ԵԹԵ ՆՈՒՅՆԻՍԿ ԹՈՒՐՔԻԱՆ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉՊԱՀԱՆՋԵԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼ, ՍԱ ՄՈԳՈՆԵԼՈՒ ԷՐ. ԲԱԳՐԱՏՅԱՆԸ՝ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԱՍԻՆ

Այս մարդն ամեն անգամ մի բան նախաձեռնելու է. չի ստացվում: Այս մասին այսօր՝ փետրվարի 8-ին, «Միասին» շարժման կազմակերպած քննարկման ժամանակ նշեց ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը:

«Մի կարծեք, թե մեր հավաքները նշանակություն չունեն, ինքը չի կարողանում հաղթահարել և Հայաստանն օտարել Ռուսաստանից և Իրանից: Իհարկե, Արևմուտքը միասեռ չէ, բայց անընդհատ էս մարդուն ասում են՝ մի բան մոգոնիր, գրգռիր էս ազգին: Այդպիսին Սահմանադրական փոփոխություններն են: Ի՞նչ է փոխում, ինչու է փոխում:

Հայտարարում է, որ մեր օրհներգում կա «թշնամի» բառը, դա անընդունելի է: Ես նույնիսկ կասկածում եմ, որ Ադրբեջանն ու Թուրքիան պահանջում են այդ փոփոխությունները: Նրանք չպահանջեին, սա մոգոնելու էր: Մենք գործ ունենք խորապես այլասերված, խորապես պատրաստ մինչև վերջ մեզ դավաճանելու մարդու հետ:

Ես եկել եմ այն եզրակացության, որ եթե մարդը սկսում է դավաճանելու գործընթացը, իրեն կանգնեցնելն անհնար է: Էլ բարոյականության նորմ չկա: Սրանից հետո զիջումները դարձնելու են անկառավարելի և մեր պետականությանը հետ վերադառնալու կետը մենք անցնելու ենք»,- հայտարարեց Հրանտ Բագրատյանը:

Նա հավելեց, որ սահմանադրական բարեփոխումները ևս մտածված են Հայաստանի սահմաններից դուրս:

News.am