ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ԱՆՓՈՓՈԽԵԼԻ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ Է ՈՒ ԿԱԽՎԱԾ ՉԷ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ
Անկախության հռչակագիրը իրավաբանորեն անփոփոխելի փաստաթուղթ է և կախված չէ Սահմանադրությունից։ Այս համոզման են հայ սահմանադրագետներ, իրավագիտության դոկտորներ Գ․ Հարությունյանը և Ա․ Ղամբարյանը։ Ընդ որում, այդ մասին նրանք նշել են դեռևս տարիներ առաջ։ Այսպես՝ Հռչակագրի ընդունման 20-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ իր զեկույցում ՀՀ Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը ընդգծել է՝ Անկախության հռչակագիրը «հայկական սահմանադրականության անբաժանելի մասն է» ։
Նկատենք, որ նա չի նշում՝ Հռչակագիրը Սահմանադրության կառուցվածքային մասն է, այլ՝ շեշտում, Անկախության հռչակագիրը սահմանադրականության անբաժանելի մասն է, իսկ «Սահմանադրությունը» և «սահմանադրականությունը» նույնական չեն։
Իսկ Ա․ Ղամբարյանը, ամենայն հավանականությամբ, նախազգալով այն, ինչ այսօր իշխանությունները ցանկանում են անել Անկախության հռչակագրի և ՀՀ Սահմանադրության հետ, դեռևս 2020թ․ թվականին իր գիտական հոդվածներից մեկում նշել է մի քանի թեզեր, որոնք ներկայումս հասարակությանը կօգնի գիտակցել Անկախության հռչակագրի և Սահմանադրության կապը․
1) Անկախության հռչակագիրը նախասահմանադրական փաստաթուղթ է, այն Սահմանադրության գոյարանն է, դրա արարման հենքը: Սահմանադրության նախաբանի սկիզբը վկայությունն է այն բանի, որ Անկախության հռչակագիրը Սահմանադրության նախասկիզբն է:
Անկախության հռչակագիրը ամրագրում է հայ պետականության և դրա պահպանության անմաշ (մշտնջենական) հիմունքները, որոնց վրա պետք է խարսխվի նաև ձևական իմաստով Սահմանադրությունը:
2) Անկախության հռչակագրի ճակատագիրը ինքնավար է ՀՀ Սահմանադրության ճակատագրից: Սահմանադրությունները, այդ թվում՝ նրանց նախաբանները փոփոխական են (շարադրվում են նոր խմբագրությամբ), Անկախության հռչակագիրը՝ անփոփոխ (անանց) է:
Անկախության հռչակագիրը իրավաբանորեն անփոփոխելի փաստաթուղթ է։ Հայ պետականության հավերժական և անծախ (անսպառ) երաշխիքը՝ Անկախության հռչակագիրը, չի կարող դադարել, այն չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն, այն հարատև գործող փաստաթուղթ է:
Անկախության հռչակագրի ինքնավարությունը և անփոփոխելիությունը հիմք են տալիս պնդելու, որ ժողովրդի պետականություն ունենալու իրավունքի նյութական կեցությունը անոչնչանալի է և կախված չէ Սահմանադրությունից:
Հայաստանի անկախության հռչակագիրը պետականաստեղծ (հիմնադիր) նշանակության ակտ է, ուստի այն պետք է ընկալել որպես պետականության պահպանման անանց (հավերժական) երաշխիք:
Նոր Սահմանադրություն ընդունելու և Անկախության հռչակագրի գոյությունը դադարեցնելու ներկայիս իշխանության վտանգավոր նախաձեռնությունների ֆոնին Գ․ Հարությունյանի և Ա․ Ղամբարյանի այս թեզերը վկայում են՝ անկախ նրանից, թե որևէ քաղաքական ուժ ին՞չ կանի թղթերի հետ, միևնույնն է, չեն կարող փոխել ազգային իրավունքի բնույթը։
Ասել է, թե՝ եթե անգամ այսօրվա իշխանությունը հասնի նոր Սահմանադրության ընդունմանը ու նախաբանից հանի Անկախության հռչակագրի վրա հղումը, միևնույն է, Հռչակագիրը շարունակելու է իր գերակայող գոյությունը։