Ե՛Վ ԿԱՑԻՆԸ, Ե՛Վ ՉԱԳՈՒՃԸ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԵՆ ՀԱՅԵՐԻ ԳԼՈՒԽՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Փետրվարի 4-ից մինչև գարնան վերջ կշարունակվեն սառը պատերազմի ավարտից հետո ՆԱՏՕ-ի ամենածավալուն զորավարժությունները՝ 90-հազարանոց զորախմբի, 50 նավերի, 80 ինքնաթիռների և այլ սպառազինության ընդգրկմամբ: Զորավարժությունները կապված են ՌԴ-ի հրթիռային հարվածների դեպքում Եվրոպայի երկրների պատասխան միջոցների հետ։ Այն մասին, որ ԱՄՆ-ի քարոզչությունն ուռճացնում է ռուսական սպառնալիքի շուրջ առասպելը, որպեսզի շարունակի ԵՄ-ից գումար քամել Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու համար, բաց տեքստով խոսում են ոչ միայն ՌԴ-ում, այլև ողջ աշխարհում։
ՆԱՏՕ-ի զորավարժությունները եվ հրթիռային հարվածների թեմայով հիստերիան կոչված են պահել եվրոպացի հարկատուներին Սպիտակ տան քաղաքականության հունում, սակայն Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում և Բելգիայում ֆերմերների ակցիաները վկայում են այն մասին, որ միջոցների ձեռնարկումը փոքր-ինչ ուշացել է: Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովն անցավ ֆերմերների պաշարման պայմաններում։ Օրակարգում Ուկրաինային հատկացվելիք օգնության այն փաթեթն էր (50 մլրդ), որին դեմ էր Վիկտոր Օրբանը, մինչև որ նրան «համոզեցին»...
Լեհաստանում, Ռումինիայում և Հունգարիայում, ակնհայտորեն առաջ անցնելով իրադարձություններից, խոսում են Ուկրաինայի նկատմամբ տարածքային նկրտումների մասին՝ հիշատակելով Լվովը, Բեսարաբիան, Բուկովինան, Անդրկարպատները և այլն։ Ընդ որում պատճառաբանում են, թե Ուկրաինայի յուրաժամանակ մասնատումը, իբր, կկրճատի դեպի Եվրոպա հետագա առաջխաղացման ՌԴ հնարավորությունները։ Հատուկ գործողության գոտում իրավիճակն առաջվա պես արձանագրում է Ուկրաինայի զինված ուժերի անհաջողություններ, սակայն համաշխարհային դերակատարների ուշադրությունն արդեն անցել է Տեխասում տիրող իրավիճակին և Սպիտակ տուն Դոնալդ Թրամփի վերադարձի աճող հնարավորություններին:
Ուկրաինայում ժողովրդավարության պաշտպանության մասին պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ցուցանշական հայտարարությունը («այլապես Պուտինը կարող է Ուկրաինայից ավելի երկար դիմանալ») արժանի է ուշադրության ՀՀ կենսական շահերի տեսանկյունից։ Չհարձակման և սպառազինությունների փոխադարձ վերահսկողության մասին դաշնագրի ստորագրման վերաբերյալ Փաշինյանի առաջարկները թելադրված են խոր շփոթմունքով՝ կապված խաղաղության միջպետական համաձայնագիրը ստորագրելուց Ալիևի հրաժարման հետ։ Բաքվի դիրքորոշումը 2024 թվականին արմատապես քանդեց և ի չիք դարձրեց ՀՀ իշխող ռեժիմի հռետորաբանությունը համաձայնագրի շուտափույթ (2023թ. վերջին - 2024թ. սկզբին) ստորագրման թեմայով։
Այս ձախողումը Փաշինյանի թիմակիցները փորձում են ներկայացնել իբրև տուրք նախընտրական քարոզչությանը։ Իրականում, Ալիևի դիրքորոշումը վկայում է Սյունիք ներխուժման սպառնալիքի աճի մասին, չնայած Բաքվի ռեժիմի դեմ եվրոպական հանրության վերջին քայլերին, ներառյալ կոռուպցիայի բացահայտման գործընթացը, ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելն ու եվրոպացի դիտորդների հրաժարումը փետրվարի 7-ի ընտրություններին ներկա լինելուց:
«Ալիևի ընտրությունը հօգուտ ՌԴ-ի խոր արմատներ ունի. Ադրբեջանը Էնվեր փաշայի և Ստալինի համատեղ արգասիքն է, ՌԴ-ի հետ այն կապված է ամուր պորտալարով»,- փաստեց վերլուծաբան և սոցիոլոգ Կարեն Սարգսյանը: Նրա խոսքերով, ներկայումս Մոսկվան զբաղված է համաշխարհային անվտանգության գործող համակարգի ոչնչացմամբ, սակայն շահագրգռված չէ Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայով: Սա վիճելի հայտարարություն է, քանի որ ՌԴ-ի նման դիրքորոշումն արդիական է լոկ այնքան ժամանակ, քանի դեռ Փաշինյանի ռեժիմը տեսանելի քայլեր չի ձեռնարկել ՆԱՏՕ-ի հետ մերձեցման ուղղությամբ…
Իր հերթին՝ Փաշինյանը, վերլուծաբանի գնահատմամբ, անում է ամեն հնարավորը, որպեսզի Ալիևին չտա չնչին իսկ կազուս բելլի (պատերազմի առիթ): Սարգսյանը վստահ է, որ ընտրությունների նախօրեին Ալիևը հայտնվել է շատ բարդ կացության մեջ, երբ վախենում է ոչ միայն սեփական ժողովրդից, այլև դաշնակիցներից՝ ի դեմս Թուրքիայի և ՌԴ-ի: Այսօր, Սարգսյանի գնահատմամբ, Ալիևի և Փաշաևայի կլանների բռնապետության ներքո Ադրբեջանը պետք է միայն Իսրայելին՝ որպես հարմար հենահարթակ Իրանին հարվածելու համար։
Թուրքիայի խորհրդարանի պաշտպանական հանձնաժողովի նախագահ, նույն ինքը՝ պաշտպանության նախկին նախարար Հուլուսի Աքարը Ալիևին կացին հանձնեց։ ՀՀ-ում պաշտոնական մակարդակով այդ փաստին արձագանքեց միայն փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը՝ հայտարարելով, որ Թուրքիան կարող էր ավելի կառուցողական դեր ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործում: Պաշտպանության նախկին նախարարի սպառնալիքներին, թե Հայաստանը պետք է օր առաջ ընդունի Ադրբեջանի մեկնած խաղաղության ձեռքը, հակառակ դեպքում լուրջ վնասներ կկրի՝ ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ, ոչ ոք չպատասխանեց։
Շատերը Ալիևին հանձնած կացինը համեմատեցին այն չագուճի հետ, որով Փաշինյանը սպառնում էր իր քաղաքական հակառակորդներին 2021 թվականի հունիսի 20-ի ընտրություններից առաջ՝ քարոզչության եզրափակիչ փուլում։ Տարբերությունը միայն չափերն են, իսկ նմանությունն այն է, որ երկու իրերն էլ նախատեսված էին հայերի գլուխների համար։ Փաշինյանը, հիշեցնեմ, խոստացավ պետական դրոշի գույների ժապավեններով զարդարած չագուճով ջարդել ընդդիմության ներկայացուցիչների գլուխը։ Ո՞վ կհավատա, թե դա պատահական զուգադիպություն է. Փաշինյանին արտահերթ ընտրություններից առաջ չագուճ են նվիրում, իսկ Ալիևին՝ կացին..
Մինչ Փարիզի արվարձաններում բարիկադներ են այրվում (տրակտորային պատերազմ), համաշխարհային ազդեցիկ պարբերականները փաստում են, որ ԱՄՆ-ի փորձերը՝ պատժամիջոցներով խեղդելու ռուսական տնտեսությունն այն աստիճան, որ ՌԴ բնակչությունը դուրս գա փողոց ու տապալի Պուտինի ռեժիմը, հանգեցրին եվրոպական տնտեսությունների փլուզման։ Առաջատար մասնագետներն այս օրերին փաստում են, որ ՌԴ-ի դեմ պատժամիջոցները գրեթե ամբողջությամբ խեղդել են Եվրոպան, իսկ հայտնի տնտեսագետ Նասիմ Թալեբն օրերս աշխարհին տեղեկացրեց, որ «ԱՄՆ-ի տնտեսությունը կարող է փրկվել միայն հրաշքով»: Այլ կերպ ասած, արևմտյան աշխարհը ցնցվում է ճգնաժամերից, իսկ ՀՀ իշխող ռեժիմը շարունակում է շարժվել ԱՄՆ-ին և ԵՄ-ին ինտեգրվելու ուղեգծով, անտեսելով ակնհայտ միտումները…
Չնայած ԵՄ անդամ երկրների կառավարությունների դեմ բողոքի զանգվածային ակցիաներին, Բայդենի վարչակազմը շարունակում է Կիևի ռեժիմին աջակցելու համար Եվրոպայից քամել վերջին հյութերը՝ փողի և սպառազինության տեսքով։ Բանը հասել է զառանցալի դավադրության այն գաղափարի կողմնակիցների թվի սպառնալից աճին, թե իբր՝ ՌԴ-ն ու Չինաստանը ԱՄՆ-ի հետ գաղտնի համաձայնագիր են կնքել Եվրոպան ոչնչացնելու նպատակով։
Լեհաստանի ցամաքային զորքերի հրամանատար Վոլդեմար Սկժիպչակն օրերս հարց հնչեցրեց. «Ո՞ւր են գնում այն գումարները, որոնք որպես օգնություն հատկացվում են Ուկրաինային»։ Հարցը միլիարդների ոչ նպատակային ծախսման վերաբերյալ Պենտագոնի և Կոնգրեսի ընթացիկ աուդիտների ոգով է։
Համատարած ճգնաժամի խորապատկերին ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բըրնսի հայտարարությունը «ահագնացման ռիսկերի մասին, որոնք չպետք է խոչընդոտեն Ուկրաինայի փորձերին ոչ միայն առաջնագծում, այլև Ռուսաստանի Դաշնության թիկունքում», շատ թափանցիկ կերպով ցույց տվեց հատուկ գործողության ընթացքը փոխելու փորձի ԱՄՆ ռազմական մեքենայի ուղեգիծը: Այդ նպատակով Ուկրաինա կբերվեն նոր գերժամանակակից հրթիռներ, որոնք թույլ կտան Ուկրաինայի զինված ուժերին հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքի խորքեր։
ԱՄՆ 26 ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՆԵՐ ԱՋԱԿՑԵԼ ԵՆ ՏԵԽԱՍՈՒՄ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԵԼՈՒՅԹՆԵՐԻՆ։ Ակներև է նախընտրական տրոհումը հանրապետական և դեմոկրատական նահանգների։ ԱՄՆ նախագահական ընտրություններից 10 ամիս առաջ ծայրաստիճան սրվել են հակասությունները, որոնք չեն կարգավորվում 100 տարի շարունակ։ Ազդեցիկ քաղաքագետները մատնանշում են, որ բազմաբևեռ աշխարհն արդեն իրականություն է։ Ադրբեջանը որպես նեցուկ է ընտրել ՌԴ-ին, Փաշինյանի ռեժիմը պատրաստակամություն է ցուցաբերում ինտեգրվելու հավաքական Արևմուտքի անվտանգության համակարգին, որը ցնցվում է բազմաթիվ հակասություններից, ինչը կտևի մինչև ԱՄՆ նախագահական ընտրություններ, եթե ոչ ավելի երկար…
Մոսկվային դա խիստ նյարդայնացնում է, ինչի մասին վկայում է Սերգեյ Լավրովի հայտարարությունը՝ ՌԴ հարթակում խաղաղության համաձայնագիր ստորագրելու Ադրբեջանի պատրաստակամության մասին: Ալիևը չմեկնեց Գրանադա և Բրյուսել, չնայած ձեռք բերված պայմանավորվածություններին։ Օրերս նա հնչեցրեց այն պայմանը, որը կատարելու դեպքում պատրաստ է համաձայնագիր ստորագրել ՀՀ-ի հետ։ Ստացվում է, որ Լավրովն այնքան էլ մոտ չէր ճշմարտությանը, երբ խոսում էր Ալիևի պատրաստակամության մասին։ Ալիևը, ինչպես պարզվեց, ժամանակ է ձգում, պայմաններ առաջադրում և մտադիր է սպասել մինչև Հայաստանում նոր Սահմանադրության նախագծի ընդունման հանրաքվե, դե, կամ ԱՄՆ նախագահական ընտրություններ։ Փաշինյանը նոր Հիմնական օրենքի նախագիծը հանրաքվեի կդնի Ալիևի հավանությունը ստանալուց անմիջապես հետո։
Ինչպես հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, խնդիրն ամենևին էլ հարթակները չեն, այլ Ալիևի պատրաստակամությունը, ավելի ճիշտ ՝ դրա բացակայությունը: Ռեժիմի խաղաղության օրակարգը տապալվել է, դրան փոխարինելու է եկել նոր զիջումներ անելու Փաշինյանի ՝ պատրաստակամությունը, սակայն Ալիևը դժվար թե սահմանափակվի պատմության դասագրքերի փոփոխմամբ և նոր Սահմանադրության նախագծով։ Խոսքը կվերաբերի «անկլավներին» ու «Զանգեզուրի միջանցքին», բայց Փաշինյանը քաղաքական ընդդիմախոսներին պատասխանում է, թե խաղաղության օրակարգին այլընտրանք չկա։
Բաժանարար գծերը, որոնք արդեն ուրվագծվել են նոր բազմաբևեռ աշխարհում, կարող են մոտ ապագայում վերջնականապես պոկել ՀՀ-ն ՌԴ-ից, ինչն անխուսափելի կդարձնի Ալիևի ագրեսիան Սյունիքի դեմ։ Պետական խորհրդանիշների՝ Օրհներգի և Զինանշանի փոփոխումը, դժգոհությունը Հիմնական օրենքի նախաբանից և պատմության դասագրքերի անվանումը փոխելու փորձը այսբերգի լոկ տեսանելի մասն են: Իսկ թաքնված մասում հավաքական Արևմուտքի փորձն է՝ արդեն ընթացիկ տարում հասնելու ՀՀ-ի վերջնական ելքին ՀԱՊԿ-ի կազմից. այն կազմակերպության, որն աշխարհում անվանում են ոչ այլ կերպ, քան «Պուտինի ՆԱՏՕ»։
Ուկրաինայի զինված ուժերի կողմից ՌԴ տարածքի հրթիռակոծման փուլում Փաշինյանի այս քայլը կարձակի Ադրբեջանի ձեռքերը Սյունիք ներխուժելու համար։ Եթե Արցախում էթնիկ զտումները չեն հանգեցրել բնակչության իսպառ ոչնչացման, ապա այս անգամ Ալիևը գործելու է առանձնակի դաժանությամբ (ևս մեկ հղում կացնին): Իր հերթին, ՀԱՊԿ-ին ՀՀ-ի սառեցված կամ դադարեցված անդամակցումը թույլ չի տա իշխող վերնախավին դիմել կազմակերպությանն ու Կրեմլին՝ ագրեսորին զսպելու համար ռազմական օգնություն ցուցաբերելու խնդրանքով:
Թե ինչպես կվարվի հավաքական Արևմուտքը նման իրավիճակում, ամենևին էլ Նյուտոնի բինոմը չէ։ Արձագանքը կլինի նույնը, ինչ 2020թ. թուրք-ադրբեջանական տանդեմի 44-օրյա ագրեսիային և 2023թ. Արցախում էթնիկ զտումներին: 44-օրյա պատերազմի ժամանակ Թրամփի վարչակազմը մատը մատին չտվեց՝ ԻԼԻՊ-ի վարձկանների ներգրավմամբ թուրք-ադրբեջանական տանդեմի ռազմական գործողությունները դադարեցնելու համար: ԱՄՆ-ը և ԵՄ-ն շահագրգռված են միայն ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերությունների խզմամբ, և նրանք խորապես թքած ունեն հետևանքների վրա. կարևորը ՀՀ-ին ՀԱՊԿ-ից դուրս բերելն ու Գյումրիից 102-րդ ռազմաբազայի փակման թեման բարձրացնելն է, որը հազիվ թե մի կողմ քաշվի Իրանի դեմ ռազմական գործողությունների դեպքում։ Ալիևը, հիշեցնեմ, Արևմուտքի առջև պարտավորություններ հանձն առավ չդիմել հարցի ուժային լուծման, իսկ հետո խախտեց դրանք, նկատեք, անպատիժ…