Միքայել ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՋԱՊԱՀՅԱՆ․ ՍՈՒԲՅԵԿՏԻՎՈՐԵՆ ԱՅՍՕՐ ԵՐԵՎԱՆԸ ՊԱՀԵԼՈՒ ԽՆԴԻՐ ԿԱ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արցախը մեզ համար կորած է, ով որ գա իշխանության պետք է այս ցավալի ճշմարտությունը ասի: Այս մասին «Ակունք» քաղաքական վերլուծությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռուբեն Հակոբյանի կազմակերպած քննարկման ժամանակ ասել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը:
«Հիմա մենք հանձնեցինք, այդ ճշմարտությունը այստեղից է սկսվում: Ով որ գա իշխանության, այս ցավալի ճշմարտությունը պիտի ասի, այլապես եթե ասենք՝ մենք գալիս ենք, Արցախը հետ ենք բերում, ղալաթ ենք անում: Ես էլի եմ ասել, օբյեկտիվորեն դա լիուլի հնարավոր է, Արցախը հետ բերելը չէ, Նախիջևանն էլ է հնարավոր հետ բերել, Կարսն ու Արդահանը, բայց դու պետք է հաշվի առնես սուբյեկտիվորեն ինչ վիճակում ես, իսկ այսօր սուբյեկտիվորեն դու Երևանը պահելու հարց ունես»,- ասել է նա:
Աջապահյանը նշում է, որ բոլորը սարսափում են պատերազմ բառից, բայց չեն հասկանում, որ այսօր պատերազմ է, բայց անզոհ պատերազմ:
«Տարածք ենք տալիս, զոհ չենք տալիս, սրան համաձայն ենք, բայց պետք է լիներ հակառակը՝ պիտի զոհ տայինք, բայց տարածք չպիտի տայինք: Մեր մտածողության մեջ պատերազմը զոհ տալն է, սա մեծագույն թյուըմբռնում է, պատերազմում են տարածք գրավելու, տարածք պահելու համար, անկախ զոհերից: Հայի մոտ լրիվ տարբեր է, 30 հազար փրկեցինք, հերոս է, չնայած չեն էլ փրկել, դա ուրիշ հարց է: Հայի մոտ ամեն ինչ սխալ է, հաղթանակը սխալ է, պարտությունը սխալ է, պետության հասկացղողությունը սխալ է, եկեղեցին սխալ է, չի հասկնաում, չի ճանաչում իր եկեղեցին, չի սիրում իր եկեղեցին, իր սեփականը: ուրեմն օբյեկտիվ իրականությունը սարսափելի վատ է, հայեր: Ես պեսիմիստ եմ, որովհետև 40 տարի աշխատում եմ էս ժողովրդի մեջ 0.4 տոկոս հաջողություն չենք գրանցել»,- ասում է նա: