ԱԼԻԵՎԸ ԵՎ ԿՈԼՈՄԻՆԱՆ ԳՈՎՈՒՄ ԵՆ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ
Հայաստանի համար փետրվարի 1-ից ուժի մեջ է մտնում Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը։ Պաշտոնական Երևանը նախաձեռնեց ստատուտի վավերացումը հակառակ Մոսկվայի դիրքորոշման, որն այդ գործընթացն ընդունում է որպես ոչ բարեկամական քայլ, քանի որ ՄՔԴ-ն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալման օրդեր էր տվել։ Սակայն Հայաստանի իշխանությունները հավատացնում էին, թե ստատուտին միանալն անհրաժեշտ է, որպեսզի Ադրբեջանին պատասխանատվության ենթարկեն իր կատարած ռազմական հանցագործությունների համար։ Դե ինչ, տեսնենք, թե ինչպես է Երևանին հաջողվելու պատասխանատվության ենթարկել Իլհամ Ալիևին։
ԱՌԱՅԺՄ ՈՉ ԹԵ ԵՐԵՎԱՆՆ Է ՊԱՏԱՍԽԱՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԲԱՔՎԻՑ, ԱՅԼ ԲԱՔՈՒՆ Է, ՉԲԱՎԱՐԱՐՎԵԼՈՎ Արցախի էթնիկ զտումով և ցուցադրաբար անտեսելով միջազգային տարբեր հարթակներից հնչող կառուցողականության կոչերը, Երևանից պահանջում նոր միակողմանի զիջումներ։
Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ հանդիպման ժամանակ Իլհամ Ալիևը բացահայտ հայտարարեց, որ Հայաստանի հետ խաղաղության կարող է կնքվել միայն «Հայաստանի Սահմանադրության և այլ նորմատիվ-իրավական փաստաթղթերում փոփոխություններ մտցնելու» դեպքում։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, «նշելով Հայաստանում դրա շուտափույթ իրագործման կարևորությունը, պետության ղեկավարն ընդգծեց, որ ներկայումս Հայաստանում այդ թեմայով ներպետական խորհրդակցությունների մեկնարկը գնահատվում է որպես դրական քայլ, որը կարող է լավ հնարավորություն ստեղծել խաղաղության գործընթացի արագ ավարտման համար»։
Մշտական շանտաժի և սպառնալիքների այս պայմաններում Երևանի համար հրատապ են ոչ թե ՄՔԴ-ի միջոցով Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու միամիտ երազանքները, այլ պետության անվտանգության ապահովումը իրական հողի վրա։ Ինչի համար անհրաժեշտ է ռազմավարական հարաբերությունների վերականգնումը Ռուսաստանի հետ, ինչպեսև բովանդակալից մասնակցությունը ՀԱՊԿ-ի գործունեությանը։ Մանավանդ որ թե՛ պաշտոնական Մոսկվան, թե՛ՀԱՊԿ-ը Երևանին ուղարկում են ազդանշաններ, որոնք բացառում են երկակի մեկնությունը։
Մարիա Զախարովա. «Հարավային Կովկասում կայուն և հաստատուն խաղաղության հաստատման լավագույն երաշխիքը եռակողմ պայմանավորվածությունների շուտափույթ վերականգնումն է։ Դա Բաքվի ու Երևանի հաշտեցման անայլընտրանքային ճանապարհային քարտեզն է»։
Ռուսաստանի ԱԳՆ ՀԱՊԿ-ի հարցերով հատուկ հանձնարարություններով դեսպան Վիկտոր Վասիլև. «Ես չեմ կարող հրապարակել տեղեկատվությունը, որն ամենայն ակնհայտությամբ վկայում է, որ Հայաստանի անվտանգությունը, այդ թվում նաև ռազմատեխնիկական ոլորտում, հնարավոր չէ առանց ՀԱՊԿ-ի շրջանակներում համագործակցության»։
Այստեղ, ըստ էության, մի առանձնահատուկ գաղտնիք էլ չկա։ Հարկ չկա մեծ փորձագետ լինել և տիրապետել գաղտնի տեղեկատվության, որպեսզի հասկանաս՝ ՀԱՊԿ-ի գծով և այդ կազմակերպության առաջատար երկրի՝ Ռուսաստանի հետ երկկողմ պայմանավորվածությամբ Հայաստանին մատակարարվող զենքը Հայաստանի ԶՈՒ-ի ռազմատեխնիկական հագեցման հիմքն է։
Խնդիրն ակներև է. պաշտոնական Երևանը առաջնորդվում է հանրապետության ԶՈՒ-ի պաշտպանունակության աճի տրամաբանությամբ, թե՞ հնարավորինս ավելի շատ քայլեր կատարելու ցանկությամբ, որոնք կարող են մեկնաբանվել որպես հանրապետության արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն։
Հիշեցնենք, որ Հայաստանի և ՀԱՊԿ-ի հարաբերությունները սրվեցին 2022 թվականի նոյեմբերին, երբ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց ստորագրել ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության խորհրդի «Հայաստանի Հանրապետությանը օգնության ցուցաբերման համատեղ քայլերի մասին» հռչակագրի նախագիծը, քանի որ այդտեղ, Հայաստանի վարչապետի կարծիքով, բացակայում էր Լեռնային Ղարաբաղում հիրող իրավիճակի հստակ քաղաքական գնահատականը։ Մեկ տարի անց ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց ՀԱՊԿ-ի կազմից դուրս գալ Երևանին համոզելու նպատակով Բրյուսելի և Վաշինգտոնի ձեռնարկած քայլերի վերաբերյալ ռուսական կողմի ունեցած տեղեկատվության մասին։
Այսօր ՀԱՊԿ-ի կազմից Հայաստանի դուրս գալու հարց չկա, բայց պաշտոնական Երևանի բազմաթիվ քայլեր վկայում են, որ այդ սցենարը չի բացառվում, այդ պատճառով էլ Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Խավյեր Կոլոմինան խրախուսաբար է արտահայտվում Հայաստանի արտաքին քաղաքականության մասին, որն ուղղված է «ՆԱՏՕ-ի հետ մերձեցմանը»։