Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆԻՑ ԱՆՑՆՈՒՄ ԵՆ ՈՒՂՂԱՀԱՅԱՑԻ

Զիջումների քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունները հորիզոնականից վերածվում են ուղղահայացի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Սահմանադրության հետ կապված այս գործընթացը եկել, հասել է մի եզրագծի, որից այն կողմ արդեն ավելի վատ բան պատկերացնելու իմաստ չկա, որովհետև դրանից հետո ամեն ինչ վերջանալու է։ Որովհետև այն, ինչին ուզում է հասնել Ադրբեջանը, ուղիղ վերահսկողությունն է բոլորիս նկատմամբ։ Այդ ժամանակ, եթե նույնիսկ լինի պայմանական Հայաստանի Հանրապետություն պետություն, դու արդեն կանես այն, ինչ կասի Ադրբեջանը։ Երբ դու ամենինչ զիջում ես` քո ինքնությունից սկսած, վերջացրած քո անվտանգությամբ, դա, բնականաբար, բերում է երկրի ամբողջական կապիտուլացիայի»,-նշեց Աբրահամյանը։

Նա կարծում է, որ Հայաստանի իշխանությունները հույսը դնում են քաղաքացիների «ստամոքսային» մտածողության վրա, ինչն այնքան է գերիշխում, որ կարելի է այդ նպատակով մի քանի «սոցիալական փուչիկ» ստեղծել և արանքում զիջումների գնալ պետության համար ցանկացած առանցքային հարցում։

«Ներկայիս իշխող ուժի համար գլխավորը իշխանությունը պահպանելն է։ Այս փուլում Հայաստանի կառավարությունն ինչ-որ զիջումների կգնա, ինչը նրանց համար ժամանակի պաշար կստեղծի և թույլ կտա իշխանությունը մի քանի տարով երկարացնել։ Իսկ հաջորդ փուլում կրկին նոր զիջումներ կլինեն։ Արդյունքում կհայտնվենք մի իրավիճակում, երբ այլևս զիջելու բան չի մնա։ Ցավոք, մենք մոտենում ենք այդ կետին։ Կան մարդիկ, որոնք սահմանափակվում են «ստամոքսային» մտածողությամբ։ Բայց այն, ինչ պատրաստվում է իրականացնել Ադրբեջանը, կհարվածի նաև նրանց ստամոքսներին»,-նկատում է ընդդիմադիր պատգամավորը։

Նրա խոսքով՝ իշխանությունը հենց սկզբից էլ գնացել է խաբեության ճանապարհով, ի սկզբանե հասկանալի էր, որ անվերջ զիջումների գործընթացի տակ դանդաղ գործող ռումբ է դրված։ Երբ մեկ-մեկուկես ամսվա ընթացքում սահմանադրական բարեփոխումների մասին խոսույթն ակտիվորեն առաջ էր մղվում հասարակության մեջ, Հայաստանի իշխանությունները պնդում էին, թե Ադրբեջանը դրա հետ ոչ մի կապ չունի։

Բայց ինչ-որ պահի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես եկավ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջով: Գրեթե միաժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց տվեց Հանրային ռադիոյին և վերահաստատեց այդ հարցում Ադրբեջանի պահանջները:

«Նիկոլ Փաշինյանը ինչ–որ տարօրինակ ցլերի օրինակով ուզում է ներկայացնել իրավիճակը։ Առաջին հարցը, որ ուզում ես տալ՝ ո՞րն էր ինչ-որ տարբեր դերերի մեջ մտնելով` սահմանադրական գործընթացը լրիվ այլ քողի ներքո ներկայացնելու փորձերի իմաստը»,-ասաց Sputnik Արմենիայի զրուցակիցը։

Աբրահամյանի կարծիքով՝ կառավարության ղեկավարի հայտարարությունների էությունն այն է, որ մենք պետք է ուրանանք մեր պետությունը, պատմությունը, բայց նույնիսկ այդ պայմաններով նա չի երաշխավորում, որ պատերազմ չի լինի: Աբրահամյանը նկատում է, որ նման ուղերձ ստացող քաղաքացիները պետք է մտածեն, թե արդյոք իմաստ ունի՞ ծնկի գալ Ադրբեջանի առաջ, եթե դրանից հետո էլ իրենց չեն կարող խոստանալ, որ խաղաղություն կլինի: Չէ՞ որ հասարակությունը նոր զիջման դիմաց ոչինչ չի ստանա։

«Աշխարհում շատ դժվար է գտնել մի երկիր, որը խաղաղության է հասել՝ ի սկզբանե զիջելով բառացիորեն ամեն ինչում։ Խաղաղության հասնում են անվտանգության որոշակի մակարդակ ապահովելով։ Իշխանությունն ասում է, որ անվտանգության ապահովման համար աշխատում են միջազգային գործընկերների հետ։ Ինչո՞վ է արտահայտվում այդ աշխատանքը: Դաշնակիցների հետ փոխգործակցության ոչնչացումո՞վ, որոնց հետ հարաբերությունները հասել են պատմական նվազագույնի: Ինչ-որ բողոքներ են ներկայացնում, ասում են, որ Ռուսաստանը չի արդարացրել սպասելիքները։ Եկեք պրագմատիկ նայենք իրավիճակին։ Պետք է խոստովանել, որ Ռուսաստանը տարածաշրջանի թիվ մեկ խաղացողն է։ Ինչպե՞ս կարելի է այդ մասին իմանալով` փչացնել հարաբերությունները նման երկրի հետ։ Առավել ևս՝ շանտաժ և այլ կեղտոտ մանիպուլյացիաներ կիրառելով»,-ասում է Աբրահամյանը։

Քաղաքական գործիչը նշում է, որ միջազգային գործընկերների հետ հարաբերություններում իշխանությունները Հայաստանը հասցրել են փորձադաշտի կարգավիճակի։ Ընդ որում, թե ով և ում է հարվածելու Հայաստանի միջոցով, արդեն երկրորդական հարց է։ Նա երկրի առջև ծառացած առաջնահերթ խնդիրը համարում է այդ վիճակից դուրս գալը։ Սակայն, նրա խոսքով, առայժմ հայաստանյան իշխանությունները լրիվ ուրիշ բանով են զբաղված։

«Այս իրավիճակում, կարծում եմ, իշխանությունը մի խնդիր ունի։ Միանգամից մտածում են, թե մոտավորապես ովքեր են դիմադրելու սահմանադրական բարեփոխումներին, ինչ անել այդ խմբերին զսպելու համար։ Ինչպես մտածել այնպիսի լկտի ստեր, որոնք թե՛ շատ կքննարկվեն, թե՛ թեման այլ ուղղությամբ կտանեն։ Ձեռքի հետ էլ քաղաքական հակառակորդներին կա՛մ կնստացնեն, կա՛մ քրեական հետապնդման կենթարկեն։ Կստանան, կմատուցեն ու կստիպեն ընդունել մի փաստաթուղթ, որը հարիր է այս իշխանությանը, սինխրոն՝ ադրբեջանական և թուրքական իշխանություններին»,-ընդգծեց պատգամավորը։

Նա Հայաստանի ներկայիս իշխանությունները «նվեր» է համարում Թուրքիայի և Ադրբեջանի համար, որոնք փորձում են այս իրավիճակից առավելագույնը քաղել, ստանալ այն, ինչի մասին 15-20 տարի առաջ չէին էլ երազում։ Մասնավորապես, Ադրբեջանը բացահայտ հայտարարում է, որ «սահմանազատման և սահմանագծման» շրջանակներում պետք է իրականացվի սահմանների հստակեցում, ընդ որում՝ տարբեր քարտեզներով։ Այսինքն՝ սահմանի այս կամ այն հատվածը ճշտելիս հաշվի կառնվեն այն քարտեզները, որոնցով Ադրբեջանին կարող է ավելի մեծ կտոր բաժին հասնել։

«Նախորդ տարիներին ադրբեջանցիների մտքով անգամ չէր անցնում, որ մեր երկրի առաջ կարելի է նման պահանջներ դնել։ Ինչո՞ւ նախկինում՝ 2001, 2005, 2015 թվականներին բանակցություններում չէր դրվում Սահմանադրության փոփոխության կամ Սևանա լիճ դուրս գալու հարցը։ Ինչո՞ւ Սյունիքով միջանցքի հարց չկար։ Որովհետև Ադրբեջանը հասկանում էր, որ Հայաստանի իշխանությունները գիտեն, թե առաջին հերթին ուր պետք է ուղղել ռեսուրսները։ Իսկ հիմա մենք ամեն ինչ կորցրել ենք, բարոյալքել ենք բանակը, այն հիմնական ռեսուրսները, որոնք պետք է ուղղենք զինված ուժերի կարիքներին, ուղղում ենք ուր ասես, միայն ոչ անվտանգության համակարգին»,-նշեց պատգամավորը։

Ամփոփելով, խմբակցության քարտուղարը եզրակացրեց, որ խաղաղության պետք է գնալ՝ զինված ուժերի և առհասարակ անվտանգության համակարգի մակարդակը բարձրացնելով այնպիսի մակարդակի, որ Հայաստանի հակառակորդների մոտ առճակատման մեջ մտնելու ցանկություն չառաջանա: Կամ էլ, եթե մտնեն, արժանի պատասխան ստանան։

Այլ տարբերակ Աբրահամյանը չի տեսնում։

Sputnik Արմենիա