ղարաբաղում հուշարձանների ներկա վիճակի մասին տվյալների հավաքագրումը, հատուկ հայցով դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին և հայտարարել «պատմամշակութային ժառանգության պահպանման հարցում Հայաստանին աջակցելու» պատրաստակամության մասին: Նույնիսկ բացարձակ ամորֆ Հռոմի Պապն է կոչ արել պաշտպանել Արցախի «կրոնական ժառանգությունը» անցած տարվա աշնանը հայերի բռնի տեղահանումից հետո:

Տեղեկություններ հավաքող, ահազանգող և Արցախի եզակի հուշարձանները պահպանելու կոչ անող կազմակերպությունների ու գործիչների ցանկը կարելի է շարունակել: Բայց այս բազմաձայնության մեջ բացակայում է ամենակարևոր ձայնը, որը պետք է հնչեր ամենից բարձր, համառ ու պահանջկոտ. Հայաստանի Հանրապետության ձայնը: Այն պարզապես չի լսվում. գրեթե լռում են այսպես կոչված ԱԳՆ-ն, ԿԳՄՍՆ-ն ու ԱԺ-ն, ինչպես նաև պրոֆիլային հաստատություններն ու գիտական ինստիտուտները՝ Գիտությունների ակադեմիայի գլխավորությամբ։

Լիակատար տպավորություն է ստեղծվում, որ Եվրախորհրդարանի առանձին պատգամավորներին, միջազգային փորձագետներին, լրագրողներին ու պաշտոնյաներին հայոց պատմության, մշակույթի և արվեստի գանձերի պահպանման հարցը շատ ավելի է մտահոգում, քան հայաստանյան նշյալ կառույցների ներկայացուցիչներին: Եվ դա պարզապես տպավորություն չէ, այլ բազմաթիվ ապացույցներով հաստատված փաստ։

Օրինակ, 44-օրյա պատերազմից հետո Եվրախորհրդարանում թեմատիկ քննարկումներ և կոնֆերանսներ են անցկացվել մի քանի անգամ։ Հայաստանում՝ ոչ մի անգամ. ո՛չ գիտական, ո՛չ խորհրդարանական, ո՛չ կառավարական մակարդակով։ Բանաձևերի, հայտարարությունների, ուղերձների, իսկ առավել ևս պահանջների մասին խոսելն անգամ ավելորդ է. այդպիսիք չեն եղել ընդհանրապես։ ՀՀ պետական որևէ մարմին ոչ մի անգամ չի արձագանքել Ադրբեջանի կողմից վանդալիզմի, հայկական հուշարձանների պղծման, ոչնչացման, կեղծման և յուրացման հերթական դեպքի մասին հաղորդագրություններին:

Այս թեմայի մեջ ՀՀ ներկայացուցիչների ներկայության միակ դրսԵՎորումը մասնակցությունն է և հազվադեպ ելույթները միջազգային տարբեր հարթակներում, որտեղ այլ երկրների (բայց ոչ երբեք Հայաստանի) և կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից նախաձեռնվում է հարցի քննարկումը: Ինքնին հասկանալի է, որ արտասահմանյան գործուղումների մեկնել հայ պաշտոնյաները չեն հրաժարվում։

44-օրյա պատերազմի ավարտից անմիջապես հետո՝ 2020 թվականի դեկտեմբերի 20-ին, ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարեց Արցախի բռնազավթված շրջաններ անկախ փորձագիտական առաքելություն ուղարկելու մտադրության մասին՝ «առավել նշանակալի մշակութային արժեքների նախնական գույքագրման համար»։ Հաղորդագրության մեջ ասվում էր, որ «առաջարկը ստացել է Մինսկի խմբի համանախագահների լիակատար աջակցությունը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին սկզբունքային համաձայնությունը»:

2023-ի նոյեմբերին՝ ուղիղ երեք տարի անց հաղորդագրություն հայտնվեց այն մասին, որ «Ադրբեջանի իշխանությունները ստիպել են ՅՈՒՆԵՍԿՕ-ին հրաժարվել Լեռնային Ղարաբաղ կատարելիք այցից»։ Ըստ ԶԼՄ-ների, կազմակերպությունը մտադիր էր այցելել Ստեփանակերտ, որպեսզի գնահատի հայկական հուշարձանների վիճակը, իսկ Բաքվում պայման էին դրել փաստաթղթավորել Աղդամում «ավերածությունները հայկական օկուպացիայի ժամանակ»: Ըստ էության, Ադրբեջանի իշխանությունները շանտաժի ենթարկեցին միջազգային կազմակերպությանը՝ նրան կանգնեցնելով ընտրության առջև և այդպիսով ստիպելով հրաժարվել այցից։

Նշանակո՞ւմ է արդյոք դա, որ 3 տարի շարունակ նախապատրաստվող առաքելությունն ընդհանրապես չի կայանալու։ Անհասկանալի է։ ՀՀ իշխանությունները, բնականաբար, որևէ կերպ չարձագանքեցին և հստակություն չմտցրեցին այդ հարցում։ Հայաստանը, դատելով ամենից, այդ գործընթացում ընդհանրապես չկա, ոչ մի մակարդակով: Ասես, խոսքը հայկական քաղաքակրթական ժառանգության կարևորագույն շերտ կազմող անգին և հիրավի եզակի բազմաթիվ հուշարձանների մասին չէ։

Մինչդեռ թե՛ ԱԳՆ-ի, թե՛ մշակույթի նախարարության ներկայացուցիչները շարունակում են երդմնալի հավաստիացնել, թե իրենք անխոնջ, պարզապես թևքերը քշտած աշխատում են այդ հարցի շուրջ։ Անցած տարվա նոյեմբերին, երբ ընթանում էին 2024 թվականի պետբյուջեի քննարկումները, սկանդալային համբավ վայելող Ժաննա Անդրեասյանը փրփուրը բերանին միջոցներ էր պոկում իր ղեկավարած ԿԳՄՍՆ-ի համար՝ համոզելով բոլորին, թե «Երևանը հետամուտ է լինելու Բաքվի վրա միջազգային ճնշման ուժգնացմանը՝ Լեռնային Ղարաբաղում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման նպատակով»։

«Մեր առջեվ երկու հիմնական խնդիր է դրված. փաստահավաք առաքելություն ուղարկել՝ առկա օբյեկտները տեղում ֆիքսելու նպատակով, և բարձրացնել հանրային իրազեկվածության մակարդակը՝ Ադրբեջանի վրա ճնշումն ուժգնացնելու համար»,- հայտարարեց տիկինը, որը նախարարի պաշտոնում (իսկ մինչ այդ՝ փոխնախարարի) իր գործունեության մեկ տարվա ընթացքում աչքի չի ընկել այդ ուղղությամբ կատարած փոքրիշատե նկատելի աշխատանքով: Մինչդեռ նման աշխատանք վաղուց արդեն պետք է տանել ոչ միայն արցախյան ժառանգության, այլև բուն Հայաստանի տարածքում գտնվող հուշարձանների մասով, որոնց նկատմամբ Բաքուն ամեն օր նկրտումներ է ներկայացնում։ Բայց ԿԳՄՍՆ-ն համառորեն «չի նկատում» այդ նկրտումները, նույնիսկ երբ Բաքվի կեղծարարները բացահայտ նկարահանումներ են անցկացնում Երևանի հենց կենտրոնում՝ «Իրևանի թաքցված ժառանգությունը» անվանումով ֆիլմի համար։ Իսկ ըստ որոշ տվյալների՝ հենց ինքն է այդ նկարահանումները վերահսկում ու կազմակերպում։

Մի քանի օր առաջ փոխարտգործնախարարի աթոռը զբաղեցնող Կոստանյան ազգանունով երիտասարդը, ինքն էլ չնկատելով, ընդունեց իր գերատեսչության բացարձակ ապիկարության փաստը։ Վստահեցնելով, թե հարցը մնում է ԱԳՆ օրակարգում, նա հայտարարեց, որ 2020 թվականի նոյեմբերից իրենք ամեն ինչ անում են, որպեսզի ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունը կայանա։ Դատելով ամենից, տղան տեղյակ չէ առաքելության վերջնական ձախողման մասին:

Հիմա հարց. եթե նշյալ երկու գերատեսչություններն էլ այդքան համառորեն աշխատել են, որպեսզի ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների խմբի այցը կայանա, բայց 3 տարվա ընթացքում ոչնչի չեն հասել, ապա ի՞նչ արժեք ունեն դրանք ընդհանրապես: Ընդ որում, ընդգծենք, որ Հայաստանի կողմից էին տվյալ դեպքում և՛ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, և՛ գրեթե ողջ միջազգային հանրությունը, և՛ միջազգային իրավունքի նորմերը։ Բայց նույնիսկ նման պայմաններում փաշինյանական չինովնիկները բացարձակ անձեռնհաս, անճարակ ու անզոր գտնվեցին։

Բայց դա՝ իրենց վարկածով։ Իսկ մեր, շատ ավելի փաստարկված և բազմիցս հաստատված եզրակացությամբ՝ 3 տարվա ընթացքում որևէ աշխատանք ի սկզբանե չի տարվել և չի տարվում։ Ընդ որում՝ գիտակցաբար։ Դիտավորյալ: Միտումնավոր։ Եվ ոչ միայն բռնազավթված Արցախի, այլև բուն Հայաստանի ժառանգության պաշտպանության հարցում։